ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԻՐ ԳԻՆՆ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հանրային գիտակցության մեջ ընտրությունների վերաբերյալ պատկերացումները շատ դեպքերում իրականությունից կտրված են, եւ կան հարցեր, որոնց մասին քաղաքական ուժերը նախընտրում են լռել: Մինչդեռ չքննարկվող թեմաների մեջ կան այնպիսիք, որոնք իրականում կանխորոշում են ընտրությունների ելքը:

Նման կարեւոր, բայց «արգելված» թեմաներից մեկը ընտրությունների ֆինանսավորման հարցն է: Եթե իշխանական կուսակցությունների դեպքում այդ «գաղտնապահությունը» ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ նրանք տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսում, ինչի իրավունքը չունեն, եւ մյուս կողմից էլ չեն կարող պարզաբանել, թե այդ գումարները իրենց որտեղից, ապա ընդդիմադիր քաղաքական ուժերի դեպքում ընտրությունների ֆինանսավորման մասին չբարձրաձայնելը անհասկանալի է: Մինչդեռ ընտրական գործընթացների մասին պատկերացում ունեցող ցանկացած ոք կփաստի, որ առանց պատշաճ ֆինանսավորման հնարավոր չէ ընտրություններում լուրջ արդյունքների հասնել:
Իսկ որպեսզի հասկանալի լինի, թե ինչ գումարների մասին է խոսքը, փորձենք ընտրություններին մասնակցության մի փոքր նախահաշիվ ներկայացնել: Այսպես՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու համար ամեն մի կուսակցություն կամ դաշինք պետք է վճարի 10 միլիոն դրամ նախընտրական գրավ: ՀՀ ընտրական օրենսգրքով ընտրությունների ամեն մի մասնակից քարոզարշավի վրա կարող է ծախսել մինչեւ 500 միլիոն դրամ: Ընտրություններում լուրջ հաջողության հասնելու համար հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է կարողանան օրենքով ընձեռնված այդ հնարավորությունը ամբողջությամբ օգտագործել: Դա նշանակում է օգտվել նախընտրական վճարովի հեռուստաեթերից, որի համար հիմնականում աստղաբաշխական թանկ գներ են սահմանվում: Ինչպես հայտնի է՝ հեռուստաեթերը ամբողջությամբ տնօրինում են իշխանությունները կամ նրանց մերձավոր անձինք ու քաղաքական ուժերը: Ուստի ընդդիմությունը լուրջ ակնկալիքներ ունենալու համար պետք է կարողանա գոնե վճարովի հիմունքներով օգտվել հեռուստաեթերից: Առավել եւս, որ հատկապես գյուղական բնակավայրերի ընտրողների համար հեռուստաեթերը շարունակում է մնալ տեղեկություն ստանալու հիմնական աղբյուրը:
Քարոզչության համար կարեւոր գործիքներից են ընտրական շտաբները: Ընտրություններում հաջողության հասնելու համար քաղաքական ուժը պետք է կարողանա շտաբներ հիմնել բոլոր գյուղական համայնքներում, իսկ մեծ ու փոքր քաղաքներում էլ շտաբների թիվը պետք է լինի առնվազն 4 տեղամասի համար մեկական հաշվարկով: Ըստ այդմ, ստացվում է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ողջ հանրապետությունում պետք է ձեւավորեն առնվազն հազար հատ շտաբ, որոնցից 800-ը կգործեն գյուղական համայնքներում, իսկ մնացած 200-ը՝ քաղաքներում: Մեկ շտաբի համար միջինը անհրաժեշտ կլինի 100 հազար դրամ գումար, որը իր մեջ կներառի ինչպես տարածքի վարձակալության, այնպես էլ կոմունալ եւ մնացած մանր ծախսերը: Ըստ այդմ, ստացվում է, որ միայն շտաբներ ձեւավորելու համար քաղաքական ուժը պետք է հատկացնի 100 մլն դրամ: Ի դեպ, այս գումարը պետք չի ներառել վերը նշված 500 մլն դրամի մեջ:
Բացի այդ՝ առանձին ֆինանսական ռեսուրսներ են պահանջվում նաեւ քվեարկության օրը տեղամասերում քաղաքական ուժի շահերը պաշտպանող վստահված անձանց համար: ԱԺ ընտրությունների ժամանակ ամեն մի մասնակից կարող է յուրաքանչյուր տեղամասում ունենալ երկուական վստահված անձ: Դա նշանակում է, որ հանրապետության բոլոր տեղամասերը «ծածկելու» համար մասնակից քաղաքական ուժը պետք է ունենա առնվազն 5 հազար վստահված անձ, որոնցից 4 հազարը կլինեն մշտական ներսում գտնվողները, իսկ մնացած հազարը անհրաժեշտության դեպքում կփոխարինեն նրանց: Ընտրությունների փորձը ցույց է տվել, որ քաղաքական ուժը քվեարկության օրը վստահված անձանց «պահելու» համար պետք է հատկացնի առնվազն 15 հազար դրամ ամեն մի տեղամասի կտրվածքով, որը իր մեջ կներառի ինչպես վստահված անձանց սնունդը, այնպես էլ կապի միջոցները, ճանապարհածախսը եւ այսպես շարունակ: Այսինքն՝ ընտրությունների վերահսկման միայն մեկ օրվա համար մասնակից քաղաքական ուժը պետք է կարողանա հատկացնել եւս 30 մլն դրամ: Ի դեպ, այս գումարը եւս չի ներառվում վերը նշված 500 մլն դրամի մեջ:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Աժ ընտրություններում հաղթելու համար ընդդիմադիր քաղաքական ուժի տրամադրության տակ պետք է լինի առնվազն 650 մլն դրամ, կամ նույնն է, թե 1 մլն 300 հազար դոլար:
Այն պահին, երբ Հայաստանի որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժ նման գումար կունենա, կարելի է ակնկալել, որ այդ կուսակցությունը կարող է լուրջ հաջողության հասնել, ընդհուպ մինչեւ իշխանափոխություն իրականացնելը: Իսկ քանի դեռ ընդդիմադիր կուսակցությունները նման գումար չունեն, նրանց հաջողությունները միշտ մասնակի են լինելու` իշխանափոխությունից «5 պակաս» վիճակով:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՇՇԻ ՄԵԼՈՆ ԿՈՂՄ Է
Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ, չնայած ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը պաշտոնապես հայտարարել էր, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը՝ այդպիսով հրաժարվելով որեւէ պատասխանատվություն կրել գործադիրի քայլերի համար, այնուամենայնիվ, եղան ԲՀԿ-ականներ, որոնք ոչ միայն մասնակցեցին, այլ նաեւ կողմ քվեարկեցին: Մասնավորապես, կողմ քվեարկածների մեջ էին ԲՀԿ խմբակցության անդամներ Մուրադ Գուլոյանը (Գագիկ Ծառուկյանի խնամին) եւ Մելիք Մանուկյանը` ՇՇի Մելո: «Ժողովուրդ»-ը փորձեց Մելիք Մանուկյանից պարզել, թե ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունից հետո, ինչու ինքը որոշեց ոչ միայն մասնակցել քվեարկությանը, այլ նաեւ մի բան էլ կողմ քվեարկել:Ի վերջո, ինքն այժմ ԲՀԿ անդա՞մ է, թե՞ ՀՀԿ-ի: Սակայն Մելիք Մանուկյանը հրաժարվեց հարցին պատասխանել` պատճառաբանելով, թե զբաղված է:

 

 

«ԱԶԳՈՎԻ ԿԽՆԴՐԵՆ»
«Ժողովուրդ»-ը անցած շաբաթ տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ականները ծրագրում են ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «ազգովի խնդրելու» ակցիա կազմակերպել, որպեսզի նա վերադառնա ակտիվ քաղաքականություն: Երեկ մեզ հայտնի դարձավ, թե ԲՀԿ-ականները երբ են ծրագրում իրենց «ազգովի խնդրելու» ակցիան: Նախատեսվում է, որ մի քանի հազար ԲՀԿ-ականներ եկող երկուշաբթի՝ ժամը 13.00-ին, երթով գնալու են Գագիկ Ծառուկյանի մոտ եւ խնդրելու են նրան` վերադառնալ ակտիվ քաղաքականություն: ԲՀԿ-ում հույս ունեն, որ իրենց ակցիայից հետո Գագիկ Ծառուկյանն առանց կաշկանդվելու կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին: Թեեւ լուրեր կան, որ նա երկրում չէ:

 

 

ԱԶԱՏԵԼ ԵՆ
Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գառնիկ Բադալյանն ազատվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից: Նշենք, որ Բադալյանը 12 տարի նույն պաշտոնն է զբաղեցրել: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գառնիկ Բադալյանին հաճախ կարելի է օրվա երկրորդ կեսին տեսնել «քեֆը լավ» վիճակում: Նախկին փոխնախարարի «առանձնահատկություններից» մեկն այն է եղել, որ նա «Վիվառո» բուքմեյքերական ընկերության եւ «Կովկաս» պանդոկների ցանցի սեփականատերերի մերձավոր ազգականն է:

 

 

ԱՆՈՒՂՂԱԿԻ ՄԵՂԱԴՐԵՑ
Երեկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ ինքը երկար ժամանակ չի կարողացել Հայաստանից ուղիղ չվերթով մեկնել հայրենի Լեհաստան: Բանն այն է, որ լեհական «Լոտ» ավիաընկերությունն անցած տարվա հուլիսի 1-ից դադարեցրել էր դեպի Երեւան իր չվերթները: Սակայն այս տարվա սկզբից դրանք վերականգնեց: Պյոտր Սվիտալսկին անուղղակի ակնարկեց, որ չվերթները դադարեցնելը հայկական շուկայի հետ կապված խնդիրներով է պայմանավորված եղել:

 

 
ՀԱՎԱՔԱԳՐԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 18-ի համարում հրապարակել էր «Ստեփանավանի քաղաքապետարանը թերի է հավաքագրել հարկերը» հոդվածը, որտեղ նշել էինք, որ այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետարանը սեփական եկամուտները թերի է հավաքագրել: «Ժողովուրդ»-ի այս հոդվածին արձագանքել է Ստեփանավանի քաղաքապետարանը եւ ներկայացրել այս տարվա 9 ամիսների ընթացքում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները՝ ըստ հարկատեսակների: Ըստ այդմ, սեփական եկամուտներ՝ 100 տոկոս, հողի հարկ՝ 97.79 տոկոս, գույքահարկ՝ 99.8 տոկոս, գույքի վարձակալություն՝ 100.2, տեղական տուրք՝ 104. 3 տոկոս: «Ժողովուրդ»-ի հրապարակած հոդվածին ի պատասխան՝ Ստեփանավանի քաղաքապետարանից պարզաբանել են նաեւ հետեւյալը. «Քաղաքապետարանը չի ժխտում, որ եկամուտների հավաքագրման գործընթացը բարդ է եւ պատասխանատու, ուստի անհրաժեշտ է ամենօրյա հետեւողական աշխատանք, որը համայնքապետարանը կատարում է»:

 

 

ՀԱՎԱՔՆԵՐ
ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումները սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 22-ն անցկացրել են ճամբարային հավաքներ, որոնց շրջանակում անցկացված տեսական ու գործնական մարզումների, սպառազինության, ռազմական տեխնիկայի, անձնակազմի ստուգատեսների, գիշերային վարժանքների միջոցով բարձրացել է անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը, ներդաշնակվել են հրետանային ստորաբաժանումների գործողությունները, ամրապնդվել են հրամանատարական կազմի մարտավարական-մասնագիտական ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները:

 

 

ՍԱԴՈՅԱՆ ԿՐՏՍԵՐԻՆ
«Որդուս կալանավորել են իմ քաղաքական ելույթների պատճառով»: Tert.am-ին ասել է Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը՝ նշելով, որ որդու՝ Արեգ Սադոյանի կալանավորման հանգամանքն իր գործունեության հետ կապ ունի: Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի 20-ին զանգվածային անկարգությունների մեղադրանքով կալանավորված Ա. Սադոյանի ու Ռաֆայել Կարագյոզյանի դատական նիստը, սակայն գործով տուժող ճանաչվածների բացակայության հետեւանքով նիստը հետաձգվել է:

 

 

ՀԱՄԱՏԵՂ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին եւ ՀՀ նախագահի խորհրդական, նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանին: Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր:

 

 

ՆԱԵՎ ՄՈՆՂՈԼԻԱՅՈՒՄ
Սերժ Սարգսյանի հրամանագրով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոնղոլիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին):

 

 

ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՎ
ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի նոր համանախագահ, որը ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտին է: Նա տիրապետում է անգլերենի, ռուսերենի, գերմաներենի, շվեդերենի, վրացերենի եւ թուրքերենի: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել է հրամանագիր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ: Նոր կազմով համանախագահները այսօր կժամանեն տարածաշրջան:




Լրահոս