ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային Ժողովում

Թեեւ հոկտեմբերի 11-ին Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից ազատվելու համար, սակայն խորհրդարանի շենքի՝ նրա աշխատասենյակի այս ցուցանակը դեռեւս փակցված է դռան մոտ:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ սփյուռքահայ դիմորդներն ի՞նչ արտոնություններ ունեն հայաստանյան բուհերում սովորելու հարցում:

Իռեն Գալստյան (56 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Բացի Հայաստանում բուհական ընդունելության ընդհանուր կարգից՝ սփյուռքահայ դիմորդները կարող են ընդունվել օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված հատուկ կարգով: Յուրաքանչյուր տարի, հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ ԿԳ նախարարություն կամ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դիմորդը կարող է ընդունվել ՀՀ բուհերի ցանկացած ֆակուլտետի նախապատրաստական բաժին՝ հայոց լեզուն եւ մասնագիտական առարկաները ուսումնասիրելու նպատակով եւ տարեվերջում քննությունները բարեհաջող հանձնելով՝ շարունակել իր ուսումը, կամ անցնել հարցազրույց ընդունելության համար նախատեսված առարկաներից եւ բավարար գիտելիքների առկայության դեպքում անմիջապես ընդունվել համապատասխան ֆակուլտետի 1 կուրս:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելն արգելվում է:

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ անձը վարչական դատարան դիմելուց հետո վերափորձաքննության նպատակով կարո՞ղ է կրկին դիմել տարածքային մարմին, թե՞ ոչ:

Ելենա Ջահուկյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Ջահուկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե անձը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, եւ նրա հայցն ընդդեմ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մերժվել է, ապա նա չի կարող նորից վերադասության կարգով բողոք ներկայացնել եւ կրկին ենթարկվել վերափորձաքննության, քանի որ միեւնույն անձի, միեւնույն առարկայի վերաբերյալ եւ միեւնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտի առկայության դեպքում վարչական վարույթը կարճվում է: (Հիմք՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետ):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում գրանցված ավելի քան 200.000 հաշմանդամություն ունեցող անձից 136.713-ն անժամկետ հաշմանդամություն ունեցող անձիք են: Ի դեպ, մոտ 70.000 հաշմանդամություն ունեցող անձ ամեն տարի փորձաքննություն է անցնում, եւ որոշվում է՝ արդյոք անձը կրկին պետք է գրանցվի իբրեւ հաշմանդամ, թե ոչ: Նշենք, որ Ռուսաստանի հետ համեմատ, որտեղ կենսամակարդակը ավելի բարձր է, քան Հայաստանում, բնակչության մեջ հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են 10.26%, ինչը գրեթե 50%-ով ավել է, քան Հայաստանում: Իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը կազմում է ՌԴ բնակչության 1.97%, այս ցուցանիշը եւս գրեթե երկու անգամ ավել է, քան Հայաստանում:




Լրահոս