Աբրբեջանը ստեղծված իրավիճակը կփորձի օգտագործել հօգուտ իրեն. պատմաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մասնավորապես այս հանգստյան օրերին, հակառակորդը չեզոք գոտում փորձել է ականազերծման աշխատանքներ կատարել, սակայն ՊԲ զինված ուժերին հաջողվել է նրանց հետ շպրտել: Ստեծված իրավիճակի և դրա հետևանքների շուրջ ArmLur.am-ը զրուցեց պատմաբան Գևորգ Մելքոնյանի հետ:

-Պարո՛ն Մելքոնյան, սահմանում իրավիճակը հանգիստ չէ, այսօր ևս հակառակորդը, խախտելով հրադարադարի ռեժիմը, փորձել էր ականազերծում իրականացնել, ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

-Այդ գործողությունները վերջին երկու տարում պարբերաբար տանում են նրան, որ իրավիճակը գնալով ավելի լարվում է: Խնդրին մենք պետք է նայենք ավելի գլոբալ, եթե արցախյան խնդրին մենք նայում ենք միայն հայկական պատուհանից,  կոնֆլիկտն ավելի նեղ ենք տեսնում:

Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մեր հասարակությունը տարիներ շարունակ լսելով, որ Ադրբեջանը  չի գնա ռազմական գործողությունների և հանկարծ հայտնվում ենք մի այնպիսի իրավիճակում, որի արդյունքում, մի քանի օրվա ընթացքում հակառակորդն անցնում է ինտեսնիվ, որոշ չափով լոկալ, գործողությունների:

-Եթե դիտարկենք գլոբալ տեսանկյունից, ինչպիսի՞ն  կլինի կոնֆլիկտի հանգուցալուծումը:

-Այդ տեսանկյունից դատելով հասկանում ենք, որ ըստ էության, ոչ մի կողմ չի կարող հաջողության հասնել՝ Հալեպում ճգնաժամը գնալով խորանում է, մյուս կողմից մենք տեսնում ենք իրավիճակը Իրաքում՝ Մոսուլի գրավումը շատ դանդաղ է ընթանում, կողմերը ևս համաձայնության չեն գալիս: Մեզանից ընդամենը 300 կմ  հարավ ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ:

Այս իրավիճակում մենք ականատես ենք լինելու արցախյան կոնֆլիկտի սրմանը, ոչ միայն ռազմական տեսանկյունից, այլ նաև դիվանագիտական: Այս իրավիճակը Ադրբեջանին հնարավորություն է տալիս բավականին շատ մանևրելու. բոլոր գլոբալ խաղացողները զբաղված են սիրիական կոնֆլիկտով և դա իրենց համար ավելի մեծ ռազմական նշանակություն ունի, և հետևաբար Աբրբեջանը ստեղծված իրավիճակը կփորձի օգտագործել հօգուտ իրեն:

-Այսինքն  չի՞ բացառվում առաջիկայում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը:

-Եթե ընդհանրապես մենք ուսումնասիրենք արցախյան պատերազմն ու պատմությունը, ապա կտեսնենք, որ ձմռանը ռազմական ակտիվ գործողություններ չեն եղել: Այստեղ երկու կարևոր խնդիր կա, թե՛ ՀՀ-ում և թե՛ Ադրբեջանում սպասվում են ընտրություններ:

Սահմանային լարվածությունն իր ազդեցությունը կարող է ունենալ ներքաղաքական պրոցեսների վրա:

-Վերջերս Հայաստանում կայացավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, ի՞նչ կարելի է ակնկալել այս կազմակերպությունից, արժե՞ արդյոք ինչ-որ հույսեր ունենալ:

– ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովը, որը կազմակերպվեց Հայաստանում, շատ քննադատաությունների արժանացավ, որ  Արցախի խնդրին կոնկրետ անդրադարձ չեղավ, բայց եթե մենք գլոբալ նայենք, ապա կտեսնենք, որ սա Հայաստանի իմիջի համար  բավականին դրական էր:

Սպասել, որ  ՀԱՊԿ-ն պետք է զբաղվի արցախյան խնդրով, կարծում եմ պետք  չէ, քանի որ նրանք ի սկզբանե հայտարարել են, որ իրենք զբաղվում են մեր Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչման և տարածքների անվտանգության խնդրով, իսկ մենք համառորեն պահանջում ենք, որպեսզի նրանք զբաղվեն նաև Արցախով:

Շատ կարևոր է հասկանալ, որ մոտ 10 միլիոն հայությունը չպետք է հույսը կապի միջազգային կազմակերպությունների հետ, այլ հույսը դնի միայն իր վրա:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս