Երեխայի ծննդյան տարեդարձի համար փող չի ունեցել և բարկացած դանակահարել է աներոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էդգար Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր տան ննջասենյակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր կնոջ հոր` Կարապետ Բերբերյանի հետ, որի ընթացքում սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է նրա կրծքավանդակին և դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս և դիմել է փախուստի: ArmLur.am-ն այս մասին տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Պարզվում է, որ Էդգարն անտրամադիր եկել է իր բնակարան, քանի որ հաջորդ օրը երեխայի ծննդյան տարեդարձն էր, իսկ ինքը ֆինանսական խնդիրներից նեղված էր։ Կնոջ` Ռոզայի հետ վիճել է, ինչի պատճառով, վերջինս զանգահարել է մորը և քիչ անց իրենց տուն են եկել կնոջ ծնողները` Կարապետը և Վարվառան, ինչպես նաև կնոջ եղբայր Գևորգը։

Վիճաբանությունը շարունակվել է նաև նրանց հետ, քանի որ զոքանչը ցանկացել է դստերը և թոռներին տանել իրենց տուն։

Էդգարը զգուշացրել է, որ երբեք թույլ չի տա իր ընտանեկան հարցերին խառնվել։ Ռոզան չէր ցանկանում գնալ ծնողների հետ, սակայն նրա մայր Վարվառան վերջնագիր է ներկայացրել դստերը` կամ հայրական տունը կամ ամուսինը։

Նրանք շարունակել են վիճաբանել, ինչի արդյունքում Էդգարն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել աներոջն ու դիմել փախուստի:

Դատարանն ուսումնասիրելով փաստերը որոշեց Էդգար Գևորգյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 3 (երեք) տարի ժամկետով։




Լրահոս