ԽՆԴԻՐ, ՈՐԸ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա վերջին` չորորդ եռամսյակում պետական բյուջեի եկամուտները պետք է կազմեն 403 միլիարդ 700 միլիոն դրամ, որպեսզի «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը կատարվի: Բայց քանի որ նման հեռանկարն իրատեսական չէ, ակնհայտ է, որ պետական բյուջեի եկամուտների մասով թերակատարումը` վերջին հինգ տարիների կտրվածքով, ամենամեծն է լինելու:

Ինչպես հայտնի է` այս տարվա ինն ամիսների արդյունքներով եկամուտների մասով պետական բյուջեի նշված ժամանակահատվածի պլանը թերակատարվել է ավելի քան 53 միլիարդ դրամով: Ինն ամսում պետբյուջեի եկամուտները կազմել են 836 միլիարդ դրամ: Մինչդեռ տարեկան պլանով եկամուտները պետք է կազմեն 1 տրիլիոն 239 միլիարդ 696 միլիոն դրամ: Ի սկզբանե կարող ենք արձանագրել, որ երեք ամսում 403 միլիարդ 700 միլիոն դրամի եկամուտի ապահովումն անհնար է: Պետական բյուջեի ամսական եկամուտները միջինը կազմում են 93 միլիարդ դրամ: Վերջին եռամսյակում այդ ցուցանիշը, իհարկե, մի փոքր ավելանում է, բայց դա չի կարող ամսական մինչեւ 135 միլիարդ դրամի հասնել: Օրինակ՝ անցած տարի չորրորդ եռամսյակում պետական բյուջեի եկամուտները կազմել են 314 միլիարդ 382 միլիոն դրամ: Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությանը եթե հաջողվի այդ ցուցանիշը կրկնել կամ անգամ մի փոքր էլ այն բարելավել, ապա առավելագույնն այդ թիվը կարող է մինչեւ 320 միլիարդ դրամ կազմել:
Այսինքն՝ առկա տվյալները վկայում են, որ տարվա կտրվածքով 2016 թվականի պետական բյուջեի թերակատարումը կազմելու է 80-ից 85 միլիարդ դրամ: Հիշեցնենք, որ անցած 2015 թվականի պետական բյուջեն եւս ավելի քան 80 միլիարդ դրամով թերակատարվել էր: Իսկ որպեսզի հասկանալի դառնա խնդրի լրջությունը, ներկայացնենք նախորդ հինգ տարիներին բյուջեի կատարողականները` եկամուտների մասով:
2010 թ. գերակատարվել է -7,5 մլրդ
2011 թ. թերակատարվել է -2,3 մլրդ
2012 թ. գերակատարվել է -1,3 մլրդ
2013 թ. թերակատարվել է-2,5 մլրդ
2014 թ. թերակատարվել է-44 մլրդ
2015 թ. թերակատարվել է -80,9 մլրդ
Հիշեցնենք, որ 2009 թվականին, երբ միջազգային տնտեսական ճգնաժամի արդյունքում Հայաստանի տնտեսությունը եւս ծանր կացության մեջ էր հայտնվել, եւ պաշտոնապես Հայաստանում 15 տոկոսի հասնող տնտեսական անկում արձանագրվեց, պետական բյուջեի եկամուտների թերակատարումը կազմել էր 235 միլիարդ 900 միլիոն դրամ: Բայց դրանից հետո միջազգային տնտեսական ճգնաժամն աշխարհում հաղթահարվեց, ինչի արդյունքում Հայաստանում եւս դրա ազդեցությունը վերացավ, քանի որ արտերկրից Հայաստան եկող տրանսֆերտները կրկին աճեցին:
Սակայն 2014-ի տարեվերջից սկսած` նավթի եւ գազի միջազգային գների անկման արդյունքում Ռուսաստանի տնտեսական վիճակը սկսեց վատթարանալ, ինչի հետեւանքով այդ երկրից Հայաստան եկող տրանսֆերտները ամսեամիս սկսեցին ավելի նվազել: Արդյունքում պարզվեց, որ Հայաստանի տնտեսությունը, որպես այդպիսին, ամբողջությամբ կախված է Ռուսաստանից եկող տրանսֆերտներից: Բայց ողջ խնդիրն այն է, որ հեռանկարում նավթի եւ գազի միջազգային գների բարձրացում չի նշմարվում, իսկ Ռուսաստանն էլ ամեն ինչ անում է, որպեսզի իր երկրից գումարի արտահոսքը գնալով ավելի ու ավելի կրճատի: Այսինքն՝ Հայաստանի տնտեսությունը ներկա կառուցվածքով դատապարտված է փլուզման: Ակնհայտ է, որ երկարաժամկետ հեռանկարում իրավիճակը կարող է շտկվել միայն ազատ մրցակցությամբ եւ դրանով պայմանավորված արդյունաբերության զարգացմամբ: Սակայն ողջ խնդիրն այն է, որ Հայաստանի տնտեսության ներկայիս կառուցվածքը հենց այնպես չի ձեւավորվել: Այդ տնտեսության վրա հիմնված Հայաստանի քաղաքական դաշտը, կամ այլ կերպ ասած՝ գերկենտրոնացած տնտեսական համակարգը ներկա իշխանությունների հենարանն է: Եթե նրանք այդ համակարգից հրաժարվեն, ապա մոտ հեռանկարում կկորցնեն իրենց իշխանությունը: Մյուս կողմից, ներկա վիճակը եւս չի կարող շարունակվել:
Մեր տեղեկություններով՝ արդեն տասն օր է՝ հարկային տեսուչները իրենց վերահսկողության տակ գտնվող տնտեսվարողներին համոզում-հորդորում են սովորականից ավել հարկ վճարել, ինչպես նաեւ մի փոքր բարձրացնել աշխատավարձերի չափը, որպեսզի եկող տարվա սկզբից եկամտային հարկի վճարումների չափերը եւս ավելանան: Ավելին՝ ըստ լուրերի՝ հարկայինի աշխատակիցները չեն թաքցնում, որ պարտադրված են նման հորդորով դիմում գործարարին, քանի որ հակառակ դեպքում եկող տարվա սկզբին պետական բյուջեն կարող է շատ ծանր կացության մեջ հայտնվել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԱԿԱՆ ԱՆՊԱՏԻԺ ԿՄՆԱ
Ինչպես հայտնի է` հոկտեմբերի 5-ին` Վանաձորում տեղի ունեցած ավագանու ընտրություններից երեք օր անց, «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՕԵԿ) Վանաձորի ավագանու անդամի թեկնածուների ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի էր ենթարկել Վանաձորի Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Փելեշյանին մեղադրանք էր առաջադրվել ծեծի հատկանիշներով, նա ստորագրությամբ ազատ էր արձակվել իր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի եւ որոշ ՀՀԿ-ականների միջնորդությամբ: Ծեծի ենթարկված հոգեւորականը երեկ «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Փելեշյանը նախօրեին այցելել է իրեն եւ ներողություն խնդրել կատարվածի, իսկ ավելի կոնկրետ` իրեն ծեծելու համար: Մեր հարցին՝ Փելեշյանը նշել է, որ զղջո՞ւմ է կատարվածի համար, Գրիգորյանը բացասական պատասխան տվեց. «Ո՛չ, միայն ասում էր, որ խորապես ներողություն է խնդրում: Ես զգացի, որ նա իրոք զղջում է եւ հետագայում այլեւս նման բան չի անի»: Ըստ երեւույթին՝ քրեական գործը կկարճվի, եւ քրեական անցյալով ու ներկայով հայտնի Արկադի Փելեշյանը կրկին անպատիժ կմնա:

 

 

ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ՈՒՆԵՑՎԱԾՔԸ» ԿԼՈՒԾԱՐՎԻ
Երեկ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհրդaրանում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց, որ իրենց նախարարության հաշվեկշռում գտնվող «Դիլիջանի ուսումնական կենտրոնը» հնարավոր է` առաջիկայում լուծարվի: Իսկ ուսումնական կենտրոնի շքեղ համալիրի ճակատագրի հետ կապված նախարարը հուշեց, որ այն կհանձնվի պետական գույքի կառավարման վարչությանը: Իսկ թե վերջինս ինչպես կվարվի շենքի հետ՝ այն աճուրդի կհանի, թե ոչ, նախարարը չհայտնեց: Հիշեցնենք, որ 2011 թվականից այդ կենտրոնի կառուցման համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 300 մլն դոլար: Այս կենտրոնի կառուցման կնքահայրը ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն էր: Սկզբում, երբ նա դեռեւս ՊԵԿ նախագահ էր, համալիրը սկսեց կառուցել որպես ՊԵԿ-ի ուսումնական կենտրոն, այնուհետեւ` 2014-ին ֆինանսների նախարար նշանակվելուց հետո, կառույցը տեղափոխվեց այդ գերատեսչության հաշվեկշիռ: Իսկ այժմ էլ պարզվում է, որ այն անիմաստ կառույց է: Սա պետության փողերի վատնման ամենավառ օրինակներից է:

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկանում է, որ դատախազության աշխատակազմում պետերի թափուր պաշտոն կա, որոնցից 2-ը՝ վարչության, 2-ը՝ բաժնի պետի: Պարզեցինք, որ թափուր են ՀՀ դատախազության աշխատակազմի գնումների եւ նյութատեխնիկական ապահովման վարչության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման եւ անվտանգության ապահովման վարչության, հանրային կապերի բաժնի եւ ներքին աուդիտի բաժնի պետերի պաշտոնները:

 

 
ԿՄԵԿՆԻ ԲԵԼԱՌՈՒՍ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հոկտեմբերի 27-28-ն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Նա հոկտեմբերի 27-ին Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, իսկ հոկտեմբերի 28-ին՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի աշխատանքներին:

 

 

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ
ՀՀ կառավարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն՝ ներկայացրել է կառավարության աշխատակազմի պատասխանատուներին՝ ըստ ոլորտների, ինչպես նաեւ նրանց կոնտակտային տվյալները: Մինչ այդ երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ տեղի ունեցավ կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների եւ գերակա խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն՝ ՀՀ նախարարների, ՀՀ մարզպետների, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ: Դիմելով ներկաներին՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է հստակեցնել միջոցառումներն ու անելիքները, որոնք ձեւակերպվել են համապատասխան հանձնարարականներով: Վարչապետը հանձնարարել է նաեւ իր աշխատակազմին հասարակությանը տրամադրել բոլոր պատասխանատուների ցանկը՝ ըստ ոլորտների, ինչպես նաեւ կոնտակտային տվյալները՝ իր հետ կապ ապահովելու համար: Կառավարության ղեկավարը կարեւորել է հասարակության հետ հետադարձ կապը եւ ամենօրյա աշխատանքը. «Մենք պետք է ցույց տանք մեր քաղաքացուն, որ աշխատում ենք իր պահանջով, իր սպասելիքներով, իրեն բավարարելու առումով»: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ առաջիկայում լսումներ են կազմակերպվելու նախարարությունների եւ գերատեսչությունների, մարզպետարանների ներկայացրած ծրագրերի վերաբերյալ:
 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա է գտնվել ոսկերիչների համաշխարհային համադաշնության՝ «ՍԻԲՋՕ»-ի համաժողովին, որին աշխարհի 25 երկրից ժամանած ոսկերչության եւ թանկարժեք մետաղների մշակման ոլորտները ներկայացնող ավելի քան 80 պատվիրակների հետ մասնակցել է «ՍԻԲՋՕ»-ի նախագահ Գայետանո Կավալիերին: Սերժ Սարգսյանը նրան պարգեւատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանում համաշխարհային ոսկերչական համադաշնության ծավալած գործունեության, ինչպես նաեւ հայ ոսկերչական ու ոսկեգործական ավանդույթներն աշխարհում արժանվույն ներկայացնելու համար:

 

 

 

ԿՈԾԿԵԼ ԵՆ
«Այն, ինչ հայտնի էր հոկտեմբերի 28-ին, դժբախտաբար ՀՀ-ն որպես պետություն, իր արդարադատությամբ որեւէ բան չավելացրեց, ավելի կասկածները խորացրեց»,- ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը, ասել է Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ հենց գործող իշխանությունն է մեղավոր, որ մինչեւ այժմ հարցականներ կան: «Իրենք կարող էին օժանդակել գործի ամբողջական բացահայտմանը, ես իրենց մեղադրում եմ, որ իրենք իշխանություն ունենալով հանդերձ՝ այդ գործը կոծկեցին»,- նշել է նա:

 

 

ԴԱԴԱՐԵՑՐԻՆ
Հոկտեմբերի 26-ին գումարված նիստում Երեւանի ավագանին հաստատել է ավագանու Հանրապետական կուսակցություն խմբակցության անդամ Աշոտ Պապայանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը: Հիշեցնենք, որ Աշոտ Պապայանն այս տարվա հոկտեմբերի սկզբին հանկարծամահ է եղել:




Լրահոս