Վստահեցնում են, որ բուն տպարանի շենքը չի պայթեցվել, այնինչ պահպանված շենքերն էլ վտանգի տակ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին քանդվեց Վարդանանց-Հանրապետության խաչմերուկում գտնվող նախկին 1-ին տպարանի շենքի Բ մասնաշենքը: Շինությունը քանդվեց պայթեցման եղանակով:

Նշենք, որ շենքը կառուցվել էր 1920-30-ական թվականներին: Ու թեեւ այն ներառված չէր ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, այնուամենայնիվ, պատմական կառույց էր, որը կազմում էր երեւանյան կոլորիտի մի մասը: Ավելին` ըստ որոշ տեղեկությունների` այդ տպարանում ժամանակին աշխատել է աշխարհահռչակ հայ նկարիչ Արշիլ Գորկին: Հավելենք, որ շենքի պայթեցման շուրջ հայ հանրության շրջանում դժգոհության ալիք բարձրացավ, իսկ ահա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շենքն իրականում այդքան էլ արժեքավոր չէր. «Եթե արժեքավոր լիներ, անշուշտ մենք այն կներառեինք պատմամշակութային արժեքների ցանկում»,-ասաց նա:

Շենքի սեփականատեր Գենիկ Կարապետյանն էլ, ով նախկինում «Մաքուր երկաթ» ՓԲԸ-ի տնօրենն էր, Armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ առաջին տպարանի շենքի տեղում կառուցվելու է 9 հարկանի հյուրանոց: Իսկ հարցին, թե ինչու է հին կառույցը քանդվել` առանց հանրային քննարկման, նա պատասխանել է. «Ես չեմ հասկանում՝ ո՞ւմ հետ պետք է քննարկեինք: Ճարտարապետների միությունում հոկտեմբերի մեկին լսումներ են եղել: Բոլորի հետ քննարկել ենք, համաձայնեցրել ենք»:

«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ.

-Պարո՛ն Մինասյան, ի՞նչ լսումների մասին է խոսում սեփականատերը: Ի՞նչ է որոշվել այդ քննարկման ընթացքում:

-Կարծեմ՝ ոչ Ճարտարապետների միությունում, բայց քննարկում, համենայն դեպս, եղել է: Քանդվել է միջնահատվածում գտնվող այն շենքը, որն արդեն ռեսուրս չէր պարունակում, ռեսուրսը կորցրած հատված էր, եւ, որքանով տեղյակ եմ, կառուցվել էր ավելի ուշ: Իսկ հարակից երկու շինությունները մնալու են եւ ներառվելու են նոր նախագծում` ինտեգրվելով նոր կառույցին:

-Ի՞նչ է նշանակում` ռեսուրսը կորցրած:

-Նշանակում է, որ շենքը կա՛մ պետք էր ամրացնել, կա՛մ ներգրավել նոր ծրագրի մեջ, որպեսզի տեղում նոր բան կառուցվեր:

-Դուք է՞լ եք այն կարծիքին, որ պայթեցված շենքն այնքան էլ արժեքավոր չէր:

-Չէ՛, տպարանի իսկական շենքը դա չի եղել, այլ Ալավերդյան փողոցին նայող հատվածը, որը պահպանվելու է իր ողջ խորությամբ: Մենք նպատակահարմար ենք գտել, որ հարակից երկու շինությունները պահպանվեն:

Հավելենք միայն, որ հակառակ Մ. Մինասյանի` Գենիկ Կարապետյանը վստահեցրել էր, թե քանդված շենքի հարակից երկու շինությունները «պատմամշակութային ժառանգություն չեն համարվում»: Դժվար է ասել` որտեղից է սեփականատերն այդ եզրակացության հանգել, բայց բոլորովին բացառված չէ, որ նա մի օր կարող է զարթնել եւ որոշել, որ պահպանված երկու պատմական շենքերը եւս պետք է հողին հավասարեցվեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս