ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է ՀՀ Լոռու մարզում
Լոռիում տեղացած առատ ձյունը երեկ երեկոյան արդեն իսկ լուրջ խնդիրներ է առաջացրել ճանապարհներին: Առատ ձյան հետեւանքով մերկասառույցով է պատվել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը՝ Բազում գյուղից մինչեւ թունելի հատվածում: Ի դեպ, 100-ից ավել մարդատար ու բեռնատար մեքենաներ ժամեր շարունակ արգելափակված են եղել, մինչեւ որ դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանները, փրկարարներն ու ճանշինի աշխատակիցները:
Նկատենք, որ Վանաձոր-Ալավերդի ավոտճանապարհի շինարարության հետ կապված՝ ներկայումս վարորդները Վրաստան են ուղեւորվում Վանաձոր-Ստեփանավան ճանապարհով: Խցանումից դուրս է բերվել հարյուրից ավել մեքենա: Ճանապարհը մեկ ժամ գրեթե փակ է եղել, այնուհետ միակողմանի բաց:
ՀԱՐՑ. Բնակարանների սպասարկման վարձը 1մ2-ի համար Երեւան քաղաքում սահմանված էր 10 դրամի չափով եւ շարունակում է այդպես մնալ: Հիմա կամայականորեն մի շարք շրջանների ղեկավարներ այն դարձրել են 15 դրամ, (Հարավ-արեւմտյան զանգված), մի ուրիշ շրջանում՝ 20 դրամ (Շենգավիթ համայնքում): Մեղք չեն արդյո՞ք գործարանային այդ շրջանի գործազուրկ եւ աղքատ բնակիչները, որոնք ոչ մի շոշափելի սպասարկում չեն տեսել: Ի՞նչ իրավունքով են, ըստ իրենց ախորժակի, որոշ համայնքապետեր կամայականորեն վճարը 10-ից դարձրել 20 դրամ:
Կան բնակիչներ, որոնք չեն ստորագրել համատիրության անդամ լինելու առաջարկը՝ զգալով դրա անկատարելիությունը, եւ հիմա նրանք էլ են պատժվում: Խնդրում եմ պարզել այդ կարեւոր սոցիալական խնդիրը:
(Արայիկ Հայրապետյան, 44 տարեկան, Երեւան քաղաքի բնակիչ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ սեփականատերերի կողմից պարտադիր նորմերի համար վճարվող գումարների չափը որոշվում է ոչ թե վարչական շրջանների աշխատակազմերում, այլ այն որոշվում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի պահանջին համապատասխան, տարեկան բյուջե կազմելու միջոցով, որը կազմվում է շենքը կառավարող համատիրության կողմից եւ հաստատվում շենքի սեփականատերերի ժողովի միջոցով:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւհասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ շենքի կառավարման մարմինն ընթացիկ տարվա բյուջեն կազմում է նախահաշվի հիման վրա: Նորընտիր շենքի կառավարման մարմինը շենքի բյուջեի բացակայության դեպքում ընտրվելուց հետո՝ 20 օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով, ներկայացնում է ընթացիկ տարվա բյուջեի նախագիծը: Ժողովի կողմից մեկամսյա ժամկետում բյուջեի նախագիծը չընդունվելու դեպքում պարտադիր նորմերի գծով համայնքի ավագանու կողմից տվյալ տարվա համար սահմանված անհրաժեշտ վճարների հիման վրա հաշվարկվում է նոր բյուջե, որը կառավարման մարմնի հաստատելուց հետո համարվում է ընդունված, ինչի վերաբերյալ շենքի կառավարման մարմինը երկօրյա ժամկետում ծանուցում է շենքի սեփականատերերին:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ո՞վ է հաշվարկում եւ փոխանցում աշխատողի նպատակային սոցիալական վճարը:
Հեղինե Միքայելյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Միքայելյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վարձու աշխատողի նպատակային սոցիալական վճարը հաշվարկում եւ փոխանցում է գործատուն, որպես հարկային գործակալ, յուրաքանչյուր ամիս հարկային մարմին ներկայացնելով անձնավորված հաշվետվություն՝ աշխատողին վճարված եկամուտների եւ կատարված նպատակային սոցիալական վճարի վերաբերյալ:
Անհատ ձեռնարկատերը, նոտարը, ինքնազբաղված անձը եւ աշխատողը, որի գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից, ինքնուրույն են հաշվարկելու եւ Հայաստանի Հանրապետության պետական գանձապետարան փոխանցելու նպատակային սոցիալական վճարները:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ նվազագույն աշխատավարձ ստացող մասնակիցների համար նպատակային սոցիալական վճար կատարում է գործատուն: Եկամտային հարկը եւ նպատակային սոցիալական վճարը կատարելուց հետո անձի տնօրինվող եկամուտը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի չափից: