ԱՅՍՕՐ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԵՋ ԽՆԴԻՐ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 20-ին ԼՂՀ պաշտպանական բանակը հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել: «Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան եւ հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր», սակայն նրանք հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նմանատիպ երեւույթները դադարել էին, ու այս առումով նորություն էր: Ի՞նչ է կատարվում սահմանին, արդյո՞ք նոյեմբերին կանխատեսվող ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն իսկապես անխուսափելի է, եւ ինչո՞ւ են ԱԺ պատգամավորները Արցախ մեկնել:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանի հետ:
-Պարո՛ն Պողոսյան, քառօրյա պատերազմից առաջ դիվերսիոն ներթափանցման փորձերը հաճախակիացել էին, ինչը դեռեւս այն ժամանակ փորձագետներին հիմք էր տալիս ենթադրելու, որ թշնամին լուրջ սադրանք է նախապատրաստում: Արդյունքը, ցավոք, տեսանք: Քառօրյա պատերազմից հետո դիվերսիոն ներթափանցման փորձերը, կարելի է ասել, դադարել էին, ուստի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած դիվերսիոն փորձը չի կարելի դիտարկել որպես սովորական սահմանային խախտում: Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ էր հետապնդում հակառակորդի այս փորձը:
-Ընդհանուր այս իրավիճակը կապված է երկու խնդրի հետ: Մեկը Ադրբեջանի ներքին վախն է` կապված սեփական իրավունքի հետ, մյուսը` համանախագահների` տարածաշրջան կատարած այցն է: Ինչ անի Ադրբեջանը, որպեսզի ամրապնդի իր դիրքերը` ասելով, որ ինքը կա, որ կարող է խոսել խաղաղության մասին, բայց դրա հետ միասին չի մոռանում ռազմական սցենարի մասին: Ադրբեջանի մտքի մեջ կա միայն ու միայն ռազմական սցենարը: Եվ մենք պետք է հասկանանք, որ մեր հույսերը պետք է դնենք միայն ու միայն մեզ վրա: Մենք պետք է պարտադրենք Ադրբեջանին հարգել զինադադարը, իսկ դա լավագույնս անում էինք այն դեպքում, երբ իսկապես շատ հզոր էինք: Եթե նախկինում քննարկում էինք մեկին մեկ պատասխանել, ապա հիմա պետք է մեկին հինգ պատասխանենք: Եթե կպահպանեն զինադադարը, ապա մենք էլ կպարտավորվենք խաղաղության պահպանմանը, եթե ոչ, ապա միշտ կարելի է նույն քաղաքականությունը վարել:
-Համանախագահների այցի մասին հիշատակեցիք… Որպես կանոն՝ համանախագահող երկրների այցից անմիջապես հետո հակառակորդն ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում: Նախօրեին եւս բախվեցինք այդ իրականությանը: Հայկական կողմը զոհ ունեցավ:
-Ինչպես արդեն ասացի` այսօր տարածաշրջանում կարեւոր այցելություններ են լինում, Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ինքը ռազմական սցենարը չի բացառում: Ասում է` եկել եք, խոսում եք, ինչ-որ բաներ եք ասում, բայց ես թքած ունեմ ձեզ վրա, միջազգային հանրություն: Ես, միեւնույն է, իմ ծրագրերով եմ շարժվելու:
-Ի՞նչ է անում կոնկրետ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը:
-Աշխատանքային մակարդակով մենք քննարկումներ ենք ունենում, խնդիրներն են բարձրացվում, առաջարկներ արվում…
-Պարո’ն Պողոսյան, որն է առաջիկայում Արցախ կատարելիք Ձեր այցի նպատակը, արդյո՞ք անհանգստանալու առիթ կա:
-Այցը նախատեսված է նոյեմբերի սկզբին: Հերթական այցն է: Նմանատիպ այցեր մենք հաճախ ենք իրականացնում:
-Մշտապես բարձրացվում է պաշտոնյաների զավակների ծառայության խնդիրը, նշվում է, որ առաջնագծում ծառայության են անցնում միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները… Ե՞րբ պետք է լուծվի այս խնդիրը:
-Ես մոտ երեք տարի առաջ նախագիծ առաջ քաշեցի, որպեսզի բոլոր 18 տարին լրացած տղաները պարտադիր ծառայության անցնեն: Դա պետք է այն մարդկանց հարցնել, ովքեր դեմ էին խոսում օրենքին: Ասում էին, որ եթե այդպես լինի, գիտությունը կտուժի եւ այլն… այդ երեք տարվա մեջ մեր գիտությունը զա՞րկ է ապրել… Չէ որ ես բարձրացրել էի այն հարցը, որ չլինի տարբերություն ապահով ընտանիքում մեծացած երեխայի եւ սոցիալապես անապահով ընտանիքի երեխայի միջեւ: Մեկը քննություն է հանձնել, համալսարան է ընդունվել, եւ այլն, եւ այլն… Նախ պետք է լուծենք առողջության հարցերով զբաղվող հանձնաժողովի խնդիրները, որպեսզի չլինեն կոռուպցիոն ռիսկեր. դրանից հետո կլուծվեն մյուս խնդիրները:
-Որքանո՞վ ենք մենք այսօր ավելի ապահովագրված, ավելի պաշտպանված:
-Եթե համեմատենք մինչ ապրիլյան ժամանակահատվածի հետ, այսօր մենք շատ աշխատանքներ ենք կատարել: Առաջնագծում էլ են ամրապնդումներ եղել, ավելացումներ, արդիականացում… Մնում է՝ ունենանք այն հրամանատարներին, որոնք ճիշտ հրամաններ տալով՝ կհասնեն այն ճիշտ նպատակին, որ դրված է իրենց առջեւ՝ կարողանան առավել ամրապնդել դիրքերը: Այսօր դիվանագետների մեջ խնդիր կա. լավ դիվանագիտությամբ կարելի է հասնել դրականին: Բայց այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը հույս չի ներշնչում:
-Այսինքն՝ ի՞նչ պետք է անի արտաքին գործերի նախարարությունը, որ չի անում:
-Պետք է հասկանա, որ ինքը ոչ թե խոսքով է առաջնագծում, այլ իրականում է առաջնագծում: Պետք է ֆիքսել` ինչ է տեղի ունենում Ադրբեջանում, այստեղ տնտեսական վիճակի վատթարացումից հետո ինչ գործողություններ պետք է այստեղ արվեն, եւ համապատասխան հարցադրումներ կատարի:
-Իսկ պաշտպանության նախարարությո՞ւնը…
-Զինված ուժերի գործառույթն այն է, որ պաշտպանի Հայաստանի Հանրապետության անձեռնմխելիությունն ու ապահովի անվտանգությունը: Այսօրվա դրությամբ հայկական երկու բանակներն էլ կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը եւ պատվով են կատարում:

Զրուցեց ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 

 

 
ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Թեեւ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարեց, որ պատասխանատու է մոտ 3 մլն քաղաքացիների առողջության համար, այնուամենայնիվ, անփութության հետեւանքով մայրական մահացությունների դեպքերը չեն պակասում:
«Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 26-ի համարում գրել էր, որ 2013-ին «Վանաձոր» ԲԿ-ում ծննդաբերելուց անմիջապես հետո 26-ամյա Լիլիթ Նալբանդյանը հայտնվել է կոմայի մեջ, տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ գտնվում է մինչ օրս: Արդեն 3.5 տարի:
Ինչպե՞ս էր պատահել դեպքը: Ծննդաբերելուց հետո ծննդկանին «նարկոզի մեջ» թողնելով՝ բժիշկներ Դավիթ Շահվերդյանը եւ Ալվարդ Հայրապետյանը գնացել են տուն, որից հետո Լ. Նալբանդյանը շնչառության եւ սրտի կանգ է ունեցել: Բուժաշխատողները կնոջը ցավազրկող են ներարկել, ինչից րոպեներ անց նա վերջնականապես կորցրել է գիտակցությունը: Բժշկական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով քրգործ էր հարուցվել: Սակայն հետագայում քրգործի վարույթը ՀՀ քննչական կոմիտեի Վանաձորի քննչական վարչությունում կարճվել է` բուժաշխատողների հանցակազմի բացակայության հիմքով: Այս դեպքով հարուցված քրգործի նախաքննության ընթացքում իրար հակասող փորձաքննությունների եզրակացություններ են տրվել, որն էլ շատ հարցերի տեղիք է տալիս: Ինչո՞ւ այդ հակասությունները հիմք չեն հանդիսացել քրգործի քննությունը շարունակելու համար, եւ այդ գործով քննիչը որոշել է գործը կարճել: Արդյո՞ք շահագրգռվածություն է ունեցել:
Ընդգծենք, որ կինը բարեհաջող ծննդաբերություն է ունեցել, որեւէ բարդություն չի առաջացել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնել է, որ հետվիրահատական վաղ շրջանում ծննդկանի հսկողությունն իրականացնելու համար պետք է պատասխանատու լիներ հերթապահ բուժանձնակազմը՝ մանկաբարձ-գինեկոլոգը, անեսթեզիոլոգը, անեսթեզիստը եւ բուժքույրը, ովքեր էլ պարտավոր էին ժամանակին հայտնաբերել նրա վիճակի վատթարացումը՝ ձեռնարկելով անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ: Այս եզրակացությունը տվել է ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետների հանձնաժողովի ներկայացրած փորձաքննության եզրակացությամբ: Ստացվում է՝ եթե բժիշկները չլքեին հիվանդանոցը, ամեն ինչ այսպես չէր ավարտվի: Սակայն ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետները այլ եզրակացություն են տվել. կնոջ անզգայացումը, վիրահատության ավարտից հետո նրա արթնացումը եւ էքստուբացիան կատարվել են ճիշտ: Իսկ ըստ երրորդ՝ կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ կնոջ մոտ նշված բարդությունը համարվում է անկանխատեսելի:
Այսպիսով՝ բժիշկները իրար «պահել են», եւ այդ գործով քննիչն էլ, աչք փակելով փորձագիտական եզրակացությունների հակասությունների վրա, կարճել է գործը: Փաստն այն է, որ երիտասարդ կինն առողջ երեխա է լույս աշխարհ բերել, ինքն էլ ծննդաբերության ժամանակ որեւէ խնդիր չի ունեցել, իսկ այսօր գոյատեւում է ինչ-որ սարքավորումների միջոցով: Երեխան էլ արդեն 3 տարեկան է: Եւ նույն բուժհաստատությունում ընդամենը մեկ շաբաթ առաջ մայրական մահացության հերթական դեպքը գրանցվեց:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ՄԻԵԴ ՎՃՌՈՎ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երեկ հրապարակել է «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը: Բողոքը 2007 թվականին ներկայացրել են երեք հայցվորներ՝ Յուրի Վարդանյանը, Շուշանիկ Նանուշյանը եւ Արտաշես Վարդանյանը: Եվրոպական դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել իրավական որոշակիության եւ իրավահավասարության սկզբունքի, արդար դատավարության իրավունքի խախտում եւ անօրինական կերպով սեփականության զրկում: Վճռի համաձայն՝ Հայաստանի դատարանները խախտել են վերջնական եզրակացությունների սկզբունքը, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահն անաչառ չի եղել: Հայցվորները ընտանիքի անդամներ են, որոնք ապրել են Երեւանում՝ Բուզանդ 13 հասցեում 1385.6 քառակուսի մետր հողի վրա գտնվող տանը:

 

 

ՆՈՐ ՊԱՏՐԻԱՐՔ
Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնանկ անելը բնական գործընթաց էր, պայմանավորված չէր նրա փոխանորդ Արամ Աթեշյանի վարքագծով, հատկապես հունիսին Էրդողանին ուղղված ներողության նամակով. այս մասին Tert.am-ին հայտնել է Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Երեկ կրկին եկեղեցական համագումար եղավ եւ ասացինք, որ Մեսրոպ պատրիարքը արդեն օրինավորապես չի կարող աշխատել, այդ մասին նաեւ պետական բժշկագիտական դատարանները հաստատել են, որ ինքը խնամակալության տակ է, անգործունակ է: Նաեւ եկեղեցական օրենք կա, որ եթե մեկը 7 տարի բացակայում է եւ չի աշխատում, պետք է պաշտոնաթող լինի»:Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետը նշել է, որ այս ամենը հաշվի առնելով՝ լիակատար իրավունք ունեն դիմելու, որ նոր պատրիարք ընտրելու գործընթաց սկսվի:
 

 

ՆԱԽԱԴԵՊ Է
Գյումրիի մասով սա նախադեպ է նրա, որ բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա այն ֆորմատով, որ ֆորմատով որ պետք է լիներ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, խոսելով Գյումրիի օդանավակայանից դեպի ՌԴ չվերթների մասին, որի տոմսերը պետք է սկսվեն տասը հազար դրամից, ասել է ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը. «Սա դասական օրինակ է: Տասը հազար դրամի մասին շատ էր քննարկվում: Ինքնաթիռները սեգմենտավորված տեղեր են վաճառում: Երբ որ մենք հայտարարեցինք` սկսած տասը հազար դրամից, այդպես էլ կա: Այո, ես կարծում եմ եւ վստահ եմ, որ այդ ուղղության վրա տոմսերը լինելու են նաեւ այդ գնով»:




Լրահոս