Ի՞նչ ենք փնտրում Ջակարտայում. որքանո՞վ է արդիական ԱԳ նախարարի Ինդոնեզիա կատարած այցը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա: Նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները Ինդոնեզիայի գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ: Մայրաքաղաք Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Իհարկե, եթե մենք ապրեինք այնպիսի երկրում, որտեղ տնտեսական ու ռազմաքաղաքական կայունություն լիներ, Ինդոնեզիա այցը ուշարգավ չէր ընկալվի: Բայց վերջին օրերին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը նորից փորձում է սահմանին իրավիճակը ապակայունացնել: Ու դիվանագիտական աշխատանքի կարեւորության մասին բարձրաձայնվում է ավելի հաճախ:
Հոկտեմբերի 26-ին ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը: Իսկ հոկտեմբերի 20-ին Արցախի շփման գծի արեւելյան եւ հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր, ապա նաեւ ականազերծման փորձեր: Եւ այս իրավիճակում, երբ սահմանից ստացվող լուրերը ադրբեջանական վայրագ քաղաքականության հերթական դրսեւորումների մասին են գուժում, իսկ միջազգային հանրությունն էլ անողնաշար դիրքորոշում է հայտնում, մենք ավելի քան զգում ենք դիվանագետների կարիքը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաեւան Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուից հետաքրքրվեց, թե ի՞նչ է անելու Թուրքիան ղարաբաղյան խնդրի լուծման կապակցությամբ: Ի պատասխան հարցման՝ Չավուշօղլուն հայտարարեց. «Մենք անկեղծ ջանքեր ենք գործադրել ղարաբաղյան խնդրի լուծման համար։ Մինսկի խումբը՝ «Մինսկ-3-ը» եւ Ռուսաստանն այսօր որոշ կառուցողական առաջարկություններ ունեն: Ադրբեջանի առնվազն հինգ օկուպացված շրջաններից Հայաստանի դուրս գալը քննարկման օրակարգում է: Դա մի բան է, որը մենք շարունակում ենք քննարկել։ Եվ մենք գտնում ենք, որ եթե նման քայլեր ձեռնարկվեն, մենք պատրաստ կլինենք աջակցել ցանկացած որոշման, որին կողմ կլինի Ադրբեջանը»: Թուրքիայի վարչապետի հայտարարությունը դեռ ինչ-որ տեղ կանխատեսելի էր, բայց ուշագրավ էր ՌԴ ԱԳՆ-ի պատասխան հայտարարության բովանդակությունը, որը հնչեց հենց Երեւանից, քանի որ այդ օրերին Լավրովը Պուտինի հետ ՀԱՊԿ Խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում Երեւանում էր: «Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում, այնպիսի կարեւոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում:

…Մեր տպավորություններով ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացն առանցքային նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»,- հայտարարեց Լավրովը: Ռուսաստանի այսպիսի ռեվերանսը Թուրքիային ԼՂՀ հարցի կարգավորման մասով, միեւնույն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ամեն պատեհ առիթին հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների նկատմամբ միջազգային հանրության լռությունը եւս մեր ԱԳՆ-ի թերացման արդյունքն է:
Եւ այս ֆոնին մեր երկրի դիվանագիտական թիվ մեկ կառույցի ղեկավարը՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ճամփորդում է: Այո՛, ճամփորդում է, քանի որ Ինդոնեզիայի հետ հարաբերությունները այսօր մեր համար ամենաառաջնայինը չեն կարող համարվել:

Ի վերջո, ինչ կտա մեզ այս այցը թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական տեսանկյունից: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ քաղաքագետ, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանից: «Գիտեք, ԱԳՆ-ն ինքը պիտի հստակ ասի, թե հեռավոր Ասիայում հարաբերությունների զարգացումը ինչ ձեւով է Հայաստանի անվտանգության ռեսուրսները փոխլրացնում, որովհետեւ հասկանալի չէ՝ դրանք ուղղակի առեւտրատնտեսական գործընկերության շրջանակներում են դիտում, թե՞ կարեւոր է նաեւ ռազմաքաղաքական անվտանգության առումներով: Երբ մենք հստակ իմանանք, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում Ջակարտայում Հայաստանի եւ նրանց միջեւ, այդժամ գուցե կկարողանանք գնահատական տալ»:

Թե ինչ օրակարգով է տեղի ունենալու այցը, ստորագրվելո՞ւ է որեւէ փաստաթուղթ եւ որքա՞ն գումար է հատկացվել այցի համար, փորձեցինք պարզել ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից: Ի պատասխան մեր հարցադրումների` Բալայանը պատասխանեց. «Այցը դեռ չի մեկնարկել: Հանդիպումների օրակարգի եւ բովանդակության մասին կլինեն հաղորդագրություններ: Ֆինանսական կողմը հրապարակվում է կառավարության կայքում»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարների կողմից Ջակարտա այց է կատարվել 2 անգամ` 2005թ. հոկտեմբեր՝ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան, 2012թ. օգոստոս՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան: Պարզվում է` սա ՀՀ երրորդ այցն է: Իսկ թե ինչպիսին են առեւտրատնտեսական հարաբերությունները, եւ ո՞ր երկրի համար է ավելի շահադիտական երկկողմ հարաբերությունների կարգավորումը, դատեք ինքներդ ՀՀ-ի եւ ԻՀ-ի միջեւ ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ սյունակից (տե՛ս նկարը):

14923167_1150864998339496_1683671107_o

Ավելի շատ ապրանքներ են ներկրվել Հայաստան այդ երկրից, քան արտահանվել: Իսկ Ինդոնեզիայից ներկրումով երկիր են պահո՞ւմ:

Վահագն Հակոբյան




Լրահոս