Մենք պետք է պարտադրենք Ադրբեջանին հարգել զինադադարը. Թևան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 20-ին ԼՂՀ պաշտպանական բանակը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել: «Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան եւ հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր», սակայն նրանք հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր:՞

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նմանատիպ երեւույթները դադարել էին, ու այս առումով նորություն էր: Ի՞նչ է կատարվում սահմանին, արդյո՞ք նոյեմբերին կանխատեսվող ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն իսկապես անխուսափելի է, եւ ինչո՞ւ են ԱԺ պատգամավորները Արցախ մեկնել:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանի հետ:

-Պարո՛ն Պողոսյան, քառօրյա պատերազմից առաջ դիվերսիոն ներթափանցման փորձերը հաճախակիացել էին, ինչը դեռեւս այն ժամանակ փորձագետներին հիմք էր տալիս ենթադրելու, որ թշնամին լուրջ սադրանք է նախապատրաստում: Արդյունքը, ցավոք, տեսանք: Քառօրյա պատերազմից հետո դիվերսիոն ներթափանցման փորձերը, կարելի է ասել, դադարել էին, ուստի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած դիվերսիոն փորձը չի կարելի դիտարկել որպես սովորական սահմանային խախտում: Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ էր հետապնդում հակառակորդի այս փորձը:

-Ընդհանուր այս իրավիճակը կապված է երկու խնդրի հետ: Մեկը Ադրբեջանի ներքին վախն է` կապված սեփական իրավունքի հետ, մյուսը` համանախագահների` տարածաշրջան կատարած այցն է: Ինչ անի Ադրբեջանը, որպեսզի ամրապնդի իր դիրքերը` ասելով, որ ինքը կա, որ կարող է խոսել խաղաղության մասին, բայց դրա հետ միասին չի մոռանում ռազմական սցենարի մասին: Ադրբեջանի մտքի մեջ կա միայն ու միայն ռազմական սցենարը: Եվ մենք պետք է հասկանանք, որ մեր հույսերը պետք է դնենք միայն ու միայն մեզ վրա: Մենք պետք է պարտադրենք Ադրբեջանին հարգել զինադադարը, իսկ դա լավագույնս անում էինք այն դեպքում, երբ իսկապես շատ հզոր էինք: Եթե նախկինում քննարկում էինք մեկին մեկ պատասխանել, ապա հիմա պետք է մեկին հինգ պատասխանենք: Եթե կպահպանեն զինադադարը, ապա մենք էլ կպարտավորվենք խաղաղության պահպանմանը, եթե ոչ, ապա միշտ կարելի է նույն քաղաքականությունը վարել:

-Համանախագահների այցի մասին հիշատակեցիք… Որպես կանոն՝ համանախագահող երկրների այցից անմիջապես հետո հակառակորդն ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում: Նախօրեին եւս բախվեցինք այդ իրականությանը: Հայկական կողմը զոհ ունեցավ:

-Ինչպես արդեն ասացի` այսօր տարածաշրջանում կարեւոր այցելություններ են լինում, Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ինքը ռազմական սցենարը չի բացառում: Ասում է` եկել եք, խոսում եք, ինչ-որ բաներ եք ասում, բայց ես թքած ունեմ ձեզ վրա, միջազգային հանրություն: Ես, միեւնույն է, իմ ծրագրերով եմ շարժվելու:

-Ի՞նչ է անում կոնկրետ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը:

-Աշխատանքային մակարդակով մենք քննարկումներ ենք ունենում, խնդիրներն են բարձրացվում, առաջարկներ արվում…

-Պարո’ն Պողոսյան, որն է առաջիկայում Արցախ կատարելիք Ձեր այցի նպատակը, արդյո՞ք անհանգստանալու առիթ կա:

-Այցը նախատեսված է նոյեմբերի սկզբին: Հերթական այցն է: Նմանատիպ այցեր մենք հաճախ ենք իրականացնում:

-Մշտապես բարձրացվում է պաշտոնյաների զավակների ծառայության խնդիրը, նշվում է, որ առաջնագծում ծառայության են անցնում միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները… Ե՞րբ պետք է լուծվի այս խնդիրը:

-Ես մոտ երեք տարի առաջ նախագիծ առաջ քաշեցի, որպեսզի բոլոր 18 տարին լրացած տղաները պարտադիր ծառայության անցնեն: Դա պետք է այն մարդկանց հարցնել, ովքեր դեմ էին խոսում օրենքին: Ասում էին, որ եթե այդպես լինի, գիտությունը կտուժի եւ այլն… այդ երեք տարվա մեջ մեր գիտությունը զա՞րկ է ապրել… Չէ որ ես բարձրացրել էի այն հարցը, որ չլինի տարբերություն ապահով ընտանիքում մեծացած երեխայի եւ սոցիալապես անապահով ընտանիքի երեխայի միջեւ: Մեկը քննություն է հանձնել, համալսարան է ընդունվել, եւ այլն, եւ այլն… Նախ պետք է լուծենք առողջության հարցերով զբաղվող հանձնաժողովի խնդիրները, որպեսզի չլինեն կոռուպցիոն ռիսկեր. դրանից հետո կլուծվեն մյուս խնդիրները:

-Որքանո՞վ ենք մենք այսօր ավելի ապահովագրված, ավելի պաշտպանված:

-Եթե համեմատենք մինչ ապրիլյան ժամանակահատվածի հետ, այսօր մենք շատ աշխատանքներ ենք կատարել: Առաջնագծում էլ են ամրապնդումներ եղել, ավելացումներ, արդիականացում… Մնում է՝ ունենանք այն հրամանատարներին, որոնք ճիշտ հրամաններ տալով՝ կհասնեն այն ճիշտ նպատակին, որ դրված է իրենց առջեւ՝ կարողանան առավել ամրապնդել դիրքերը: Այսօր դիվանագետների մեջ խնդիր կա. լավ դիվանագիտությամբ կարելի է հասնել դրականին: Բայց այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը հույս չի ներշնչում:

-Այսինքն՝ ի՞նչ պետք է անի արտաքին գործերի նախարարությունը, որ չի անում:

-Պետք է հասկանա, որ ինքը ոչ թե խոսքով է առաջնագծում, այլ իրականում է առաջնագծում: Պետք է ֆիքսել` ինչ է տեղի ունենում Ադրբեջանում, այստեղ տնտեսական վիճակի վատթարացումից հետո ինչ գործողություններ պետք է այստեղ արվեն, եւ համապատասխան հարցադրումներ կատարի:

-Իսկ պաշտպանության նախարարությո՞ւնը…

-Զինված ուժերի գործառույթն այն է, որ պաշտպանի Հայաստանի Հանրապետության անձեռնմխելիությունն ու ապահովի անվտանգությունը: Այսօրվա դրությամբ հայկական երկու բանակներն էլ կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը եւ պատվով են կատարում:

Զրուցեց Տաթեւ Հարությունյանը




Լրահոս