ՀՀ ճանապարհային ոստիկանությունը շարունակում է մնալ ՀՀ ոստիկանության «աքիլլեսյան գարշապարը»: Փորձը ցույց է տալիս, որ այստեղ պետերը երկար չեն դիմանում: Պետական այս կառույցը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում այն պարզ պատճառով, որ այստեղ շատ են կոռուպցիոն ռիսկերը, մեծ փողեր են շրջանառվում:
Սակայն ՃՈ-ի շուրջ առաջացող պարբերական աղմուկները միայն պետերի անընդհատ եւ «դեռ չնշանակված» փոփոխությունները չեն:
Այսպես, ըստ որոշ տեղեկությունների` ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվում է մի գործ, որն առնչվում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին: Իսկ ինչ կապ կարող է ունենալ ոստիկանապետի թիկնազորի պետը ճանապարհային ոստիկանության հետ:
Բանն այն է, որ ըստ օդում կախված լուրերի՝ Արշակ Հակոբյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ է ներգրավել ՃՈ աշխատակազմում, որոնք մեծ քանակությամբ տուգանքներ են գանձել վարորդներից, սակայն գանձումների մեծ մասը բյուջե չի մտել: Ենթադրվում է` դրանք տնօրինել է Արշակ Հակոբյանը: Պարզից էլ պարզ է, որ ճանապարհային ոստիկանությունը եկամտաբեր կառույց է, առավել եւս վարորդներին տուգանելու` օր օրի ավելացող տարատեսակ մեթոդների ներմուծման պարագայում: Եվ, ըստ երեւույթին, ոստիկանապետի թիկնազորի պետը որոշել է առյուծի բաժնից մի կտոր էլ իրեն բաժին հանել:
Իսկ որքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը. «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան` ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը հայտնեց. «Շրջանառվող լուրերը ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից մեկնաբանվել չեն կարող, սակայն, այնուամենայնիվ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում Արշակ Հակոբյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել»:
Չնայած ԱԱԾ հավաստիացումներին` հարկ ենք համարում հիշեցնել մամուլի հրապարակումներից մեկը: Այսպես՝ տեւական ժամանակ քաղաքական ու իրավական շրջանակներում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը դեռեւս 2014-ին ձերբակալված է եղել եւ պահվել ազգային անվտանգության ծառայությունում: Այս մասին 2014 թվականի մայիսի 7-ին գրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում:
Ինչեւէ, շարունակելով ՃՈ թեման՝ նկատենք, որ այս կառույցում պետերը բավականին հաճախ են փոխվում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ որն է, ի վերջո, ՀՀ ոստիկանության սույն ենթակառուցվածքի` պետերի առումով տարերային լինելու պատճառը:
Որքան էլ անսպասելի էր, ՃՈ նախկին պետերը չեն կիսում այն տեսակետը, որ ՃՈ-ն ոստիկանության «աքիլլեսյան գարշապարն» է: Ինչու ճանապարհային ոստիկանությունում պետերը երկար չեն դիմանում: Մեր հարցին ի պատասխան` ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը նշեց. «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել. շատ ներողություն: Ես չեմ կիսում այն կարծիքը, որ ճանապարհային ոստիկանությունը «աքիլլեսյան գարշապար» է դարձել: Ճանապարհային ոստիկանությունը շատ լուրջ կառույց է, շատ մեծ աշխատանք է կատարում: Այնպես որ…»:
Թեեւ Մարգար Օհանյանի յուրացման հայտնի պատմությունից հետո տարիներ են անցել, սակայն, ինչպես արդեն նկատեցինք, վերեւների ուշադրությունը մինչ օրս սեւեռված է ՃՈ-ի վրա: Այստեղ աշխատելը մշտապես յուղոտ պաշտոն է համարվել, իսկ հիմա այն, կարծես, գլխացավանքի է վերածվել:
Օրինակ՝ ՃՈ վերջին պետը՝ Արմեն Հակոբյանը, որը շատ կարճ ժամանակ առաջ ազատվեց աշխատանքից, աշխատեց ընդամենը 1 տարի 3 ամիս: Նրա նախկինը՝ Արտակ Հարությունյանը, դիմացավ ավելի քիչ՝ ընդամենը 8 ամիս: Մարգար Օհանյանից հետո ՃՈ ամենաերկարամյա պետն Արսեն Գալստյանն էր, որն աշխատեց 3 տարի: Հեռանալուց հետո նա նշանակվեց ոստիկանության կրթահամալիրի պետի ծառայության գծով տեղակալ՝ ի տարբերություն իրեն փոխարինածների, որոնք դեռ «հանգստանում են»:
Ո՞րն է պատճառը, որ ՃՈ պետերը երկարակյաց չեն: «Ժողովուրդ»-ն այս հարցով դիմեց մինչեւ վերջերս ընդհատակում գտնվող Արմեն Հակոբյանին. «Ես չեմ կարծում, որ ճանապարհային ոստիկանությունում խնդիրներն ավելի շատ են, կամ պետերը երկար չեն աշխատում: 2-3 տարին նորմալ ժամանակահատված է պաշտոնավարելու համար»,- պատասխանեց ՃՈ նախկին պետը: Մեր ճշտող հարցին` այդ դեպքում ինչու են պետերն անսպասելի լքում իրենց պաշտոնը` այլ պաշտոն, որպես կանոն, չզբաղեցնելով, Արմեն Հակոբյանը հորդորեց այդ եւ այլ հարցերով լրատվական բաժին դիմել:
Հիշեցնենք, որ Արմեն Հակոբյանի շուրջ տեւական ժամանակ տարբեր լուրեր էին շրջանառվում: Ըստ որոշ տեղեկությունների` ՃՈ նախկին պետը համարանիշներ էր վաճառել, ինչի արդյունքում ավելի ուշ ՃՈ աշխատակիցներ էին կալանավորվել:
Ինչպես հայտնի է` Արմեն Հակոբյանի անունը շրջանառվում էր նաեւ Մատաղիսի գործի սխալ վճռի մեջ: Ասել է, թե Ա. Հակոբյանի սխալ գործելաոճի հետեւանքով զինծառայողների սպանության գործով տեղի էր ունեցել դատական սխալ:
Իսկ հոկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՃՈ պետ նշանակվեց Եգոր Կարապետյանը, ով մինչ այդ Արմեն Հակոբյանի տեղակալն էր: Հուսանք՝ նորանշանակ պետը եւս աղմկալի պաշտոնաթողություն չի ունենա եւ կկարողանա դիմակայել պաշտոնի գայթակղությանը՝ միաժամանակ բավարարելով թիկնապահ-ղեկավարների պահանջները:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԾԵԾԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՉԷ՞
2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը Երեւանի Ալեք Մանուկյան փողոցում` «Տոտո» գրասենյակի առջեւ, դաժանորեն ծեծվել էր «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խոցանյանը: Դեպքից անմիջապես հետո խոսվում էր այն մասին, որ Խոցանյանի ծեծին մասնակցել է յոթ հոգի, որոնց մեջ եղել են բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ: Մասնավորապես, ըստ պաշտոնապես չհերքված տեղեկությունների` ծեծողների մեջ է եղել «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին: Վերջինս, սակայն, դեպքից հետո ArmLur.am լրատվականի հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը. «Նա` Թանգամյան Հարություն Երջանիկի, ես` Թանգամյան Վանիկ Երջանիկի, դա եղավ իմ տղե՞ն»: Հարցին՝ ստացվում է, որ ի՞ր եղբայրն է, Թանգամյանն այսպես է պատասխանել. «Ես չգիտեմ, պիտի հասկանաք»: Ի դեպ, այն, որ ծեծի կազմակերպիչը սերտ առնչություն ունի Թանգամյանի հետ, հաստատել է նաեւ տուժածի պետը`Վահե Դարբինյանը:
Իսկ ինչ ապացուցեցին իրավապահները: Նախ նշենք, որ արդարադատության առջեւ կանգնել է միայն մեկ հոգի` Վրաստանի Հանրապետության քաղաքացի Հարություն Թանգամյանը: Վերջինս, պարզվում է, ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզական եւ ներքին անվտանգության գլխավոր վարչության անվտանգության վարչության 2-րդ բաժնում մաքսային տեսուչ է: Ըստ մեղադրանքի՝ Հարություն Թանգամյանը 2015թ. օգոստոսի 21-ին դիտավորությամբ Վարազդատ Խոցանյանի առողջությանը պատճառել է նրա կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Վիճաբանությունը ծագել է այն պատճառով, որ Թանգամյանն իր «թիրախից» փորձել է հետաքրքրվել, թե Վրաստանի որ շրջանում է վերջինս ապրել: Ու այս` առաջին հայացքից անմեղ թվացող հարցը նման ավարտ է ունեցել:
Թանգամյանի ընկերները` Ներսես Գասպարյանն ու Կարեն Դավթյանը, ներգրավվել են որպես վկաներ: Ուշագրավն այն է, որ ըստ նախաքննական մարմնի` ՀՀ հատուկ քննչական ծառայության, նշված անձինք ներկա են գտնվել ծեծի ողջ ընթացքին: Իսկ դեպքից հետո Խոցանյանի լուսանկարները նայելիս հանրության մոտ տպավորություն էր ստեղծվում, որ նրան առնվազն մի քանի հոգով են ծեծի ենթարկել: Ստացվում է` որպես վկա ներգրավված երիտասարդները նայել են` ինչպես է իրենց ընկերը դաժան ծեծի ենթարկում անվտանգության աշխատակցին, եւ որեւէ քայլ չեն ձեռնարկել: Սա առնվազն տարօրինակ է, մանավանդ այն պարագայում, որ Խոցանյանը եւս Վրաստանի քաղաքացի է: Իսկ ինչո՞ւ ՀՔԾ-ն հաշվի չի առել այս հանգամանքը, եւ ինչու է Հարություն Թանգամյանը քավության նոխազ դարձել, դժվար է ասել: Թերեւս, այն պատճառով, որ Թանգամյանն ու Խոցանյանը «հաշտվել են»` վերջինիս վնասները փոխհատուցելու պայմանով:
Այսպիսով` «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խոցանյանին ծեծելու մեջ մեղադրվող մաքսային տեսուչ Հարություն Թանգամյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, ապա հաշտության եկել Խոցանյանի հետ, փոխհատուցել վնասները: Թանգամյանի պաշտպանը, համաձայն չլինելով դատարանի կայացրած վճռի հետ, վերաքննիչ բողոք է ներկայացրել: Ըստ պաշտպանի` Թանգամյանի նկատմամբ պետք է կիրառվի պայմանական ազատում` փորձաշրջան սահմանելով:
Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
900 ԿՐԱԿՈՑ
Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 50 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 900 կրակոց: ԼՂ հյուսիսային, հարավային եւ արեւելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ «ԻՍՏԻԳԼԱԼ» եւ «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (83 կրակոց):
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը, ով օրերս դանակահարել էր 22-ամյա Լեւոն Սահակյանին եւ զրկել նրան կյանքից, մեկուսարանում փորձել է ինքնասպան լինել: Նա պատերին ամրացվող կոճգամներ է կուլ տվել եւ փորձել վերջ տալ կյանքին: Տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատել է Ղազարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը. «Նա շատ ծանր հոգեբանական վիճակում է գտնվում եւ փորձել է նման քայլի դիմել»: Պաշտպանի խոսքով, Վահան Ղազարյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո՝ նա կրկին տարվել է մեկուսարան:
ԲԱ ԻՆՉՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՐՁԱՐ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ 2016 թվականի Ընտրական օրենսգիրքն ավելի վատն է, քան 2011 թվականի օրենսգիրքը։ «Մենք այդ կարծիքին ենք, որովհետեւ ընտրակարգերն են բավականին խնդրահարույց, ժողովրդավարական ընտրակարգեր չեն, օրինակ՝ այն, ինչ որ մենք տեսանք Գյումրիում եւ Վանաձորում, երբ մարդկանց մեծամասնությունը չունեցող թեկնածուն հաղթում է, եւ դա կարող է կրկնվել շատ ավելի վատ արտահայտմամբ: Եվ եթե Գյումրիում բոնուսների հարցն էր, իսկ Վանաձորում՝ ինչ-որ քաղաքական ինտրիգաների, ապա պառլամենտական ընտրությունների ժամանակ Ընտրական օրենսդրությունն այնպիսին է, որ հա՛մ բոնուսային համակարգ է լինելու, հա՛մ շատ հիասքանչ հնարավորություն է բացված քաղաքական առեւտրի համար մեծ կուսակցությունների պարագայում», – «Ազատությանն» ասել է Իոաննիսյանը՝ ընդգծելով, որ քաղհասարակության համար ամենախնդրահարույց դրույթները նրանք են, որոնք սահմանափակում են ընտրությունների հանրային վերահսկողությունը, տեղամասերում դիտորդների եւ լրագրողների ներկայությունը, ներդնում են տեղամասից դիտորդներին, լրագրողներին, վստահված անձանց «դուրս վռնդելու» ինստիտուտ: