«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Հովհաննես Հարությունյանը, ով ոտքից հրազենային վիրավորում էր ստացել ՊՊԾ գնդի տարածքում, առողջական լուրջ խնդիր ունի:
Փաստաբան Հայարփի Սարգսյանը նշում է, որ իր պաշտպանյալի ոտքը բարակել է մյուսի համեմատ և սևացել. « Հովհաննեսի ոտքի գույնը փոփոխվել է, մգացել է, նա չի կարողանում աջ ոտքը դնել գետնին»:
Հովհաննեսին Էրեբունի ԲԿ-ից բժիշկներ են այցելել, սակայն նրանք նշել են, որ վիրահահտության կարիք չունի:
Հովհաննեսի քույրն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել եղբոր մասին, որտեղ ներողություն է խնդրել նրանից՝ ցավերի մեջ մենակ թողնելու համար. «Թողնել ենք քեզ շան պես վերքերդ լիզելու ու լավացնելու հոգսիդ մեջ մեն-մենակ, դու պահանջում ես անդամահատում այսօր, որովհետև քո ոտքն այսօր մահացածի ոտքի նման սև է ու սառը»:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):
Հավելենք, որ ՀՀ քաղաքացիների կողմից ստեղծվել է «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնությունը: Նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է.
Հարգելի՛ հայրենակիցներ,
ինչպես գիտեք, սկսած հուլիսի 26-ից` Հովհաննես Հարությունյանին բուժող բժիշկները բազմիցս պատճառաբանել են, որ Հովհաննեսի վնասվածքը ոտքի շատ բարդ հատվածում է, և բարդ վիրահատություն այդ շրջանում հնարավոր չէ կատարել:
Այս պահին Հովհաննեսի ոտքի գույնը դարձել է սև, և ոտքը լիովին անզգայացել է ու սառչել: Այսօր նա բառացիորեն խնդրում է բժիշկներին` անդամահատել իր անզգայացած ոտքը:
Այս նախաձեռնությունը պատրաստվում է ամենասեղմ ժամկետում Հովհաննես Հարությունյանի գործն իր դատական և բժշկափորձագիտական ողջ մանրամասներով ներկայացնել Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե` The Committee Against Torture (CAT):