ՏՄՊՊՀ-­ն կուսումնասիրի ԵՄ երկրներից, ԱՄՆ­-ից դեպի Հայաստան ռոումինգ ծառայությունների շուկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջիկայում կուսումնասիրի Եվրամիության երկրներից, ԱՄՆ­ից դեպի Հայաստան ռոումինգ ծառայությունների շուկան: Այս մասին հանձնաժողովի նիստում նշեց հանձնաժողովի վերահսկողության վարչության պետ Մանուկ Միքայելյանը` պատասխանելով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի այն հարցին, թե արդյոք նախատեսվում է ռոումինգ ծառայությունների սակագների նվազեցման աշխատանքները խորացնել` ներգրավելով ԵՄ երկրներին և ԱՄՆ­ին:

«Չնայած այն հանգամանքին, որ այս փուլում սահմանափակել ենք ԵԱՏՄ տարածքում ռոումինգ ծառայությունների գների նվազեցման աշխատանքներով, այդուհանդերձ նախատեսում ենք աշխարհագրությունն ընդլայնել: Հարցի վերաբերյալ կլինեն ուսումնասիրություններ: Կարծում ենք, որ գործընթացը պետք է լինի փոխշահավետ ինչպես բաժանորդների, այնպես էլ օպերատորների համար»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ` ասաց Մանուկ Միքայելյանը: Արտակ Շաբոյանը նշեց, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են հավասար մրցակցային պայմանների ձևավորման արդյունքում սպառողների շահերի պաշտպանության հետ կապված հարցերը: Նա տեղեկացրեց, որ քաղաքացիներից դժգոհություններ էին լինում, որ ռոումինգ ծառայությունների գները բավական բարձր են:

«Այդ նպատակով հանձնաժողովն ուսումնասիրություններ է սկսել: Եկել ենք այն եզրահանգման, որ իսկապես ռոումնիգի սակագները զգալիորեն բարձր են: Հաշվարկների արդյունքում պարզել ենք, որ բջջային օպերատորները հնարավորություն ունեն իջեցնել գները: Համատեղ աշխատանքի արդյունքում արձանագրում ենք, որ ռոումնիգի գները զգալիորեն նվազել են: Նպատակ ունենք ավելի նվազեցնել, մոտեցնել երկրի ներսում բջջային հեռախոսակապի գներին»,-­հավելեց Արտակ Շաբոյանը:




Լրահոս