«Կառավարության ծրագրից որևէ ակնկալիք չկա, մի պարզ պատճառով, որ երբևէ Հայաստանում կառավարություններն իրենց ծրագրերով չեն առաջարկվել և դրա համար պատասխան տվել: Եվ ոչ էլ որևէ մեկն իշխանության մեջ կլինի նախագահ, թե որևէ այլ պաշտոնատար անձ ծրագրերով չէ, որ գործել են և համապատասխան ծրագրերից է, որ իրենց գործունեությունը ծավալել են»: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ներկայացված կառավարության նոր ծրագրին մասին խոսելով:
Արմեն Մարտիրոսյանի կարծիքով ՝ խոսել ծրագրերի մասին այս դեպքում ճիշտ չէ: «Ցանկացած պարագայում, նույնիսկ այն, ինչ-որ ծրագրում գրված է, հատկապես նրա գաղափարական հատվածում, դա ևս իրական չէ կամ իրականությունից շատ հեռու է, քանի որ ամենասկզբում խոսում է նրա մասին, որ այն մարտահրավերները, որոնք կան, դրանց համար արագ բարեփոխումներ են պետք: Բոլորի ներուժն օգտագործելով և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում»,-նկատեց նա:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ իշխանությունն ու կառավարությունն մի կողմ են: Եվ այս պարագայում հասարակությունն ու սփյուռքը հեռու են այս կառավարությունից և իշխանությունից:
«Խոսք է գնում ժողովրդի վստահության արժանացած կառավության մասին, այդ դեպքում վարչապետը պետք է ասեր, որ նոր համապետական ընտրություններ են պետք և այդ կառավարությունը պետք է ձևավորվի արդար և թափանցիկ ընտրություններով»,-ընդգծեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ միևնույն է կառավարության ծրագրով հեղափոխություն չի լինելու, չնայած, որ կարող են այս մի քանի ամսվա ընթացքում ժողովրդի սիրտը շահեն, որպեսզի կարողանան ընտրություններին նորից վերարտադրվեն: Միևնույնն է խոշոր հաշվով ոչինչ չի փոխվելու:
«Կառավարման համակարգն ամբողջությամբ մետաստազների մեջ է, եթե մի փոքր ուշադիր ենք նայում, ապա տեսնում ենք, որ նրանք ոչ թե Հայաստանի շահն են պաշտպանում, այլ Ռուսաստանի: Այն առումով, որ նրանց մեջ կան մարդիկ, որ նախկինում եղել են կառավարման համակարգի մեջ և հլու-հնազանդ ծառայել են այս համակարգին: Նաև վարչապետը չանդրադարձավ անգամ Գյումրիի ու Վանաձորի այս խայտառակ ընտրություններին և դրան հետևած առավել խայտառակ իրադարձություններին»,-հավելեց նա:
Լիդա Եղիազարյան