Անպատասխանատվության հետևանքը. 26-ամյա կինը 3.5 տարի գտնվում է կոմայի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ պատասխանատու է մոտ 3 մլն քաղաքացիների առողջության համար, այնուամենայնիվ, անփութության հետեւանքով մայրական մահացությունների դեպքերը չեն պակասում:

«Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 26-ի համարում գրել էր, որ 2013-ին «Վանաձոր» ԲԿ-ում ծննդաբերելուց անմիջապես հետո 26-ամյա Լիլիթ Նալբանդյանը հայտնվել է կոմայի մեջ, տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ գտնվում է մինչ օրս: Արդեն 3.5 տարի:

Ինչպե՞ս էր պատահել դեպքը: Ծննդաբերելուց հետո ծննդկանին «նարկոզի մեջ» թողնելով՝ բժիշկներ Դավիթ Շահվերդյանը եւ Ալվարդ Հայրապետյանը գնացել են տուն, որից հետո Լ. Նալբանդյանը շնչառության եւ սրտի կանգ է ունեցել: Բուժաշխատողները կնոջը ցավազրկող են ներարկել, ինչից րոպեներ անց նա վերջնականապես կորցրել է գիտակցությունը: Բժշկական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով քրգործ էր հարուցվել: Սակայն հետագայում քրգործի վարույթը ՀՀ քննչական կոմիտեի Վանաձորի քննչական վարչությունում կարճվել է` բուժաշխատողների հանցակազմի բացակայության հիմքով: Այս դեպքով հարուցված քրգործի նախաքննության ընթացքում իրար հակասող փորձաքննությունների եզրակացություններ են տրվել, որն էլ շատ հարցերի տեղիք է տալիս: Ինչո՞ւ այդ հակասությունները հիմք չեն հանդիսացել քրգործի քննությունը շարունակելու համար, եւ այդ գործով քննիչը որոշել է գործը կարճել: Արդյո՞ք շահագրգռվածություն է ունեցել:

Ընդգծենք, որ կինը բարեհաջող ծննդաբերություն է ունեցել, որեւէ բարդություն չի առաջացել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնել է, որ հետվիրահատական վաղ շրջանում ծննդկանի հսկողությունն իրականացնելու համար պետք է պատասխանատու լիներ հերթապահ բուժանձնակազմը՝ մանկաբարձ-գինեկոլոգը, անեսթեզիոլոգը, անեսթեզիստը եւ բուժքույրը, ովքեր էլ պարտավոր էին ժամանակին հայտնաբերել նրա վիճակի վատթարացումը՝ ձեռնարկելով անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ: Այս եզրակացությունը տվել է ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետների հանձնաժողովի ներկայացրած փորձաքննության եզրակացությամբ: Ստացվում է՝ եթե բժիշկները չլքեին հիվանդանոցը, ամեն ինչ այսպես չէր ավարտվի: Սակայն ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետները այլ եզրակացություն են տվել. կնոջ անզգայացումը, վիրահատության ավարտից հետո նրա արթնացումը եւ էքստուբացիան կատարվել են ճիշտ: Իսկ ըստ երրորդ՝ կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ կնոջ մոտ նշված բարդությունը համարվում է անկանխատեսելի:

Այսպիսով՝ բժիշկները իրար «պահել են», եւ այդ գործով քննիչն էլ, աչք փակելով փորձագիտական եզրակացությունների հակասությունների վրա, կարճել է գործը: Փաստն այն է, որ երիտասարդ կինն առողջ երեխա է լույս աշխարհ բերել, ինքն էլ ծննդաբերության ժամանակ որեւէ խնդիր չի ունեցել, իսկ այսօր գոյատեւում է ինչ-որ սարքավորումների միջոցով: Երեխան էլ արդեն 3 տարեկան է: Եւ նույն բուժհաստատությունում ընդամենը մեկ շաբաթ առաջ մայրական մահացության հերթական դեպքը գրանցվեց:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս