Հարց քաղաքացիներից` ի՞նչ է կամավոր կուտակային կենսաթոշակային սխեման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ է կամավոր կուտակային կենսաթոշակային սխեման: Ընդհանրապես ովքե՞ր կարող են մասնակցել կամավոր կենսաթոշակային բաղադրիչին:

Լիաննա Արեւշատյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակից կարող է լինել ցանկացած անձ՝ անկախ տարիքից եւ անկախ այն հանգամանքից՝ արդյոք նա պարտադիր կուտակային եւ բաշխողական կենսաթոշակային բաղադրիչի մասնակից է, թե ոչ:

Կամավոր կենսաթոշակային բաղադրիչն ընդունված է անվանել կենսաթոշակային համակարգի 3-րդ բաղադրիչ: Կատարելով կամավոր կուտակային վճարներ՝ անձը ձեռք է բերում լրացուցիչ կենսաթոշակ ստանալու իրավունք: Անձի օգտին կամավոր կուտակային վճար կարող են կատարել նաեւ գործատուները՝ այդ նպատակով միանալով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի որեւէ կենսաթոշակային սխեմայի: Կամավոր կուտակային վճարի չափը կսահմանվի կողմերի՝ կամավոր կուտակային վճար կատարողի եւ կամավոր կուտակային սխեմա առաջարկող ֆինանսական կազմակերպության, փոխադարձ համաձայնությամբ:
Կամավոր կուտակային կենսաթոշակային սխեման, ըստ էության, պայմանագիր է մի կողմից՝ անձի կամ գործատուի եւ մյուս կողմից՝ կամավոր կուտակային կենսաթոշակային ծառայություններ մատուցողի միջեւ, որոշակի պայմաններով կամավոր կուտակային վճարումներ կատարելու, կամավոր կենսաթոշակ կուտակելու եւ վճարելու վերաբերյալ: Կամավոր կենսաթոշակային ծառայություններ կարող են մատուցել ապահովագրական ընկերությունները, բանկերը եւ կամավոր կենսաթոշակային ֆոնդերը: Ապահովագրական ընկերությունները կարող են առաջարկել միայն «սահմանված կենսաթոշակներ» սխեմաներ, բանկերը՝ «կուտակային կենսաթոշակային ավանդներ», իսկ կամավոր կենսաթոշակային ֆոնդերը՝ «սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմաներ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի եւ կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին ներկայացվող պահանջներն ու սահմանափակումները տարբեր են: Այդ իսկ պատճառով կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ունեցող կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը չի կարող զբաղվել կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ:




Լրահոս