Այսօր խորհրդարանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, թե երիտասարդ ամուսնական զույգերին առանց կանխավճարի հիփոթեքով բնակարան ձեռք բերելու հնարավորություն տալու մասին քննարկումները շարունակվում են, ապա կամա թե ակամա կրկին լրագրողներին մեղադրեց թեման հանրայնացնելու համար:
Մասնավորապես նա վստահեցրեց, թե իրենք մեկ տարի առաջ ամպագոռգոռ հայտարարություններ չեն արել հարցի վերաբերյալ, հետո էլ՝ լռել, այլ ուղղակի աշխատանքային քննարկում են ունեցել: «Քննարկումը, որն աշխատանքային էր, լրագրողների շնորհիվ ամպագոռգոռ ստացվեց», – հայտարարել է նա:
Թերևս պետք է թարմացնել սոցապնախարարի հիշողությունը և փաստերով ներկայացնել, թե այս ծրագրի վերաբերյալ ժամանակին ինչպիսի հայտարարություններ և խոստումներ են հնչել:
Որպես առաջին նման քննարկումների օրինակ բավական է հիշել 2016 թվականի մարտին Ազգային ժողովի սոցիալական հարցերի և առողջապահության, մանկության և մայրության հարցերի մշտական հանձնաժողովների կողմից անցկացված «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թվականների ազգային ծրագրի» քննարկումը: Հենց այս ծրագրի ներդրմամբ է, որ երիտասարդ ընտանիքները հնարավորություն կունենան առանց կանխավճարի հիփոթեքով բնակարան ձեռք բերել:
Դեռևս մարտի 4-ին լրագրողների հետ զրույցում նախարար Արտեմ Ասատրյանը նշել էր, որ Հայաստանում բնակարանի ձեռքբերումն ավելի մատչելի դարձնելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկել է նոր ծրագիր և դրա արդյունքում բնակարան կարող են ձեռք բերել նրանք, ովքեր իրենց աշխատավարձով այդ հնարավորությունը չունեին: Արդեն մարտի 29-ին կրկին լրագրողների հետ զրույցում նա նշել է` չի բացառվում, որ առաջիկայում երիտասարդ ընտանիքները հնարավորություն կունենան առանց կանխավճարի հիփոթեքով բնակարան ձեռք բերել:
Հետաքրքիր է, որ դեռևս այն ժամանակ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանն անիրատեսական էր համարել առանց կանխավճարի բնակարան ձեռք բերելու տարբերակը, սակայն այլ պաշտոնյաների կողմից շարունակվում էր շրջանառվել այն տեսակետը, թե քննարկումները շարունակվում են և ամեն ինչ էլ հնարավոր է:
Արդեն մայիսի 10-ին նախարար Արտեմ Ասատրյանը կրկին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ծրագիրը ներկայացրել են կառավարության քննարկմանը իսկ հարցին` ինչ պայմաններ են գործելու, նա նշեց. «Մեր նախնական տարբերակում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել»: Այս հայտարարությունից հետո ևս բազմաթիվ անգամներ հնչում էր նույն պատասխանը, թե ծրագիրը քննարկվում է: Ծրագրի մեկնարկի մասին հայտարարությունից հետո բազմաթիվ ամիսներ են անցել, բայց ինչպես տեսնում եք` տեղից շարժվելու փոխարեն պաշտոնյաները շարունակում են մեղադրել լրագրողներին:
Նաիրա Հովհաննիսյան