Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով Վիեննայում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Վիեննայում նոյեմբերի 2-ին մասնակցել է «Ընտրությունների դիտարկումը և դրան հաջորդող առաջարկությունների կատարման ընթացքը» խորագրով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ աշխատաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:
Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի ընդունմանը նախորդած և հաջորդած կարևոր զարգացումները, անդրադարձել 10 մատնահետքով ընտրողի նույնականացման համակարգի ներդրմանը, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանն ու նախագծով սահմանված տեսանկարահանման համակարգի ներդրմանը:

«Ամբողջ գործընթացում մեզ առաջնորդել է ընտրական գործընթացների շուրջ փոխադարձ վստահության ստեղծման և աննախադեպ պատշաճ ընտրություններ անցկացնելու մեր ամենակարևոր նպատակը: Եվ ցուցակների հրապարակման այս որոշումը ստեղծված իրավիճակում հանրության վստահության ապահովմանն ուղղված կարևոր քայլ է»,-նշել է Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ սահմանվել է, որ մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրում է իրականացնել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում, ինչպես նաեւ նախատեսվում է արխիվացնել տեսանկարահանված նյութերը:

Արդարադատության նախարարը նշել է, որ Հայաստանում կազմակերպվել են առավելագույնս ներառական քննարկումներ օրենսգրքի նախագծի շուրջ՝ ներկայացնելով ՛՛4+4+4՛՛ բանակցային ձևաչափը: Նրա խոսքով՝ այն ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած հավասարակշռված քննարկման կարեւոր հարթակ էր:
Վերջում Արփինե Հովհաննիսյանը շեշտել է, որ Ընտրական նոր օրենսգրքում Հայաստանը իրացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունների գերակշիռ մեծամասնությունը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս