ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է թիվ 19 պոլիկլինիկայում

Այս բժշկի աշխատանքային ժամը սկսվում է 13:30 եւ ավարտվում է հենց 16:48: Հետաքրքիր է՝ պահպանվո՞ւմ են արդյոք ֆիքսված ժամերը, թե ոչ: Մնում է հուսալ, որ ժամը 16:47-ին այցելած քաղաքացին պատշաճ կերպով կստանա համապատասխան բուժօգնություն:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ է կամավոր կուտակային կենսաթոշակային սխեման: Ընդհանրապես ովքե՞ր կարող են մասնակցել կամավոր կենսաթոշակային բաղադրիչին:

Լիաննա Արեւշատյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակից կարող է լինել ցանկացած անձ՝ անկախ տարիքից եւ անկախ այն հանգամանքից՝ արդյոք նա պարտադիր կուտակային եւ բաշխողական կենսաթոշակային բաղադրիչի մասնակից է, թե ոչ:
Կամավոր կենսաթոշակային բաղադրիչն ընդունված է անվանել կենսաթոշակային համակարգի 3-րդ բաղադրիչ: Կատարելով կամավոր կուտակային վճարներ՝ անձը ձեռք է բերում լրացուցիչ կենսաթոշակ ստանալու իրավունք: Անձի օգտին կամավոր կուտակային վճար կարող են կատարել նաեւ գործատուները՝ այդ նպատակով միանալով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի որեւէ կենսաթոշակային սխեմայի: Կամավոր կուտակային վճարի չափը կսահմանվի կողմերի՝ կամավոր կուտակային վճար կատարողի եւ կամավոր կուտակային սխեմա առաջարկող ֆինանսական կազմակերպության, փոխադարձ համաձայնությամբ:
Կամավոր կուտակային կենսաթոշակային սխեման, ըստ էության, պայմանագիր է մի կողմից՝ անձի կամ գործատուի եւ մյուս կողմից՝ կամավոր կուտակային կենսաթոշակային ծառայություններ մատուցողի միջեւ, որոշակի պայմաններով կամավոր կուտակային վճարումներ կատարելու, կամավոր կենսաթոշակ կուտակելու եւ վճարելու վերաբերյալ: Կամավոր կենսաթոշակային ծառայություններ կարող են մատուցել ապահովագրական ընկերությունները, բանկերը եւ կամավոր կենսաթոշակային ֆոնդերը: Ապահովագրական ընկերությունները կարող են առաջարկել միայն «սահմանված կենսաթոշակներ» սխեմաներ, բանկերը՝ «կուտակային կենսաթոշակային ավանդներ», իսկ կամավոր կենսաթոշակային ֆոնդերը՝ «սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմաներ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի եւ կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին ներկայացվող պահանջներն ու սահմանափակումները տարբեր են: Այդ իսկ պատճառով կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ունեցող կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը չի կարող զբաղվել կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ամուսնությունից հետո ամուսինների քաղաքացիության հարցն ի՞նչ սկզբունքով է կարգավորվում:

Մարինե Մնացականյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացու ամուսնությունն օտարերկրացու հետ մեխանիկորեն չի հանգեցնում ամուսիններից որեւէ մեկի քաղաքացիության փոփոխման, ինչպես նաեւ ամուսիններից մեկի քաղաքացիություն փոխելը չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխման: Սակայն նշված հանգամանքները կարող են հիմք հանդիսանալ քաղաքացիության փոփոխման համար:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետությունը, նրա դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունները եւ դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են պաշտպանել այլ պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքները, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկել նրանց խախտված իրավունքները վերականգնելու համար` այդ պետությունների օրենսդրությանը եւ միջազգային պայմանագրերին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում բնակվող ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը, որն այլ պետության քաղաքացիություն ունենալու ապացույց չունի, համարվում է քաղաքացիություն չունեցող անձ:




Լրահոս