ՀԱԿ-Ը ՉԷՐ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ազգային կոնգրեսի» վարչությունը սկսում է 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական գործընթացը։ Այս մասին հոկտեմբերի 24-ին տարածած իր հայտարարության մեջ նշել էր կուսակցությունը:

Կոնգրեսը նաեւ հայտարարել էր, որ ԱԺ ընտրություններին ընդառաջ պատրաստ է համագործակցության ձեւաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք «խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձեւավորումն ու ժողովրդավարության հաստատումը: Նույն սկզբունքների պահպանմամբ պատրաստ են բաց քաղաքականություն կիրառելու եւ լայն համագործակցության (այդ թվում՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելը) հասարակական գործիչների, քաղաքացիական նախաձեռնությունների, գործարարների եւ անհատների հետ»: Արդյո՞ք այս հայտարարությունից հետո ՀԱԿ-ը ընդդիմադիր դաշտից համագործակցության առաջարկներ ստացել է: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ:
-Պարո՛ն Զուրաբյան, որեւէ քաղաքական ուժ արձագանքե՞լ է 2017 թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ միավորվելու ՀԱԿ-ի առաջարկին:
-Մենք չենք էլ ակնկալում արագ արձագանք: Հայտարարության իմաստը այն չէր, որ քաղենք արձագանքներ: Այն նրա համար էր, որ ընդհանուր մտորելու գաղափար տանք եւ ռազմավարական առաջարկ անենք: Իսկ թե երբ կսկսեն կոնսուլտացիաները եւ ինչ արդյունք կբերեն, դա հետագայի հարց է: Մենք արձագանք չենք սպասում ոչ մեկից, նման գործընթացները լրիվ այլ կերպ են կազմակերպվում, ոչ թե հրապարակային արձագանքներով, այլ կոնսուլտացիաներով:
-Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Ձեր կողմից էլ որեւէ առաջարկ չի եղել քաղաքական ուժերին:
-Ո՛չ, ո՛չ: Մենք դեռ որեւէ կոնսուլտացիա որեւէ մեկի հետ չենք անկացրել: Ընդամենը քաղաքական հայտարարություն էր մեր պատկերացումների մասին: Մենք հիմա որեւէ հրապարակային արձագանք չենք էլ ակնկալում այս պահին, չենք մտածում, որ հարցը պետք է կարգավորվի կամ լուծվի հրապարակային արձագանքներով:
-Իսկ ինչո՞ւ նման հայտարարությամբ հանդես չեկաք ՏԻՄ ընտրություններից առաջ:
-Նախ սա շատ ավելի կարեւոր խնդիր է, իշխանափոխության խնդիր է, դրանով է պայմանավորված այս հայտարարության անհրաժեշտությունը: Երկրորդ` ՏԻՄ ընտրությունների դեպքում մենք վարել ենք բանակցություններ՝ դաշինքներ կազմելու համար, ուղղակի դա չբերեց արդյունքի:
-Իսկ ո՞ր ուժերի հետ եք բանակցություններ վարել, եթե գաղտնիք չէ:
-Ինչ գաղտնիք կարող է լինել, նույն ԳԱԼԱ-ի հետ ենք վարել բանակցություններ:
-Իսկ ինչու՞ չստացվեց: Դու՞ք չցանկացաք արդյունքում դաշինք կազմել, թե՞ իրենք:
-Մեզնից կախված պատճառով չէր, դա կարող եմ ասել:
-Իսկ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն աչքի առաջ ունենալով՝ մտավախություն չունե՞ք, որ խորհրդարանական ընտրություններում եւս ցանկալի արդյունք չեք գրանցի:
-Ընդհանրապես մտավախություն չունենք: Դրանք /նկատի ունի ՏԻՄ ընտրությունները, Վ. Հ/ կուսակցությունների ռեյտինգի հետ որեւէ կապ չունեն: Դրանք ավելի շատ թեկնածուների պայքար էին, եւ հաջողության են հասել այն թեկնածուները, ովքեր ունեցել են կլանային, մաֆիոզ դիրքեր, ովքեր նյութական խոստումներ են տվել իրենց ընտրողներին եւ կիրառել են ընտրողներին տեղամաս բերելու ամբողջ համակարգը, դե, բացառությամբ, իհարկե, ԳԱԼԱ-ի եւ ԼՀ-ի:
-ՏԻՄ ընտրություններից հետո նաեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ի՞նչ փոփոխություն է նախաձեռնում իրականացնել Ձեր կուսակցությունը, խոսքը թե՛ Ձեր ծրագրերի եւ թե՛ վարչության կազմի մասին է:
-Մենք դրա համար պետք է հերթական համագումարն անենք դեկտեմբերին, ըստ երեւույթին, այնտեղ այդ հարցերի լուծումները կտրվեն:
-Հնարավո՞ր է՝ կուսակցության ղեկավար կազմում փոփոխություններ լինեն:
-Ոչ թե հնարավոր է, այլ պատվիրակներն ունեն կանոնադրական ազատություն` ընտրելու վարչության նոր կազմը:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 
ՍՊԱՍՎԵԼԻՔ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Այսօր` ժամը 20:00-ին, Մելիք Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ գլխավոր գրասենյակում կկայանա Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում կքննարկվի ՀՀԿ 16-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ համագումարը նախատեսված է նոյեմբերի 26-ին, եւ արդեն իսկ ասվել է, որ ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի կազմում լինելու են լուրջ փոփոխություններ: Այդ երկու մարմիններում, ինչպես հայտնի է, ընդգրկված են առավելապես գործող պաշտոնյաները կամ այդպիսին դառնալու ճանապարհին գտնվող անձինք: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ում քննարկվում է 19 հոգանոց ԳՄ կազմը փոփոխելու եւ 206 հոգանոց խորհուրդի թվաքանակը նվազեցնելու հարցը: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ի վերջին` 15-րդ համագումարը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 24-ին: Դրանից ընդամենը մեկուկես ամիս առաջ` ապրիլի 3-ին, հրաժարական էր ներկայացրել վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ ապրիլի 13-ին նրան փոխարինել էր Հովիկ Աբրահամյանը: Եվ հիմա ուշագրավ է, թե ինչպիսին կլինի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կուսակցական հեռանկարը:
Ինչպես հայտնի է՝ նա նշանակվելիս անկուսակցական էր, բայց ենթադրվում է, որ այդպիսին չի մնա, քանի որ, ըստ լուրերի, մինչեւ համագումարը նա կանդամագրվի ՀՀԿ-ին եւ նոյեմբերի 26-ին կդառնա կուսակցության փոխնախագահ: Չի բացառվում, որ այսօր կայանալիք ԳՄ նիստի ժամանակ քննարկվի նաեւ Կարեն Կարապետյանին փոխնախագահ նշանակելու հարցը: Սակայն մինչ վերջինիս նշանակելը, չմոռանանք ՀՀԿ-ի սպասվելիք «դիմահարդարման» մասին: Գրել էինք, որ մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀԿ ԳՄ-ում եւ խորհրդում բազմաթիվ օդիոզ դեմքեր եւ նախկին պաշտոնյաներ չեն լինելու:
Մասնավորապես, ակնկալվում է, որ ԳՄ նոր կազմում չեն լինի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՏԿ նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, Սամվել Նիկոյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, որի հարցը դեռ քննարկվում է, ինչպես նաեւ Դերենիկ Դումանյանը: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Սերժ Սարգսյանը գործադիր մարմնի անդամներին անհատապես է կանչում Բաղրամյան 26 եւ հայտնում նրանց գործադիր մարմինը լքելու մասին: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանից պարզել, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը անձամբ իրեն կանչել է Բաղրամյան 26 եւ հայտնել գործադիր մարմինը լքելու մասին: Ի պատասխան՝ Սամվել Նիկոյանն ասաց. «Ուրեմն Ձեր ասածի մեջ ճշմարտությունը միայն այն է, որ, այո, նոյեմբերի 26-ին սպասվում է մեր համագումարը, որտեղ գործադիր մարմնի ընտրություն կլինի, միակ ճշմարտությունը դա է: Որեւէ մեկը թող իր ֆանտազիային, ուղեղին, իղձերին կամ հոգուն, առողջ, թե հիվանդ երեւակայությանը զոռ չտա, ավելի լավ է՝ թող նստի եւ սպասի համագումարի արդյունքներին»:
Մեր դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ զգուշացրեց, որ նեղանալ եւ նեղսրտել չպիտի լինի, արդյո՞ք դա նաեւ իրեն կարող էր վերաբերվել, Նիկոյանն արձագանքեց.«Գիտեք, այդ հարցը Դուք ինձ չպետք է տայիք, քանի որ ես եղել եմ Ազգային ժողովի նախագահ, հետո պատգամավոր: Ով որ Ձեզ այս հարցը տվել է, նա տգետ է եւ չար հոգի ունի, վերջ»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԵՐԻՑ ՀԵՏՈ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ
Վահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո այդ մարզի ոստիկանության համակարգում սկսված կադրային ջարդը շարունակվում է: Հոկտեմբերի 20-ին պաշտոնանկ է արվել նաեւ Կապան քաղաքի ոստիկանապետ Արա Դավթյանը: Նշենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց Վախթանգ Ավագյանը: Կապանի նոր ոստիկանապետ է նշանակվել գնդապետ Արթուր Շմավոնյանը: Զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաեւ Մեղրիի ոստիկանապետ Վարդան Ծատրյանը: Այս պաշտնում նշանակվել է գնդապետ Կարեն Թադեւոսյանը: Ըստ սյունեցիների՝ վերոնշյալ ոստիկաններց շատերը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներն են եղել: Մեր տեղեկություններով՝ օրերս նորանշանակ մարզպետը գնացել է Սիսիան քաղաք, եւ ըստ սիսիանցիների՝ սպասվում է, որ առաջիկայում այդ քաղաքի բուժհաստատությունների տնօրենները եւս կփոխվեն:
 

ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՆԱԽՈՐԴՆԵՐԻՆ «ԿՐԵՑ»
«Մանդատ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ազգային ժողովի մոնիտորինգ» ծրագիրը ներկայացրել է 5-րդ գումարման ԱԺ-ի կողմից հավանության արժանացած կառավարության չորս ծրագրերի քվեարկության արդյունքների համեմատությունը: 2012-ի ԱԺ ընտրություններից հետո խորհրդարանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագիրը հաստատել է 2012թ. հունիսի 21-ին` 72 կողմ, 46 դեմ, 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով: 2013-ի նախագահական ընտրություններից հետո կրկին Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության ծրագիրը հաստատվել է 76 կողմ, 40 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: 2014-ի մայիսին` Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը հաստատվել է 67 կողմ, 2 ձեռնպահ ձայներով: Հիշեցնենք, որ նոր կառավարության ծրագրին մի քանի օր առաջ ԱԺ-ն հաստատեց 85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ ձայներով:

 

 

ԾԵԾՎԱԾՆ ԻՐԵՆ ՀԱՂԹԱԾ Է ՀԱՄԱՐՈՒՄ
Էջմիածնում քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը երեկ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ վերընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանի պատվերով ծեծի ենթարկվելու գործով նախօրեին իրավապահներն իրեն հերթական հարցաքննությանն են հրավիրել: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ քննությունը շարունակվում է, նոր բացահայտված հանգամանքներ իրեն հայտնի չեն. «Մենք նախաքննության գաղտնիությունը պահելու ստորագրություն ենք դրել: Միայն կարող եմ ասել, որ ինձ պարբերաբար հարցաքննության են կանչում»,- ասաց Թումանյանը: Ի դեպ, նա իրեն հաղթած է համարում: Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ հաղթանակն իրենն է, պարզապես իր մրցակիցը՝ Կարեն Գրիգորյանը, ապօրինի քայլերի է դիմել: Մեր հարցին` կատարվածից հետո հանդիպե՞լ է գործող քաղաքապետի հետ, քննարկե՞լ է տեղի ունեցածը, Թումանյանը պատասխանեց. «Ես չէ, որ պիտի գնամ իր մոտ: Մենք ենք տուժողը: Մեր ձեռքից են խլել քաղաքապետարանը: Ես ինձ համարում եմ հաղթած եւ հույս ունեմ, որ մեղավորը կպատժվի»:




Լրահոս