«Պրն. Գրիգորյանն աղաղակում է «Նաիրիտի» վերագործարկման իր չեղած ծրագրի մասին՝ խաբելով ու մոլորեցնելով նաիրիտցիներին». բաց նամակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրությունը բաց նամակ է ստացել Պրահայում բնակվող Արմեն Վարդանյանից, որում նա խոսում է «Եվրոպայի հայկական միությունների ֆորում»-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի մասին: Նամակն ամբողջովին ներկայացնում ենք ստորև:

«Հարգելի խմբագրություն. Վերջերս Ձեր կայքում կարդացի ոմն Աշոտ Գրիգորյանի հարցազրույցը: Նախ ասեմ, որ «Եվրոպայի հայկական միությունների ֆորում» տիեզերական անունը կրող անհասկանալի այս կառույցը ոչ այլ ինչ է, եթե ոչ զազրախոս (այլ ածական դժվարանում եմ գտնել) Աշոտ Գրիգորյանի հերթական արկածախնդրությունը:

Մի փաստ միայն այս արկածախնդրի գործունեությունից: Հեռավոր 90-ականներին, լքելով պատերազմող երկիրն ու հաստատվելով Սլովակիայում, այդ երկրի ներքին գործերի նախարարությունում Աշոտ Գրիգորյանը փորձում է գրանցել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն «Հայաստանի Հանրապետության դեսպանատուն» անվանումով: Եզրակացությունը թողնում եմ Ձեզ…

Բայց, քավ լիցի, նամակիս պատճառն այս «հերոստրատի» կենսագրության մութ էջերին լույս սփռելը չէ, ոչ էլ նրա կասկածելի անցյալը լուսաբանելը: Խնդրո առարկան պրն. Գրիգորյանի հարցազրույցն է, ավելի ճիշտ նրա հոգեզմայլ ճամարտակումները «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ:
Միթե կարելի է այդքան անողոք կերպով խաղալ հազարավոր մարդկանց («Նաիրիտի» նախկին ու ներկա աշխատակիցների) զգացմունքների հետ: Միթե կարելի է այդքան անգութ գտնվել ու սեփական ճղճիմ նպատակներին հասնելու համար օգտագործել մարդկային տառապանքը:

Արդեն որերոդ անգամ պրն. Գրիգորյանն աղաղակում է «Նաիրիտի» վերագործարկման իր չեղած ծրագրի մասին՝ խաբելով ու մոլորեցնելով նաիրիտցիներին (որոնք անելանելիությունից պատրաստ են հավատալու անգամ սատանային) և թունավորելով մարդկանց հոգիները:

Պարզ է, որ Աշոտ Գրիգորյանի հարցազրույց կոչվող զառացանքը Հայաստանի հասարակության համար չէ: Մերօրյա այս «մեծապատիվ մուրացկանը» թքած ունի հայաստանցիների, առավել ևս նաիրիտցիների վրա: Նրանք վճարունակ չեն:
Իսկ, այ, Սփյուռքում այս զառանցանքը ներկայացվում է որպես Հայաստանի իշխանությունների դեմ ուղղված խիզախ ինքնազոհ արարք, զոհողություն հանուն ազգի, որն, իհարկե, նյութական խրախուսանք է ակնկալում «հայկական ժողովրդավարության հայր» Աշոտ Գրիգորյանի հետագա գործունեությունն ապահովելու համար:

Ի վերջո, ինչ որ մեկը պետք է կարողանա պատռել այս զազրախոսի իրական դեմքը: Ինչ որ մեկը պետք է կանգնեցնի այս նորահայտ բենդերի համահայկական-համաեվրոպական դրամահավաքը…

Եվ ուրեմն, որպեսզի ասածս մերկապարանոց հայտարարություն չհնչի, հարգելի խմբագրություն, խնդրում եմ Աշոտ Գրիգորյանին «Նաիրիտի» վերագործարկման գործարար նախագիծը հրապարակել Ձեր կայքում:

Աշոտ Գրիգորյանին խնդրում եմ տրամադրել «Նաիրիտի» վերագործարկման իր կողմից կազմված և կառավարությանը ներկայացված գործարար նախագիծը (ներառյալ՝ ծախսերի բացվածքը, ֆինանսավորման աղբյուրները, արտադրանքի իրացման պայմանագրերով հաստատված ծավալները, ստեղծվող աշխատատեղերի քանակը և այլն) տրամադրել Armlur.am կայքի խմբագրությանը այն հրապարակելու նպատակով:

Եթե Աշոտ Գրիգորյանը կտրամադրի այս գործարար ծրագիրը, այն կհրապարակվի Armlur.am կայքում և նաիրիտցիներն այն կհամարեն իրատեսական, ես ի լուր աշխարհի ներողություն կհայցեմ Աշոտ Գրիգորյանից և կապաշխարեմ;
Իսկ եթե ոչ, ապա ես ինձ իրավունք կվերապահեմ Աշոտ Գրիգորյանին կոչել զազրախոս, խառնակիչ ու անբարոյականի որդի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով…

Արմեն Վարդանյան
Պրահա»:

Հ. Գ. Նշված նամակում տեղ գտած մեղադրանքների շուրջ ArmLur.am-ը կներկայացնի նաև Աշոտ Գրիգորյանի մեկնաբանությունը:




Լրահոս