Երեկ ArmLur.am-ը հրապարակել էր Պրահայում բնակվող Արմեն Վարդանյանի բաց նամակը, որում նա խոսում էր «Եվրոպայի հայկական միությունների ֆորում»-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի մասին: Մենք նաև գրել էինք, որ այս առնչությամբ կներկայացնենք նաև Աշոտ Գրիգորյանի մեկնաբանությունը:
«Ցավոք կան հայեր, որոնք ազերիներից չեն տարբերվում: Մենք կարող ենք հենց իրենց կյանքն ապահովելու համար հսկայական գործունեություն ծավալել, մենք կարող ենք Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները ներկայացնել ավելի արհեստավարժ, քան ՀՀ ԱԳՆ-ին է հաջողվում: Ես չեմ ուզում թվարկել մեր հսկայածավալ գործունեության մասին և միայն ազերիները կարող են դա ուրանալ: Եվ հանկարծ մենք այսպիսի անստորագիր նամակ ենք ստանում: Այն ստահակը, որը ստորագրել է այն, չեմ կարծում, որ գոյություն ունի, իսկ, եթե իսկապես գոյություն ունի, ապա ազերի է», – նշեց նա:
Նրա խոսքով, Եվրոպայում չի գտնվի մեկ անձ, որը հայտարարի, որ իրենց կազմակերպված ֆորումին մեկ եվրո գումար է տվել: Սակայն դրա փոխարեն, Գրիգորյանի խոսքով, հենց Չեխիայում կան ընկերություններ, որոնց իրենք հովանավորել են կամ գումար տվել:
Անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի վերագործարկման առաջարկի շուրջ հնչած մեկնաբանություններին, Գրիգորյանը նշեց, որ այդ ծրագիրը վաղուց ստացել է ՀՀ Ազգային ժողովը, իսկ այսօր էլ պետք է ստանա ՀՀ վարչապետը: «Այդ ծրագիրը ՀՀ կառավարության կողմից մոտ մեկ տարի առաջ հաստատվել է: Բավականին պրոֆեսիոնալ է կազմված: Մենք պատրաստվում ենք գումարներ ներդնել այդ ծրագրի իրականացման համար», – հավելեց նա: