Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաճախ է խորհրդակցություններ հրավիրում` վերելակների նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով: Աշխատանքային հանդիպումները հաճախանում են, երբ հայտնի է դառնում որեւէ վերելակի անսարքության մասին, երբեմն` զոհի կամ վիրավորի գնով:
Հոկտեմբերի 30-ին մայրաքաղաքում հերթական արտակարգ դեպքը տեղի ունեցավ, խորհրդակցություն, սակայն, չհրավիրվեց: Համենայնդեպս, պաշտոնական հաղորդագրությամբ այդ մասին չի հիշատակվել:
«Ինչու միայն ա՞յս շենքն է, որ վերելակի խնդիր ունի: Ամեն տեղ էլ այս խնդիրն է: Ամեն անգամ նստելիս աստված ենք կանչում` անվնաս տեղ հասնենք, իջնենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի` վերելակների որակի մասին հարցին այսպես պատասխանեցին Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի բնակիչները:
Բանն այն է, որ հոկտեմբերի 30-ին նշված շենքի առաջին մուտքի վերելակում քաղաքացի էր արգելափակվել: Պարզվել է, որ 62-ամյա Ռիտա Դոդոյանի ստորին վերջույթները արգելափակվել են վերելակի վերին հատվածի եւ 6-րդ հարկի հատակի միջակայքում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը կինը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Երեկվա դրությամբ կինը շարունակում էր նույն վիճակում մնալ:
«ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղավ դեպքի վայրում, ուր բնակիչները հայտնեցին, որ տուժած կինը նշված շենքի բնակիչ չէ. այստեղ նպատակադրվել էր բնակարան գնել: Դեպքից հետո, սակայն, կնոջ հարազատները մտափոխվել են. «Որտեղ ասես, որ չենք դիմել` համատիրություն, թաղապետարան… բայց ոչ մի արդյունք: Բազմիցս բարձրացրել ենք վերելակների հարցը: 80 թվից մինչեւ էսօր մի հատ նորմալ աշխատանք չարվեց: Նախկինում այնքան է պատահել, որ մնացել ենք վերելակի մեջ, զանգել ենք, եկել, մեզ հանել են վերելակից: Արդեն սովորել էիքն այդ վիճակին: Բայց էս վերջին դեպքը լրիվ ահ ու դողի մեջ է բոլորիս գցել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց շենքի բնակիչներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը: Վերջինս վերհիշեց, թե ինչպես էր մի քանի տարի առաջ իր հարեւանուհիներից մեկը ձեռքի վնասվածք ստացել. հոսանքի անջատման հետեւանքով կնոջ ձեռքը մնացել էր վերելակի դռների արանքում:
Ինչո՞ւ խնդիրը չի լուծվում: Այս հարցով «Ժողովուրդ»-ը դիմեց Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքը սպասարկող «Արգիշտի» համատիրության կառավարիչ Շուշանիկ Քալանթարյանին: Վերջինս, պարզվեց, վիրավորված է բնակիչներից. «Գիտեք` շատ վիրավորական է, երբ ասում են` բազմիցս դիմել ենք, հարցը չի լուծվել: Այդ մուտքի բնակիչներից նախորդ ամիս վերելակի անսարքության մասին կանչ չի ստացվել»,- ահա, այսպիսին էր համատիրության ղեկավարի պատասխանը: Մեր ճշտող հարցին` երբ է վերջին անգամ կանչ եղել, Շ. Քալանթարյանը արձանագրությունների մատյանը ներկայացրեց, որում նշված էր` այդ մուտքի բնակիչները խնդրով դիմել են օգոստոսին. «Դե հա, ով է ասում` չեն դիմում: Իհարկե, դիմում են: Մենք համապատասխան մարդկանց ենք ուղարկում, այնտեղ ուսումնասիրություններ են անում, եթե կարիք է լինում, համապատասխան աշխատանքներ են կատարում»- շարունակեց արդարանալ մեր զրուցակիցը:
Վերջինիս փոխանցմամբ` այս տարվա ծրագրով նախատեսված է եղել 5 վերելակների նորոգում, ինչն արդեն իսկ կատարվել է. «Բնակիչները չեն հասկանում, որ այդ աշխատանքներն իրենց տված գումարներով են արվում, իսկ վերելակի վերանորոգման համար համատիրությունը այդքան միջոցներ չունի: Քառակուսի մետրի դիմաց բնակիչը վճարում է 20 դրամ»: Մեր դիտարկմանը` ճիշտ չի՞ լինի, եթե կողմնակի ծախսերը կրճատվեն, եւ առաջնային անհրաժեշտության խնդիրները լուծվեն, Շուշանիկ Քալանթարյանը վստահեցրեց, թե ամեն բան նպատակային է արվում:
Բայց արդյոք նպատակային են այն ծախսերը, որոնք իրականացնում է համայնքային իշխանությունը: Փաստերը, ցավոք, այլ բան են գուժում: «Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 25-ի համարում հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է առաջիկայում 500 հատ «Երեւան» ձուլվածքով նստարան գնել՝ վճարելով 82, 5 մլն դրամ (մոտ 173 հազար ԱՄՆ դոլար) (յուրաքանչյուրը՝ 165 հազար դրամով) եւ 600 հատ 78 հազար դրամանոց աղբաման՝ վճարելով 46 մլն դրամ (մոտ 47 մլն դրամ): Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից համայնքային միջոցներով քանի վերելակ կնորոգեր կամ հիմնանորոգեր: Բայց դա ձեռնտու գործարք չէ:
Իսկ ի՞նչ լուծում է տեսնում ստեղծված իրավիճակում Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը, «Ժողովուրդ»-ին պարզել չհաջողվեց: Նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից մեր հարցին ի պատասխան` հայտնեցին, որ ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում ստեղծվել է դեպքի տեխնիկական քննության հանձնաժողով դեպքի հանգամանքները պարզելու նպատակով, բայց դեռ հայտնի չէ, թե ինչն է եղել վերելակի անսարքության պատճառը:
Իսկ ով է պատասխանատվության ենթարկվում, եթե վերելակը չի ներկայացվում փորձաքննության: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների, ճոպանուղների եւ կարուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնից: Ըստ այդմ, պարզվում է` սույն կառույցը ցուցակը ներկայացնում է լիազոր մարմնին, որ վերելակը շահագործող կազմակերպությունը փորձաքննության չի ներկայացել, իրենք իրականացնում են վարչական վարույթներ, եւ շահագործողը ստիպողաբար գալիս է փորձաքննության:
Տեղեկացնենք, որ լիազոր մարմինը ԱԻՆ-ն է, իսկ շահագործողը` համատիրությունները:
Իսկ երեւանի քաղաքապետարանից ստացված պարզաբանման համաձայն` քաղաքապետարանը պարտավոր չէ գումար հատկացնել, բայց աջակցություն ցուցաբերում է: Այսինքն՝ որեւէ պարտավորություն քաղաքապետարանը չունի: Նախատեսված գումարը փոխանցվում է վարչական շրջանների համապատասխան բաժիններ, որտեղից էլ աջակցության կարիք ունեցող շենքերին է տրամադրվում: Իսկ թե այդ դեպքում ինչու է քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդակցություններ հրավիրում, խիստ հրահանգներ տալիս եւ թերությունները շտկելու հրաման արձակում, պարզ չէ:
Այդուհանդերձ, տեղեկացնենք, որ ըստ հրապարակված վերջին տվյալների` Երեւանում գրանցված 5253 վերելակից փորձաքննության է անցել միայն 3168-ը, որից 94-ը ստացել է բացասական եզրակացություն, 1500-ը՝ թերությունների վերացման միջոցառումների ծրագիր, որն իրագործելուց հետո նոր ստացել են դրական եզրակացություն:
Տաթեւ Հարությունյան