ՍՈՒՂ ԲՅՈՒՋԵՈՎ ՀԱՎԱՔԱՐԱՐ ՈՒ ՍԱՆՏԵԽՆԻԿ ԵՆ ՊԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Խնկոյան գյուղի բյուջեի 80 տոկոսից ավելին ծախսվում է աշխատավարձերի վճարման վրա: Համայնքի սեփական եկամուտները կազմում են 2 մլն դրամ, իսկ պետական դոտացիան՝ 6մլն դրամ, որն ամբողջությամբ, դեռ մի բան էլ ավելին, ուղղվում է աշխատավարձերին:

Մեզ հետ զրույցում Խնկոյանի գյուղապետ Վարուժան Համբարձումյանը նշեց, որ անգամ 6 մլն դոտացիան չի հերիքում աշխատավարձերին, սեփական եկամուտներն են հավաքագրում, որ կարողանան աշխատավարձ վճարել: Գյուղապետից հետաքրքրվեցինք, թե քանի աշխատող ունի գյուղապետարանը, պարզվեց՝ 5 աշխատակից՝ գյուղապետ, աշխատակազմի ղեկավար, հաշվապահ, սանտեխնիկ ու հավաքարար: Համայնքի ղեկավարի մաքուր աշխատավարձը 126 000 դրամ է կազմում:
Գյուղապետը նկատեց՝ թափուր հաստիքներ կան, որոնք այսօր հնարավոր չէ պահել, քանի որ բյուջեն չի հերիքում: «Տեղակալ չունեմ, հողաշինարար չունեմ, կարիքը կա, բայց փող չկա, որ պահեմ, ամբողջն իմ վրա է»,-ասաց նա:
Համեմատության համար նշենք, որ համայնքներ կան, որոնք ո՛չ սանտեխնիկ ունեն, ո՛չ էլ հավաքարար, իսկ այն համայնքներում, որտեղ կան նման հաստիքներ, կես դրույքով են վճարում՝ այդ կերպ տնտեսումներ անելով համայնքի սուղ բյուջեում, իսկ խնայված գումարներն էլ ուղղվում են սոցիալական ծրագրերին ու համայնքի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը:
Նշենք, որ Խնկոյան գյուղն ունի 400 բնակիչ, հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու հողագործությունն է: Պետական վերջին ծրագիրն իրականացվել է 4 տարի առաջ. ոռոգման ջրագիծ է քաշվել:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր




Լրահոս