Իշխան Բարսեղյանի և Արման Մկրտումյանի ջրերը նույն առվով չեն հոսել. դատավորը` քավության նոխա՞զ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ հայաստանյան ամենակոռումպացված կառույցը համարվում է դատական համակարգը, գաղտնիք չէ որեւէ մեկի համար: Եվ, ահա, դրա վառ ապացույցին հայ հասարակությունն ականատես եղավ հոկտեմբերի 27-ին, երբ հայտնի դարձավ, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին` փողոցում: «Ժողովուրդ» օրաթերթի` իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` հարուցված քրեական գործի քննությունն իրականացնելու է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած տեսանյութի մեջ հստակ երեւում է, որ դատավորը Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում օպերատիվ նկարահանման պայմաններում քաղաքացուց վերցնում է 1000 ԱՄՆ դոլար:

«Մնացածը… մենք իրար չենք ճանաչում, բայց իրար հետ կապի մեջ կլինենք: Ամսի 31-ին նիստը կէթա, որ ես իմանամ, թե ինչ կարգով ենք բան անելու… հակընդդեմ հայցը… Պետք ա ես թելադրեմ, գրեն, ու ստորագրեմ… Էղա՞վ»,- սրանք կաշառքը վերցնելու պահին ձերբակալված դատավորի համառոտ խոսքերն են, որոնք ֆիքսվել են ԱԱԾ օպերատիվ նկարահանման արդյունքում: Թե որքան է նախնական պայմանավորվածությամբ եղել կաշառքի ընդհանուր չափը, դեռեւս հայտնի չէ, սակայն կաշառատուի եւ դատավորի երկխոսությունից պարզ է դառնում, որ վերցված հազար դոլարը կանխավճար է եղել:

Արդյոք դատավոր Իշխան Բարսեղյանը քավության նոխազ է, դժվար է ասել, սակայն այս վարկածը բացառել եւս չի կարելի: Համենայնդեպս, ըստ որոշ տեղեկությունների` ձերբակալված դատավորը համարվում է դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի մտերիմներից: Իշխան Բարսեղյանի եւ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ջրերը նույն առվով չեն հոսել. նրանք հաճախ են տարաձայնություններ ունեցել: Եվ այսքանից հետո հուսալ, թե դատավորի ձերբակալությունից հետո դատական համակարգում դրական փոփոխություններ կլինեն, միամտություն կլինի:

Հիշեցնենք` դեռեւս 2014-ի դեկտեմբերի 25-ին բացահայտվեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի` քսան հազար դոլար կաշառք վերցնելու դեպքը: Ի՞նչ փոխվեց դրանից հետո դատական համակարգում. միայն մի բան` հանրության անվստահությունն օր օրի ավելի մեծացավ:

«Ժողովուրդ»-ը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանից փորձեց պարզել` նկատե՞լ է արդյոք նախկինում Իշխան Բարսեղյանի գործունեության մեջ կանխամտածվածություն. «Ես չեմ կարող որեւէ կերպ մեկնաբանել Իշխան Բարսեղյանի գործունեությունը: Նա իմ աշխատանքային կոլեգան է»: Մեր ճշտող հարցին` որպես դատարանի նախագահ ե՞ւս չի մեկնաբանի, Դ. Բալայանը պատասխանեց. «Որպես դատարանի նախագահ` ես չեմ խոսի»:

ՀՀ գլխավոր դատախազը երեկ միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին` դատավոր Իշխան Բարսեղյանին որպես մեղադրյալ ներգարվելու եւ կալանավորելու համաձայնություն տալու առաջարկով ՀՀ նախագահին դիմելու համար:

Երեկ ձերբակալվեց նաեւ փաստաբան Էլզա Զաքարյանը, ով կասկածվում է Բարսեղյանի եւ կաշառք տվողի միջեւ միջնորդ լինելու մեջ:

Տաթև Հարությունյան




Լրահոս