Մենք խնդիր չունենք գազի սակագինն իջեցնելու, ինչպես քաղաքացիների, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտների համար. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս ոլորտում, ըստ էության,  անկախ «Գազպրոմից» Հայաստանում միշտ եղել է մեծ խնդիր: Մենք գազը ստանում ենք մի գնով և գրեթե երկու անգամ ավել վաճառում: Դա տնտեսագիտական առումով չափազանց տհաճ, վատ ու չհիմնավորված մոտեցում է: Գազի սակագնի «թվացյալ» իջեցման շուրջ  ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Բոլոր դեպքերում սակագնի իջեցման ռեզերվները շատ մեծ են:Հայաստանի հանրապետությունում եղել է այն գինը, որը մենք գիտենք: Ռուսաստանի կողմից տրամադրվող գազի համար հազար խորանարդ մետրի կտրվածքով մենք վճարում ենք 150 դոլար: Ստացվում է, որ մեկ խորանարդ մետր գազը, ենթադրվում է 72 դրամ, բայց մեր մոտ իրացման գինը ՝ 146,7 տասնորդական դրամ է, այսինքն ՝ կրկնակի անգամից ավելի շատ»:

Տնտեսագետի  դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ ունենք նկատելի, ոչ փոքր ռեզերվներ՝ սակագինը իջեցնելու առումով:

«Եթե Ռուսաստանը հարմար էլ չգտնի և հնարավոր է, որ նման վիճակ լինի, որովհետև նրանք 189 դոլարից իջեցրեցին 165, դրանից էլ իջեցրեցին 150 դոլարի  1000 խորանարդ մետրի համար: Հիմա կարող է պատահել, որ իրենք հարմար չգտնեն իջեցնել, բայց դա դեռևս ոչինչ չի նշանակում: Հայաստանի ներսում գոյություն ունի ընդգծված ռեզերվներ` սակագինը իջեցնելու համար, իսկ նման իրավիճակում, երբ մենք ունենք աղքատության բարձր մակարդակ, ուրեմն գազի սակագնի իջեցումը չափազանց կարևոր է Հայաստանի համար»,-նկատեց նա:

Վարդան Բոստանջյանն ընդգծեց ՝ սա ցույց է տալիս, որ մենք խնդիր չունենք գազի սակագինը իջեցնելու, ինչպես քաղաքացիների, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտների համար:

Լիդա Եղիազարյան




Լրահոս