ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը փայլուն տիրապետում են զինատեսակներին: Այս մասին «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ԶՈՒ Հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության շտաբի պետ, գնդապետ Արտավազդ Յաղմուրյանն` անդրադառնալով այն հարցադրումներին, թե որքանով են հայ մասնագետները տիրապետում «Իսկանդեր» հրթիռային համակարգին:
«Իսկանդեր համակարգերը ձեռքբերելուց առաջ, իրականացվել է ձևավորված ստորաբաժանումների վերապատրաստում: Նոր դրանից հետո պատրաստված անձնակազմը Հայաստանում ընդունել է տեխնիկան: Կիրառման համար ոչ մի բարդություն չկա: Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե
որտեղ է կայացվում զենքի կիրառման որոշումը, ապա կարող եմ ասել, որ Երևանում»,-ասաց Արտավազդ Յաղմուրյանը:
Նա նշեց, որ հայկական Զինված ուժերում «Իսկանդեր»ի առկայությունը հակառակորդին զսպող գործոն է: Ըստ նրա` հակառակորդն այս հանգամանքը պետք է հաշվի առնի, որևէ գործողություն սկսելուց առաջ: «Իսկանդերի հասցրած ավերածությունների մասշտաբը պատկերացնելու համար ներկայացնեմ օրինակ.
152 մմ տրամաչափով հրանոթից արձակված մեկ արկը կշռում է 54 կգ, որով հնարավոր է ավերել մի ամբողջ ինժեներական կառույց: «Իսկանդեր»ի մարտական մասի քաշը կես տոննա է և կարող է ճշգրիտ հարված հասցնել 280 կմ հեռավորության վրա: Հիմա պատկերացրեք, թե ինչպիսի ավերածություններ կարող են լինել»,ասաց Արտավազդ Յաղմուրյանն` ընդգծելով, որ «Իսկանդեր»ը գործնականում հայտնաբերել ու խոցել հնարավոր չէ:
ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման եւ պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը նշեց, որ պատերազմում հաղթելու կարևոր գործոններից է նաև այն, որ զինատեսակները ճշգրիտ են կիրառվում: Նրա խոսքով, հայ մասնագետները փայլուն տիրապետում են զինատեսակներին:
«Ամենակարևոր հանգամանքը զենքին լիարժեք տիրապետելն է, ամենօրյա մարտական պատրաստվածությամբ զբաղվելն է: Մենք, ինչպես նաև մեր ենթականերն ամեն օր սովորում ենք: Ի դեպ, ապրիլյան պատերազմը նույնպես ինչոր առումով ուսանելի էր, դասեր քաղեցինք` անելով համապատասխան հետևություններ»,ավելացրեց Զորայր Գաբրիելյանը:
Արտավազդ Յաղմուրյանն էլ ավելացրեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի տանկային խոշոր ստորաբաժանումների առաջխաղացումը կասեցնող հիմնական միջոցը մեր հրետանավորների հմուտ
գործողություններն էին: Հակառակորդի որոշ տանկեր ոչնչացվեցին ելման դիրքերում:
«Ադրբեջանը տարիներ շարունակ ի լուր աշխարհի հայտնում էր, որ իր տանկերն արդիականացրել է իսրայելական տեխնոլոգիաներով, որ այդ տանկերն անխոցելի են: Ապրիլյան գործողություների ժամանակ հայկական Զինված ուժերի հակատանկային միջոցից մեկ օպերատորը մեկ մարտի ժամանակ խոցեց 5 տանկ:
Այս փաստն իրենց լուրջ մտածելու տեղիք է տալիս: Հրետանային մեկ համազարկով
իրենց տանկերը ոչ միայն հետ փախան, այլև անկանոն փախուստի ժամանակ միմյանց վրա կրակ բացեցին»,-հավելեց Արտավազդ Յաղմուրյանը: