Քաղաքապետարանը աճուրդի է հանել ոչ բնակելի տարածքներ, շինություններ և կաթսայատներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը համայնքին պատկանող գույքի օտարման աճուրդ է հայտարարել: Մասնավորապես, քաղաքապետարանը աճուրդի է հանել քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող ոչ բնակելի տարածքներ, շինություններ եւ կաթսայատներ: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ աճուրդի է հանվել 47 կաթսայատուն, որոնք գտնվում են Երեւանի տարբեր վարչական շրջաններում:

Նշենք, որ կաթսայատների արժեքը գնահատվում է ըստ դրանց քմ-ի եւ գտնվելու վայրի: Օրինակ՝ Դեմիրճյան 27 հասցեում գտնվող աճուրդի հանված կաթսայատան մեկնարկային գինը սկսում է 34.1 մլն դրամից, իսկ Չարենցի փողոցի թիվ 76/5 հասցեի կաթսայատունը՝ 363 մլն դրամից, Արտաշիսյան 3 նրբ 26/3 հասցեի կաթսայատան մեկնարկային գինը սկսում է 2.8 մլն դրամից: Ի դեպ, աճուրդը կայանալու է նոյեմբերի 11-ին:

Նկատենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ կաթսայատները վաճառելը արդեն սովորույթ է դարձել, որոնք էլ օտարվելուց հետո վերածվում են բարձրահարկ բազմաբնակարան շենքերի՝ հարուցելով բնակիչների զայրույթը:

Օրինակ՝ Սայաթ-Նովա 10,12 հասցեներում իրականացվող աղմկահարույց շինարարությունը, որ իբրեւ պետք է լիներ բազմաֆունկցիոնալ շենք, վերածվեց հյուրանոցի: Եւ այդ շինարարության արդյունքում շտապօգնության եւ հրշեջ մեքենաները չեն կարողանում մոտենալ այդ շենքերին:




Լրահոս