ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ինչ է իրենից ներկայացնում հաշմանդամի վերականգնման գործընթացը: Եվ խնդրում եմ ասեք, թե ո՞ր դեպքերում է անձին հաշմանդամության անժամկետ կարգ սահմանվում:
Սերինե Հակոբյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հակոբյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամի վերականգնման գործընթացը բժշկական, հոգեբանական, մանկավարժական, սոցիալ-տնտեսական միջոցառումների համակարգ՝ ուղղված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակման վերացմանը կամ հնարավորության սահմաններում առավել լիակատար փոխհատուցումն է: Վերականգնման նպատակը հաշմանդամի սոցիալական վիճակի վերականգնումն է, սոցիալական հարմարեցումը եւ նյութական անկախությունը: (Հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.03 թվականի թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետ:)
Հայտնում ենք նաեւ, որ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ ՀՀ կառավարության 13.06.2003 թվականի N 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ կետի պահանջներին եւ ՀՀ կառավարության 31.05.2012թ. N 684-Ն որոշման 2-րդ եւ 3-րդ հավելվածների պահանջներին համապատասխան՝ ելնելով ախտաբանական վիճակներից, 2 եւ 4 տարի դիտման պայմաններում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ բժշկական վերականգնումը տարբեր հիվանդությունների, վնասվածքների, ֆիզիկական, մտավոր եւ այլ խանգարումների բուժման միջոցառումների համակարգն է հաշմանդամության հանգեցրած խեղումների եւ հիվանդությունների զարգացումն ու ծանրացումը կանխելու նպատակով: Բժշկական վերականգնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի մարմինների, գերատեսչական, ապահովագրական, բարեգործական եւ այլ բուժական հիմնարկների կողմից: