Սեպտեմբերի 27-ին Արմեն Ամիրյանը նշանակվեց մշակույթի նախարարի պաշտոնում: Շուրջ մեկ ամսվա ընթացքում նա փորձել է ծանոթանալ ոլորտի խնդիրներին, հասցրել է հանդես գալ առաջարկներով եւ խոստումներով: Չենք կարող չնկատել, որ պարոն Ամիրյանը վայելում է ժողովրդի, այդ թվում` մշակութային գործիչներից շատերի համակրանքը: Սակայն չենք կարող չնշել նաեւ, որ մարդկային գովելի որակները դեռ լավ կառավարիչ լինելու երաշխիք չեն: Թե ինչպիսի նախարար կլինի Ա. Ամիրյանը, եւ ոլորտը բարելավելուն ուղղված նրա ջանքերն ինչ արդյունք կունենան, ցույց կտա ժամանակը: (Ի դեպ, անդրադառնալով իր նախորդի` Հասմիկ Պողոսյանի ծավալած գործունեությանը, Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Հասմիկ Պողոսյանն իմ ընկերն է եւ նա ֆունդամենտալ աշխատանք է կատարել»), իսկ մինչ այդ անդրադառնանք նրա որոշ խոստումների, որոնք կարող են թվալ անիրատեսական կամ անարդյունավետ:
Կինոն ուրիշ առաջնահերթ խնդիրներ ունի
Իր պաշտոնավարման առաջին օրերին նախարարը նշեց, որ աշխատելու է կինոյի մասին օրենքի ընդունման ուղղությամբ. «Օրենքը հնարավորություն կտա ոլորտի արտաքին ներդրողներին, այսինքն՝ Հայաստանում նկարահանումներ իրականացնող պրոդյուսերական կենտրոններին եւ կազմակերպություններին ազատել որոշակի հարկատեսակներից: Դա կխթանի կինոարտադրությունը Հայաստանում եւ մեր երկիրն արտերկրում ներկայացնելու լավ միջոց կլինի»,-ասաց նա:
Բայց արդյո՞ք միայն հարկատեսակներն են արտաքին ներդրողին հետ պահում որեւէ համագործակցությունից: Ի վերջո, եթե տվյալ պրոդյուսերական կենտրոնին պետք է, որ նա հենց Հայաստանում իրականացնի նկարահանումները, վերջինս ամեն գնով կանի դա: Փոխարենը կարելի է շեշտը դնել համատեղ նախագծեր մշակելու վրա, իսկ համատեղ ֆիլմերի համար պետք է ընտրվեն այնպիսի թեմաներ, որոնք կշահագրգռեն նաեւ արտաքին ներդրողներին: Բացի այդ` մինչ արտաքին ներդրողներին անցնելը, ոլորտի առաջնահերթ լուծվելիք խնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանի ազգային կինոկենտրոնի բյուջեն ընդլայնելն ու վերահսկելը, որ եղած գումարը ծախսվի արդյունավետ:
Նախ ազատե՛ք հարկերից
Պարոն Ամիրյանը, խոսելով մշակույթի ոլորտում սպասվող առաջին ռադիկալ փոփոխության մասին, նշել էր, որ գրահրատարակչական ոլորտը պետք է կարգավորվի.
«Գրախանութները պետք է դառնան ընտանեկան հանգստի տեղեր, որտեղ հնարավոր կլինի ոչ միայն գիրք ընթերցել, գիրք գնել, այլեւ ընտանեկան հանգիստը կազմակերպել: Կառավարությունը պետք է որոշակի արտոնություններ նախատեսի այն մարդկանց համար, ովքեր այդ ոլորտում պատրաստվում են ներդրումներ անել»,-ասել էր նա: Իհարկե, գովելի է, որ պարոն Ամիրյանը փորձում է հետեւել միջազգային փորձին, բայց այս պարագայում եւս պետք է հասկանալ, թե որ խնդիրներն են մեզ համար առաջնային, իսկ որոնք են, որ կարող են սպասել: Քսան տարուց ավել է` գրահրատարակիչներն ու գրավաճառները պնդում են, որ իրենց բնագավառում հնարավոր կլինի զարգացում գրանցել այն դեպքում, երբ գրահրատարակչության ոլորտը ազատվի ԱԱՀ-ից (ավելացված արժեքի հարկ), իսկ գրքի վաճառքի պարագայում այն նվազեցվի: Բացի այդ` կարծում ենք` հարկ է մտածել նաեւ գրախանութ հիմնողներին մի քանի տարով հարկային պարտավորություններից ազատելու մասին:
Լավատես լինելը քիչ է, պետք է գործել
Մշակույթի նախարարը, անդրադառնալով պատմամշակութային հուշարձանների պահպանման խնդրին, իր հարցազրույցներից մեկում նշել է, որ կարողանալու է կանխել դրանց վերածումը առեւտրի կենտրոնների. «Նույն օլիգարխը եւս մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, ունի երեխաներ: Եթե մենք կարողանանք հասկացնել այդ օլիգարխին, որ այն, ինչ անում ենք, իր երեխաների, իր թոռների ապագայի համար ենք անում, կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, թեկուզեւ օլիգարխը, հասկանալու է, որ սա իր զարգացող հայրենիքի համար է», – ասել է նա:
Նախարարի լավատեսական ակնկալիքներին զուգահեռ հարց է ծագում. կարո՞ղ է նա, օրինակ, միջամտել, որ «Զվարթնոց» համալիրի հին մասնաշենքը, որը սովետական մոդեռնիստական շենքերի մեջ համարվում էր լավագույնը եւ որը մեր քաղաքի սիմվոլներից մեկն է, ընդգրկվի պետության կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկում, կանխել հին շենքի էստակադայի ապամոնտաժումից հետո «Զվարթնոց»-ի հիմնական շենքի վնասումը (այդ վտանգի մասին մասնագետները բազմիցս ահազանգել են):
Պարոն Ամիրյանն արդեն պաշտոնավարում էր, երբ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 6-ի նիստի ընթացքում որոշեց 13.2 մլրդ դրամ մեկնարկային գնով աճուրդի հանել Հանրապետության հրապարակում գտնվող տրանսպորտի եւ կապի նախարարության շենքը: Ու թեեւ նշվում է, որ գնորդի պարտականություններից մեկն է գույքի հանձնում-ընդունումից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառի լիազորված մարմնին տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր, չկա որեւէ երաշխիք, որ վաճառքի իրականացումից հետո շենքի տեսքը չի աղավաղվի, եւ այն չի կորցնի պատմամշակութային արժեքը: Ավելի վաղ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին վաճառվել էր նաեւ Հանրապետության հրապարակում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը: 2015-ին սպասվում էր, որ ԱԳՆ-ի տեղում կհայտնվի Kempinski խմբի 5 աստղանի հյուրանոց։ Տարիներ առաջ հայ հանրության մի ստվար զանգված բողոքի ալիք բարձրացրեց` նշելով, որ հայրենի իշխանություններն անցել են պետական եւ ազգային արժեքները հյուրանոցների վերածելուն: Կարծում ենք` առաջիկայում պարոն Ամիրյանը պետք է պատրաստ լինի դժգոհության հերթական ալիքին:
Մենաշնորհի վտանգ կա
Վերջին շրջանում քաղաքացիների վստահությունը չարաշահելով` մի խումբ անձինք իրացրել էին Վանուշ Խանամիրյանին եւ Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոների կեղծ տոմսեր: Այս առթիվ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Պարզաբանման համաձայն` դա լավագույն եղանակն է` բացառելու կամ նվազեցնելու նաեւ կեղծ տոմսերի վաճառքի ռիսկերը: Գուցե միասնական տոմսային համակարգի ներդրումը խնդիրը լուծելու տարբերակ է, սակայն դա նաեւ նշանակում է, որ ամբողջ դաշտը վերահսկվելու է մեկ կետից, իսկ այդ դեպքում մասնավոր ընկերությունները կարող են կախման մեջ ընկնել այդ մեկ կազմակերպությունից, եւ վերջինս կարող է դաշտում մենաշնորհ ստանալ:
«Ժողովուրդ»-ը կշարունակի հետեւել մշակույթի նախարարի գործունեությանն ու կփորձի երկխոսության նոր եզրեր գտնել:
Աննա Բաբաջանյան