«Ո՛Չ ՆՈՐ ԵՄ ՔՆԻՑ ԱՐԹՆԱՑԵԼ, Ո՛Չ ԷԼ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՏԵՐ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Լայանան (Լիաննա Թեւոսյան) դստեր ծնունդից հետո տեւական ժամանակ է` երգարվեստի բնագավառում ակտիվություն չէր ցուցաբերում: Եվ ահա վերջերս հեռուստադիտողները հնարավորություն ունեցան տեսնելու նրան Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նախագծում:

«Ժողովուրդ»-ը, ընդառաջ գնալով երկրպագուների ցանկությանը, Լայանայից հետաքրքրվեց նրա ստեղծագործական կյանքի մանրամասների մասին: Մենք նախ հարցրինք` «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի մեներգչուհին համերգային ինչ ծրագրերում է ներառված եւ առաջիկայում որտեղ է հանդես գալու. «Ասեմ, որ «Գոհարը» նոր ծրագրեր է մշակում, աշխատանքը, կարելի է ասել, եռում է: Ես արդեն 14 տարի է` «Գոհարում» հանդես եմ գալիս որպես սոլիստ (ի դեպ, ասեմ, «Գոհարում» սոլիստների կազմը հաճախ է փոփոխության ենթարկվում, եւ ես այդ առումով համարվում եմ հնաբնակ): Շարունակվում են կազմակերպվել համերգներ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Վերջին անգամ մենք հանդես ենք եկել Բեյրութում, մեկ տարի առաջ»,-տեղեկացրեց Լայանան:
Մեր այն դիտարկմանը, որ «Գոհարը», կարծես, այնքան էլ հաճախ հանդես չի գալիս համերգներով, Լայանան պատասխանեց. «Գիտեք` դրանց կազմակերպման համար ահռելի գումարներ են ծախսվում. միայն 200 հոգու համար ճամփորդության ծախսերը հոգալու խնդիրը բավական է, որ համերգները հաճախակի բնույթ չկրեն»:
Անդրադառնալով մայրանալուց հետո շոու-բիզնեսում պասիվանալու հանգամանքին, Լայանան պատմեց, որ դուստրն արդեն մանկապարտեզ է հաճախում, եւ ինքն ավելի շատ ազատ ժամանակ ունի: Մենք հետաքրքրվեցինք` ինչը գրավեց երգչուհուն «Ամենակարող երգիչ» նախագծում, ինչպես ստացվեց, որ նա որշեց մասնակցել դրան. «Ինձ հրապուրեց այն հանգամանքը, որ նախագծի շրջանակում մասնակիցները հանդես են գալիս ամենատարբեր երաժշտական ժանրերում եւ կենդանի երգեցողությամբ»,-ասաց նա:
Ի դեպ, վերջերս նախագծի շրջանակում կատարելով «Երազ իմ երկիր հայրենի» երգը` Լայանան ժյուրիի բոլոր անդամների կողմից արժանացել էր հիացմունքի խոսքերի եւ ստացել 10 միավոր, իսկ Լեյլա Սարիբեկյանը նշել էր, որ երգի կատարումն այլ կերպ է պատկերացնում, եւ Լայանային արժանացրել էր 8 միավորի: Դրանից հետո Լայանան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր, որ Լեյլա Սարիբեկյանի գնահատականն իր համար ոչինչ է: «Ժողովուրդ»-ը Լայանայից հարցրեց` եթե նա ժյուրիի անդամի կարծիքին նշանակություն չի տալիս եւ վրդովվում է դրանից, ինչու է մասնակցում այդ նախագծին. «Պարտադիր չէ, որ Լեյլա Սարիբեկյանին դուր գա իմ կատարումը, ես գնահատականից չեմ կառչում, դրան կարեւորություն չեմ տալիս: Ես երբեք իր նման չեմ կարող երգել, ինքն էլ ինձ պես չի կարող զգալ այդ երգը: Ես չեմ վրդովվում եւ չեմ վիրավորվում, ոչ էլ մեծամտություն եմ անում: Ամեն մարդ ունի իր կարծիքը: Ինչ վերաբերում է սոցցանցերում իմ հասցեին հնչած այն քննադատություններին, թե ամեն քնից վեր կացող երգչուհի է դառնում, ասեմ, որ ո՛չ նոր եմ քնից արթնացել, ո՛չ էլ մեծ գումարների տեր եմ. այն ամենն ինչ ունեմ, ձեռք եմ բերել աստիճանաբար եւ քրտինքով»,-պատասխանեց երգչուհին:
Մենք նաեւ հարցրինք` արդյոք Լայանան առաջիկայում հանդես կգա նոր տեսահոլովակով. ««Ամենակարող երգիչ» նախագծի շնորհիվ 3-4 ամիս եթերում եմ լինելու, ուստի տեսահոլովակի անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում»-նկատեց նա:
Լայանան տեղեկացրեց, որ աշխատում է ակումբներում եւ ռեստորանում եւ ցավ հայտնեց, որ այսօր էստրադային երգիչների մասնակցությամբ համերգներ գրեթե չեն կազմակերպվում. «Կցանկանայի հանդիսատեսի հետ անմիջական շփումը պահել, բայց ինչ արած…»,-ասաց նա:
Իսկ հարցին, թե արդյոք Լայանան մտերիմ է շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, երգչուհին պատասխանեց. «Օրինակ` Սարգիս Ավետիսյանի, Գեւորգ Մարտիրոսյանի, Արսեն Գրիգորյանի, Արսեն Սաֆարյանի եւ այլոց հետ գործի բերումով հանդիպում եմ, առողջ լավ հարաբերություններ ունենք, իսկ մյուսների հետ առնչվելու համար պարզապես ժամանակս չի հերիքում»:
Վերջում Լայանան նշեց, որ ցանկանում է երգելուն զուգահեռ առաջիկայում զբաղվել իր հոբբիներից մեկով, իսկ թե կոնկրետ ինչ նախասիրության մասին է խոսքը, նա խոստացավ պատմել ավելի ուշ:

 

 

 
«ԻՆՉ ՄԻՋՈՑՈՎ ՈՐ ԳՈՒՄԱՐ ԵՄ ՎԱՍՏԱԿՈՒՄ, ԱՆՈՒՄ ԵՄ ՍՏԻՊՎԱԾ»

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Վերջիններս իրենց էությունը բացահայտելուն միտված մեր հարցերին հաճախ տալիս են անկեղծ եւ կտրուկ պատասխաններ` նորովի դրսեւորվելով ընթերցողների առջեւ: Այս անգամ «Ժողովուրդ»-ի զրուցակիցը դերասան Սոս Ջանիբեկյանն է:

-Հատկություն, որով աչքի եք ընկել մանուկ ժամանակ:
-Ակտիվ, չարաճճի երեխա եմ եղել: Ինչ վերաբերում է արտաքինիս, ապա ասեմ, որ վաղ տարիքում մազերս ավելի բաց երանգ ունեին:
-Լավագույն հիշողությունը` կապված դպրոցի հետ:
-Դա առնչվում է ընկերներիս: Մեր միջեւ կապը բավական ամուր է եւ մինչեւ օրս էլ պահվում է:
-Ձեր կյանքի ամենաբեկումնային պահը:
-Հորս կորուստը:
-Ինչի՞ց եք ուժ ստանում:
-Բնությունից:
-Թվարկե՛ք մի քանի բան, որ անում եք ստիպված:
-Ինչ միջոցով որ հիմա գումար եմ վաստակում, դա անում եմ ստիպված:
-Ինչի՞ն է վերաբերում առաջարկը, որ հաճախ եք մերժում:
-Անկողին մտնելուն:
-Երբեմն վատնում եք…
-Ժամանակը:
-Զղջում եք, որ…
-Երբեք չեմ զղջում:
-Միշտ ցանկացել եք, բայց չեք կարողացել…
-Թռչել:
-Սեքսուալ է այն կինը, որը…
-Որը կողքիս է:
-Ընկերը նա է, ով…
-Ով գերակշռող իրավիճակներում որքան իր մասին է մտածում, այնքան էլ` քո: Ես ավելի քան այդպիսին եմ:
-Ճակատագրապաշտ եք, համառ, թե կտրուկ:
-Ճակատագրապաշտ:
-Ձեր սիրելի պոետը:
-Չարենց:
-Եթե փախչեիք, ապա ուր:
-Միայն տուն, դա ամենալավ տարբերակն է:
-Պատկեր, որ Ձեզ ցնցել է:
-Գիշերը բնության գրկում էի: Աստղերը կախվել էին, լուսինն ընկել էր մանուշակագույն մի ցանցի մեջ ու ճոճվում էր: Ծառերն այդ ժամանակ խոսում էին ու պարում…
-Կյանքից ի՞նչ եք ուզում ստանալ:
-Ոչ ավել, ոչ էլ պակաս, քան ինքն ինձ տալիս է…

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՎԶՆՈՑ ԵՆ ՊԵՂԵԼ
Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղիի պեղումներում այս տարի հետաքրքիր արդյունքներ են գրանցվել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը, այս տարի հնավայրի սենյակներից մեկում հայտնաբերվել է ուշ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջանի 2-րդ հազարամյակի վերջին քառորդի ամբողջական վզնոց` սարդիոնե եւ ոսկե ուլունքահատիկներով: Վզնոցը պահպանվելու է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: «Մեծամորում պեղումներն իրականացնում է հայ-լեհական համատեղ արշավախումբը: Այս տարի այդ հնավայրում աշխատանքներն սկսվել են օգոստոսի 15-ին եւ շարունակվել մինչեւ սեպտեմբերի 30-ը: Դրանք իրականացվել են ե՛ւ Մեծամորի քաղաքային թաղամասի տարածքում, ե՛ւ դամբարանադաշտում»,¬ ասել է Փիլիպոսյանը: Նրա խոսքով` Մեծամորի պեղումներն իրականացվում են համատեղ ֆինանսավորմամբ: Հայաստանի կողմից ֆինանսավորումը տրամադրում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն:

 

 

ՓՈՂԻ ՊԱԿԱՍ ՈՒՆԻ
Օրեր առաջ ռուսական շոու-բիզնեսի պրիմադոննա Ալլա Պուգաչովան երկրպագուներին նոր երգ է ներկայացրել, իսկ այժմ էլ պատրաստվում է նոր ալբոմ թողարկել: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` Պուգաչովան ֆինանսական խնդիրների պատճառով որոշել է ակտիվացնել իր գործունեությունը: «Դնի» կայքը հայտնում է, որ երգչուհու ընտանիքում հիմնական գումար վաստակողը նրա ամուսինն է` հումորիստ, հաղորդավար Մաքսիմ Գալկինը։ Իսկ Պուգաչովան, թեեւ ունի տաղանդների դպրոց, չի կարողանում դրա միջոցով լավ վաստակել: Ուստի նախկինում կոորպորատիվ միջոցառումներից խուսափող երգչուհին մտափոխվել է. «Եթե լինի նման առիթ, որը կօգնի նորմալ ապրել, այլ ոչ թե շրջել պարզած ձեռքով, ապա ինչո՞ւ ոչ, կարելի է օգտագործել այն: Կոորպորատիվը նույնպես ազնիվ աշխատանք է»:

 

 

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԹԻՐԱԽՈ՞ՒՄ
Թեեւ The Victoria՚s Secret Fashion Shows-ի ցուցադրությունները սովորաբար անցկացվում են Նյու Յորքում, այս տարի որոշվել է այն կազմակերպել Եվրոպայում, մասնավորապես` Փարիզում: Թե ինչու են կազմակերպիչները նման որոշում կայացրել, հայտնի չէ, բայց նրանք արդեն խոստովանում են, որ շոուն կարող է ահաբեկիչների թիրախում հայտնվել։ TMZ-ի փոխանցմամբ` կազմակերպիչները նույնիսկ խուսափում են լայն մասսաներին հայտնել շոուի անցկացման սրահի տեղի մասին:
Հավելենք նաեւ, որ նրանք սերտորեն համագործակցում են ազգային անվտանգության ծառայության հետ: Այժմ հայտնի է միայն, որ պոդիում կբարձրանան հանրության կողմից ճանաչված մի շարք մոդելներ, այդ թվում` Ադրիանա Լիման, Ալեսսանդրա Աբրոսիոն, Լիլի Օլդրիջը, Էլզա Հոսկը, Ժասմին Տուկը, Լաիս Ռիբեյրոն:




Լրահոս