ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ շարքային քաղաքացին ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարի: Ուզում եմ իմանալ՝ շենքի հարկ գոյություն ունի՞:
Սարիբեկ Հակոբյան (73 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 125-րդ հոդվածով սահմանվում է, որ ՀՀ-ում հարկատեսակներն են՝
ա) պետական հարկերը՝ շահութահարկ, եկամտային հարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ
բ) տեղական հարկերը՝ գույքահարկ, հողի հարկ, հյուրանոցային հարկ:
Ֆիզիկական անձանցից գանձվող եւ Երեւան համայնքի բյուջե մուտքագրվող հարկերն են հողի հարկը եւ գույքահարկը:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` գույքահարկը սեփականության իրավունքով հարկ վճարողներին պատկանող, հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վճարվող հարկ է: Գույքահարկով հարկվող օբյեկտ են`
գշենքեր եւ շինություններ, անհատական բնակելի տուն, բնակարան, այգետնակ, բազմաբնակարան բնակելի շենք, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն, արտադրական նշանակության շինություն, անավարտ շինություն, ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ հաշվառված ու գնահատված, սակայն դեռեւս իրավունքների պետական գրանցում չստացած շինություններ, ինչպես նաեւ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքեր եւ շինություններ (այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ),
գփոխադրամիջոցները՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, ջրային փոխադրամիջոց, ձյունագնաց, մոտոամենագնաց եւ մոտոցիկլետ:
«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հողի հարկը հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար օրենքով սահմանված չափերով ու ժամկետներում վճարվող հարկ է:
Գույքահարկի եւ հողի հարկի հաշվարկման եւ վճարման կարգերը սահմանվում են «Գույքահարկի մասին» եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներով:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական եւ տեղական հարկերի հարկային վարչարարությունն իրականացվում է համապատասխանաբար հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի եւ համայնքի հարկային ստորաբաժանումների կողմից: