Գևորգ Կոստանյանի եվրաքննարկումն` ընդդեմ հայաստանյան դատավորների. իշխանական շրջանակներում լուրջ քննարկումներ են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական անպատասխանատվությունը մեր երկրում դարձել է գերխնդիր: Այնպիսի տպավորություն է, որ հայաստանյան ամենատարբեր ոլորտներում գործունեություն ծավալող աշխատակիցները, լինեն բարձրաստիճան, թե շարքային, շատ հաճախ չեն գիտակցում իրենց արած աշխատանքի կարեւորությունը եւ թողած հետեւանքները: Ու այդպես դոմինոյի էֆեկտով վատ կառավարման դրսեւորումները փոխանցվում են հաջորդաբար: Օրինակ՝ հայաստանյան դատավորների գրած վճիռների հետեւանքները կրում են ՀՀ հարկատուները: Վերջին վճիռը կայացվեց հոկտեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից ընդդեմ ՀՀ կառավարության:

Երեւանի Բուզանդի փողոցի բնակչի տունը քանդել էր Երեւանի քաղաքապետարանը, սակայն իրական արժեքի՝ 276 մլն դրամի փոխարեն փոխհատուցել էր 54 մլն դրամ՝ խախտելով նրա իրավունքները: Ու Հայաստանյան դատական եռաստիճան համակարգով անցնելիս՝ քաղաքացիները արդյունքի չէին հասել: Այս վիճակի պատասխանատուն մի շարք դատավորներ են՝ այդ թվում եւ այսօրվա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի պաշտոնը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնյաների պատասխանատվության հարցը արդեն սկսել է լրջորեն քննարկվել իշխանական շրջանակներում: Եւ անգամ պաշտոնական հաղորդագրություններում է այդ մասին հիշատակվել: Մասնավորապես հոկտեմբերի 19-ին Եվրադատարանում կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայայի հետ: Ըստ հաղորդագրության` Կոստանյանն ու Բուայան, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ պաշտոնատար անձանց, ներառյալ դատավորների պատասխանատվության, այդ թվում՝ նյութական պատասխանատվության հարցը: Պետք է ոստիկանները, քննիչները, դատախազները, քաղաքապետարանի, կադաստրի աշխատողները պատասխանատվություն կրեն իրենց կայացրած որոշումների համար:

Կհաջողվի՞ Կոստանյանին գոնե եվրոպացիների հետ համատեղ գործելով հասնել ամբարտավան պաշտոնյաների պատասխանատվությանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս