ՀՔԾ-Ն ՀԱՐՑԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով զարգացումները դեռ շարունակվում են: Ըստ ամենայնի, այն, ինչ իրավապահներին հայտնել է ԴԱՀԿ նախկին պետը միջազգային կառույցներում իր անվան հետ, ՀՔԾ-ին չի բավարարել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՔԾ-ն հարցեր է ուղարկել հայտնի մի քանի ընկերությունների, որոնք առնչվում են ԴԱՀԿ պետի անվան հետ:

Դեռեւս հունիսին գրել էինք, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը 2 անգամ ներկայացել է ՀՔԾ եւ ցուցմունք տվել: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ին «Հետք» պարբերականը գաղտնազերծեց փաստաթղթեր` համաձայն որոնց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը բաժնետեր է Պանամայի օֆշորային գոտում գրանցված երեք ընկերությունների: Այս հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է ուսումնասիրել մամուլում հրապարակված տեղեկությունները: Ավելի ուշ հանձնարարվեց hատուկ քննչական ծառայությանը, որ մայիսի 2-ին ՀՔԾ-ում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների մասով հարուցվի քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Սկզբում Միհրան Պողոսյանը լռում էր, այնուհետեւ անձամբ ստանձնեց հրապարակայնորեն իրեն պաշտպանելու գործընթացը: Վերջինիս գրասենյակը մայիսի 20-ին հայտարարություն տարածեց, թե մամուլում գրված շվեյցարական «LGT» բանկում Միհրան Պողոսյանի հաշիվների մասին հատվածը հերքվել է Շվեյցարիայից իրենց տրված պատասխանով: Ըստ գրասենյակի՝ Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող ընկերությունների անունով որեւէ հաշվեհամար գոյություն չունի: Սակայն այս հարցաքննությունից հետո ՀՔԾ Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել են քննչական գործողությունների, որտեղ, ըստ ամենայնի, վերջինս հայտնել է, որ միջազգային վերոնշյալ ընկերությունը ինչպես եւ ինչ հիմնավորմամբ է հերքել իր հաշիվների հետ կապված հատվածը: Սակայն, ըստ էության, այս պատասխանը չի բավարել իրավապահներին, վերջինիս հարցաքննության են հրավիրել միջազգային, ինչպես նաեւ տեղական մի շարք կառույցների ներկայացուցիչների եւ փորձել ստուգել ԴԱՀԿ նախկին պետի տված ցուցմունքները: Ավելին՝ օրերս ՀՔԾ-ն հարցերի փաթեթ է կազմել եւ ուղարկել է միջազգային կազմակերպությունների, իսկ ովքեր են այդ կազմակերպությունները:
Հիշեցնենք, որ ըստ «Հետք»-ի գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Պանամայում գրանցված հետեւյալ ընկերությունների բաժնետեր է` «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ-ին (BANGIO INVEST S.A.), իսկ, ահա, «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» եւ «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» ըկերությունները հավասարապես կիսում են Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնեմասը: Ի դեպ , «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն էր իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գնահատումը ԴԱՀԿԾ-ի վարույթի շրջանակներում՝ այն գնահատելով ընդամենը 25,8 մլրդ դրամ, ուստի պարզ է, թե ինչու էր գնահատողի հետ մեկտեղ 2014 թ. հուլիսին ամբողջ ԴԱՀԿԾ-ն գտնվում համալիրում:
Եւ հիմա լուրեր կան, որ ՀՔԾ-ն հարցաքննել է «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի համապատասխան մասնագետներին, ու բանը հասել է միջազգային կառույցներին: Իսկ թե ինչ պատասխաններ կներկայացնեն միջազգային կառույցները, ցույց կտա ժամանակը:
Ի դեպ, ինչպես հայտնի է՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաեւ Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ, սակայն գործն այդպես էլ գլուխ չեկավ, իսկ թե ինչ կլինի ԴԱՀԿ նախկին պետի գործի ճակատագիրը, դժվար չէ կանխատեսել:
«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ քաղաքական որոշումը՝ Միհրան Պողոսյանին այդ պատմությունից «մաքրելու» վերաբերյալ, կայացված է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՆԱԽԱՐԱՐԸ ԼՈՒՌ Է
Վանաձորում հոկտեմբերի 18-ին 32-ամյա ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան դեպքը շատ հարցեր է պարունակում: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրգործ՝ բժշկական օգնություն ցուցաբերողի կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարելու հետեւանքով բուժվողի մահ առաջանալու հատկանիշներով: «Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 19-ին հայտնել էր, որ կատարվածում ծննդկանի հարազատները մեղադրում են Վանաձորի ծննդատան երկու բժիշկներին՝ Արսեն Բալայանին ու Դավիթ Շահվերդյանին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հ. Նազլուխանյանի հղությունը վերահսկած գինեկոլոգ Ռաիսա Սահակյանը միանշնակ պնդեց, որ կնոջ մոտ հղիության 9 ամիսների ընթացքում որեւէ խնդիր չի առաջացել. «Բավականին հարթ ընթացող հղիություն է եղել»: Մեր դիտարկմանը, որ բժշկուհին կնոջն ու ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ ծննդկանը ծննդաբերության ժամանակ կարող է նեղ կոնքի հետ կապված խնդիրներ ունենալ, պարզաբանեց. «Նեղ կոնքի մասին խոսք լինել չի կարող, քանի որ նման խոսք ես չեմ ասել: Դա որոշվում է ծննդատանը՝ բժշկի կողմից: Ես նման բան չեմ ասել, ես ով եմ, որ հրաման տամ, թե նեղ կոնք է, կեսարյան արեք, դա հորինվածք է»: Մինչդեռ մահացած ծննդկանի սկեսուրը հակառակն է փաստում՝ իրենց պոլիկլինիկայից հենց նեղ կոնքի մասով ուղեգրել են հիվանդանոց. «Գնացինք սովորական կոնսուլտացիայի, բժշկի քույրը՝ Ռիտան, ասաց՝ գնացեք ծննդատուն, ձեր հարսի հետ պռոբլեմ կա, ասացի՝ ինչ պրոբլեմ, պատասխանեց՝ ներսի կոնքերի պոբլեմ կա: Տարա ծննդատուն, ստուգեցին ու ասացին՝ շտապ պառկացրեք»:
Այս լուրերը եւս բժիշկ Սահակյանը հերքեց. «Նման բան չի եղել, եթե լիներ, ես ավելի վաղ կուղարկեի հոսպիտալացման, բայց նման բան չի եղել երբեք»: Մանկաբարձ-գինեկոլոգի խոսքով՝ ինքը Հռիփսիմեին ծննդաբերությունից 21 օր առաջ ուղեգրել է ծննդատուն՝ ըստ սահմանված կարգի, այլ ոչ թե առաջացած բարդությունների. «ՀՀ չափորոշիչներով՝ բոլոր 30-ից բարձր տարիք ունեցող հղիներին պարտադիր ուղեգրում ենք նախածննդյան հոսպիտալիզացիայի, որպեսզի ծննդատանը որոշեն՝ ինչպես վարել ծննդաբերությունը»: Ասում է՝ կեսարյան հատման ցուցում եւս չի տվել ինքը, ինչպես ընտանիքի անդամներն են հայտարարում:
Իսկ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ կինը ընդունվել է սեպտեմբերի 26-ին Վանաձորի ծննդատուն. 21 օր մնացել է այնտեղ: Կատարվել է նախածննդյան հոսպիտալիզացիա, բնական ճանապարհով ծննդաբերել է կենդանի հասուն տղա. որեւէ շեղում՝ կապված ծննդաբերության հետ, կնոջ մոտ չի դիտվել: «Կինը դիմել էր հերթական այցի կոնսուլտացիա, եւ կոնսուլտացիան ապահովել է նրա նախածննդյան հոսպիտալիզացիան: Կարող էր 38-39 ուղարկել, 39-40 շաբաթում… բոլոր դեպքերում 38-39 շաբաթում ուղեգրել էր ծննդատուն, եւ կինը ներկայացել էր ծնարան»:
Հավելենք, որ նորածնի առողջական վիճակը լավ է, այսօր նրան դուրս կգրեն Վանաձորի ծննդատնից: Տղայի անունը Լեւոն է:
Հռիփսիմեի ամուսինը երեկ մեզ փոխանցեց, որ դեպքից մինչ օրս իրենք ո՛չ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկներից ու ո՛չ էլ ծննդատնից որեւէ ցավակցական խոսք անգամ չեն ստացել: ՀՀ առողջապահության նախարարությունից՝ եւս:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր

 

 

 
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԸ ԲԻԶՆԵՍ Է ԽԼՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ «Երեւան» բժշկական կենտրոնը չի գործում, ԲԿ-ում անգամ լույս չկա: Բժշկական կենտրոնը լուծարվում է, սակայն պատճառը ոչ թե ֆինանսական խնդիրներն են, այլ բժշկական կենտրոնի սեփականատերերի միջեւ տեղի ունեցող ներքին խմորումները:

Նախ նշենք, որ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել այս բժշկական կենտրոնում, որտեղ էլ արձանագրված խախտումների արդյունքում 100 մլն դրամ ակտ է գրանցվել: ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ ԲԿ ղեկավարությունը կատարել է ակտի գումարից 40 մլն դրամի վճարում: Իսկ կազմված նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն:
ArmLur.am-ը երեկ զրուցել է «Երեւան» ԲԿ կենտրոնի գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանի հետ, ում խոսքով, գրող-հրապարակախոս Զորի Բալայանն է փորձում իրենից խլել բժշկական կենտրոնը, եւ ստեղծված իրավիճակի արդյունքում ԲԿ-ն չի գործում: Տարոն Տոնոյանի ներկայացմամբ՝ այս պահին ԲԿ-ն չունի տնօրեն, որպեսզի կատարվեն բանկային փոխանցումներ, դեղորայքի գնում, հոսանքի գումար փոխանցվի եւ այլ գործարքներ իրականացվեն. «Ես կողմ էի նրան, որ տնօրեն Հակոբ Բալայանը ժամանակացույց ներկայացնի, եւ մենք գումարները վճարենք: Իսկ իմ գործընկեր Հայկ Բալայանը չի ցանկացել, որպեսզի ժամանակացույց գրվի, քանի որ ասել է՝ քսան տոկոսը ես կվճարեմ, ութանասունը դու վճարի: Մենք 50-50 բաժնետերեր ենք այս հիվանդանոցում: Տնօրենը չգրեց ժամանակացույցը, քանի որ ճնշում գործադրվեց հակառակ կողմից: Հաշիվների վրա կալանք դրվեց: Մենք ընդամենը մեկ ամսում գումարի կեսը վճարել ենք, այսինքն՝ սա աշխատող հիմնարկ է: Սա կլասսիկ, բազմաթիվ անգամ փորձարկված սխեմա է Զորի Բալայանի կողմից՝ ինձնից ձերբազատվելու: Սա ինձնից խլելու գործընթաց է: Ես ելքեր եմ առաջարկել: Բայց իմ գործընկերը (խմբ. Հայկ Բալայան) համաձայն չէ, ասում է՝ միայն ես պետք է լինեմ այստեղի տնօրենը»:
ArmLur.am-ը զրուցել է նաեւ «Երեւան» բժշկական կենտրոնի ընդհանուր եւ էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, վիրաբույժ Հայկ Բալայանի հետ, ով վստահեցրել է, որ իր հայրը՝ Զորի Բալայանը, նպատակ չունի բժշկական կենտրոնը խլելու: Լրատվականի դիտարկմանը, որ Զորի Բալայանը, մամուլի հրապարակումների համաձայն, հայտնի է մարդկանց գործերը խլելու մեծ փորձով, մասնավորապես, շատ է խոսվել՝ «Արցախ Հայրենակցական» միության նախագահ Հայկ Հարությունյանը զրկվել է այդ պաշտոնից հենց Զորի Բալայանի թեթեւ ձեռքով, եւ այդ տեղը զբաղեցրել է Վարուժան Գրիգորյանը, Հայկ Բալայանը հերյուրանք է որակել: ԲԿ-ի համասեփականատիրոջ ներկայացմամբ՝ Տարոն Տոնոյանը չի տվել իր համաձայնությունը, որպեսզի ինքը զբաղեցնի տնօրենի պաշտոնը: Նրա խոսքով՝ ինքը նպատակ չունի հեռացնելու Տ. Տոնոյանի՝ «հաշվապահության թիմի աշխատակցներին», պարզապես ցանկանում է վերահսկել նրանց աշխատանքը: ArmLur.am-ը հետաքրքրվել է նաեւ, թե ինչու Հայկ Բալայանը՝ որպես ԲԿ համասեփականատեր, չի վճարում տույժ տուգանքների մի մասը, Հայկ Բալայանը կտրուկ պատասխանել է. «Ես չեմ պատրաստվում նման բան անել: Խնդիրները մեր մեջ վաղուց են առաջացել: Նա չարաշահումներ է կատարել: Իրավապահներին չեմ դիմել զուտ գործընկերային հարաբերությունները պահպանելու համար, եւ չեմ ուզել. դա իմ անձնական իրավունքն է»:
Հիշեցնենք, որ Զորի Բալայանը համարվում է ղարաբաղյան կլանի «իդեոլոգը» հենց Զորի Բալայանն է, ով փայլուն հարաբերություններ ունի ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ




Լրահոս