ԱՇՈՒՆ-ՁՄԵՌ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ մեկ ամսից ձմեռ է, եւ ժամանակն է զգեստապահարանները թարմացնելու եւ պատրաստվելու նոր սեզոնին: Գրագետ համադրությունների, գույների եւ երանգների մեջ ճիշտ կողմնորոշվելու, նախապատվությունը գեղեցիկին եւ միաժամանակ հարմարին տալու հարցում վատ չէր լինի ծանոթանալ աշուն-ձմեռ նորաձեւության վերջին միտումներին: Այդ հարցում մեզ կարող են օգտակար լինել մասնագիտական խորհուրդները: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ:

Նրա խոսքով` այս սեզոնը գունային առումով բավական հարուստ է: Նորաձեւ են մանուշակագույնի, շագանակագույնի, մոխրագույնի, կանաչի գրեթե բոլոր երանգները: Դիմահարդարման դեպքում օգտագործվում են բորդոյի եւ մանուշակագույնի տաք եւ «հյութալի» երանգները:
Ինչ վերաբերում է գործվածքներին, դրանց ընտրության հարցում շատ հակասական առաջարկներ են արվում: Աշուն-ձմեռ նոր հավաքածուում հագուստի մեկ նմուշի վրա ներկայացված են ե՛ւ արհեստական, ե՛ւ բնական գործվածքներ: «Մոդայիկ են բնական թելով արված հաստ գործվածքները, ինչպես նաեւ` սպունգանման գործվածքները` բազմազան պրինտներով»,-հավելեց Ա. Գաբաջյանը:
Ոճաբանը նկատեց, որ աշուն-ձմեռ նոր հավաքածուի կազմում են լայն, մինչեւ ծնկները հասնող բաճկոնները, որոնք առաջին հայացքից կարող են մեծ թվալ կրողի համար: Նորաձեւ են նաեւ փայլուն, մետաղյա մատերիալ հիշեցնող «լասինաները» եւ տաբատները: Հավաքածուում իրենց ուրույն տեղն ունեն կարճ եւ լայն տաբատները: Բլուզներից ակտուալ են բաճկոն հիշեցնող մոդելները, վերնաշապիկներից` զգեստ հիշեցնող երկար մոդելները:
Ինչ վերաբերում է կոշիկներին եւ երկարաճիթ կոշիկներին, մոդայիկ են եւ հարմար հաստ տակացուներով լայն ու քառակուսի կրունկներով տեսակները: Ինչպես բոլոր սեզոններին, այս սեզոնին նույնպես դասական մոդել են համարվում նավակ-կոշիկները (սՏՊՏփՍՈ): Թրենդային են նաեւ կիսաճթքավոր բարձրակրունկները. «Սակայն դրանք ռիսկային են այն առումով, որ կարող են ոտքերը վիզուալ կերպով կարճացնել»,-զգուշացրեց ոճաբանը:
Մենք անդրադարձանք նաեւ աշուն-ձմեռ նոր հավաքածուի մաս կազմող աքսեսուարներին. «Նոր թրենդները` կապված, օրինակ, ակնոցի, գլխարկի հետ, շատ չեն փոխվել: Ակնոցի հավաքածուներում ավելացել են միայն քամելեոն-ապակիներով մոդելները: Ի տարբերություն նախորդ տարվա այս սեզոնին նորաձեւ համարվող գլխարկների, որոնք զարդարված էին բազմատեսակ քարերով, այս տարի դրանք միագույն են եւ զերծ զարդարանքներից:
Հետաքրքիր տեսականի է ներկայացված նաեւ պայուսակների հավաքածուներում: Նորաձեւ են մեծ, կլոր ու տանձաձեւ մոդելները:
Մենք չէինք կարող չանդրադառնալ կանացի գլխավոր թուլություններից մեկին` զարդերի ընտրությանը: Ակտուալ են նուրբ գույների, կաշվե թելերով մոդելները: Աչքի են ընկնում որեւէ կենցաղային իրի տեսքով պատրաստված հնաոճ մեդալիոնները: Նորաձեւ են երեկոյան ականջօղերը, ոչ շատ ծանր մետաղից, բայց, միեւնույն ժամանակ, փայլուն ու ներկայանալի զարդերը: «Առհասարակ, այս սեզոնին դիզայներները նախապատվությունը տվել են թանկարժեք մետաղներով զարդերին»,-նկատեց Ա. Գաբաջյանը:
Նա նաեւ շեշտեց, որ ինչքան էլ դիզայներներն իրենց հավաքածուների միջոցով փորձեն ուղղություն տալ նորաձեւության սիրահարներին, վերջիններս ինքնատիպ ոճ կերտելու համար պետք է վերցնեն իրենց պետք եկած դետալներն ու ցուցադրեն միայն իրենց բնորոշ կրեատիվ մոտեցումները:

 

 

 
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՄ»

«X Factor», «Պրեմիերա» նախագծերից հանրությանը հայտնի դարձած երգիչ, երգահան Արթուր Ալեքն իր ողջ ուժերը կենտրոնացրել է հայաստանցի ու ամերիկաբնակ հայ արտիստներից ոմանց համար նոր երգերի ստեղծման վրա: Վերջերս, օրինակ, տեղի ունեցավ Սրբուհի Սարգսյանի «Եթե կարող ես» երգի պրեմիերան, որի հեղինակներից մեկն էլ Արթուրն է: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իր համար էլ է երգեր գրում եւ հուսով է, որ դրանք շուտով կկարողանա հանձնել հանդիսատեսի դատին:

«Որպես երգահան համաշխարհային շուկա դուրս գալու նպատակ ունեմ: Գուցե անունս շատ չեք լսում, բայց ես ինտենսիվորեն աշխատում եմ այդ ուղղությամբ: Արդեն արտասահմանցիների կողմից իմ արվեստի նկատմամբ հետաքրքրություն եմ նկատում, ինչն ինձ անչափ ուրախացնում է: Իհարկե, ես երբեք չեմ թողնի երգելը, ուզում եմ որպես երգիչ էլ ինքս ինձ ռեալիզացնել դաշտում, բայց որպես երգահան գործունեությունս խորացնելու տեսլականն այս պահին ավելի ռեալ է»,-մեկնաբանեց նա:
Հարցին, թե արդյոք Հայաստանում այդ նպատակներն ի կատար ածելու համար կա համապատասխան միջավայր, երգահանը պատասխանեց. «Միջավայրն ինքս եմ ստեղծում, գտնում եմ մարդկանց, որոնց հետ հետաքրքիր է աշխատել: Հայաստանից, օրինակ, համագործակցում եմ DJ Սերժոյի հետ, ԱՄՆ-ից` Լազարոյի: Իսկ այստեղ ունեցած դժվարությունները դրսի դժվարությունների չնչին մասն են կազմում: Եթե պետք է անվերջ դժգոհենք, ավելի լավ է` առաջ շարժվելու մասին չմտածենք»:
Արթուրը համաձայնեց մեր այն դիտարկմանը, որ հայ երգիչ-երգչուհիներին պակասում են պրոֆեսիոնալ, որոշակի դպրոց անցած պրոդյուսերները. «Ամեն դեպքում կան կադրեր, որոնք փորձում են աշխատել, այսինքն` պրոցես կա: Գիտեք` պրոդյուսերի համար էլ է շատ դժվար գործել սահմանափակ դաշտում, որտեղ «պտտվելու» տեղը քիչ է»,-նկատեց նա:
Մենք հարցրինք Արթուրի կարծիքը` ինչն է պատճառը, որ մեր երգարվեստում անհատականություններն աստիճանաբար պակասում են. «Եթե հեռուստատեսությամբ ցուցադրվող երգիչ-երգչուհիներին նայենք, ապա անհատականության մասին խոսելը ծիծաղելի է. «տոննայով» հարսի շորի մասին երգեր են գրվում: Բայց եթե իջնենք, այսպես ասած, ընդհատակ, այնտեղ շատ հետաքրքիր կատարողների կհանդիպենք»,-ասաց նա:
Վերջում հետաքրքրվեցինք` արդյոք Արթուրին էլի կտեսնենք երաժշտական նախագծերում. «Բոլորովին նման ցանկություն չունեմ, ինձ կարող են գրավել միայն ոչ մրցութային նախագծերը»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ՉԻ ՏԵՂԱՓՈԽՎԻ
Կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանի աճյունը Հայաստան չի տեղափոխվի: Այս մասին News.am-ին հայտնել են մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից` հավելելով, որ սցենարիստի հուղարկավորությունը տեղի կունենա Ռուսաստանում: Նշենք, որ նա երկար տարիներ բնակվում էր Մոսկվայում: Ներսես Հովհաննիսյանը մահացել է հոկտեմբերի 23-ին, 78 տարեկան հասակում:

 

 

ԱՐՔԱՆԵՐԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐ
Աղձքում իրականացված պեղումների արդյունքում տեղի եկեղեցում հայոց արքաների ոսկորներ են հայտնաբերվել: «Եկեղեցու խորանի տակ մարդկային ոսկորներ պարունակող երեք սնդուկ ենք գտել: Ոսկորները խնամված էին եւ մաքրված, ինչը վկայում է այն մասին, որ դրանք արքայական են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է հնագետ Հակոբ Սիմոնյանը:
Ենթադրությունների համաձայն՝ ոսկորները կարող են պատկանել Արտաշիսյան կամ Արշակունյաց դինաստիայի արքաներին: Հնագետը տեղեկացրել է, որ իրենք սնդուկներից երկուսն են բացել: Իսկ երրորդը բացելու համար կհրավիրվեն լրագրողներ եւ պաշտոնյաներ` պահը նշանակալի դարձնելու նպատակով:
Հավելենք, որ Աղձքում պեղումները շարունակվում են եւ, ամենայն հավանականությամբ, դեռ մեկ տարի կտեւեն:

 

 

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ` «ԱԿՈՒՄԲ»
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը կազմակերպված BET Love and Happiness awards» միջոցառման ժամանակ հայտնի ռեփեր Աշերի հետ պարել է հիփ-հոփ կատարող Դրեյքի «Hotline Bling» հիթի հնչյունների ներքո: Lenta.ru-ի փոխանցմամբ` համապատասխան տեսանյութը հրապարակվել է Twitter-ում:
Սոցցանցերի եւ միկրոբլոգերի օգտատերերը հոլովակի ներքո բավական հակասական կարծիքներ են արտահայտել: Ոմանք Օբամայի արարքը որակել են որպես ինքնատիպ ու զիլ քայլ, մյուսներն էլ հորդորել են Սպիտակ տունը գիշերային ակումբի չվերածել:




Լրահոս