«Սրբազանի գլխավորած երթը վախեր է առաջացնում ոչ միայն իշխանության, այլև իշխանության շահառուների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի մոտ»․ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժման մասնակիցները՝ Բագրատ Սրբազան Գալստանյանի, Սուրեն Պետրոսյանի և Գառնիկ Դանիելյանի գլխավորությամբ այսօր ժամը 16։00-ին կհասնեն Երևան։

Շատ անհատներ, քաղաքական և հասարակական գործիչներ էլ Հանրապետության Հրապարակում միանալու են այդ երթին՝ հայտնելով իրենց աջակցությունը այդ երթին։

Չնայած նրան, որ երթը այսօր լինելու է Հանրապետության Հրապարակում, քայլերի մասին հստակ որևէ բան առայժմ չի ասվել և չնայած, որ դեռ ոչինչ չի ասվել, վաղ առավոտից ուժային մարմինները հայտարարություններ են տարածել։

Օրինակ Ազգային անվտանգության ծառայությունը առավոտյան հայտարարություն է տարածել, որ սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։

Այս առթիվ ArmLur.am-ը կապ է հաստատել «Երիտասարդի ձայնը» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Հարությունյանի հետ՝ պարզելու, թե ինչ է կարծում այս մասին, ինչի՞ համար են այս հայտարարությունները։

Մեզ հետ զրույցում Հարությունյանն ասաց՝ ենթադրում է, որ ուժային կառույցները փորձում են նախապես ինչ-որ մեսսիջներ տալ։

«Ենթադրում եմ, որ ուժային կառույցները փորձում են նախապես ինչ-որ մեսսիջներ տալ՝ նախ փորձել նման հայտարարություններով հանրության մեջ որոշակի վախի մթնոլորտ ձևավորեն, դե մեր գործող իշխանությունները այս գործում սովորություն ունեն սեփական ժողովրդին վախի մթնոլորտում պահելու ու մշտապես վախի ինչ-որ մեսսիջներ տալու, փորձել իրենց թեզերը առաջ տանելու, նպատակները իրականացնելու։ Ենթադրում եմ առաջին նպատակը դա է՝ հանրության մեջ  որոշակի վախ սերմանեն, այսինքն փորձում են ցույց տալ, որ փողոցում լինելը վտանգավոր է ու երկրորդը՝ երևի թե փորձում են հնարավոր իրենց որոշակի ոչ օրինական գործողությունների համար նախապես հող նախապատրաստել»,- ասաց Հովհաննես Հարությունյանը։

Հարությունյանը զրույցի ընթացքում ընդգծեց Սրբազան հոր ասածները, որ այս երթը համայն հայությանը համախմբելու, խաղաղության մթնոլորտ ձևավորելու, սև ու սպիտակը եռագույնով փոխարինելու մասին է։

«Երթը նպատակ չունի այն գործողություններն իրականացնել, որոնք որ փորձում են ցույց տալ իշխանությունները, թե դրան են գնում։ Ընդհանրապես, եթե այս օրերին քայլել եք երթի մեջ, մթնոլորտին ծանոթ եք՝ կհասկանաք, որ մթնոլորտը լրիվ այլ բանի մասին է, խաղաղության, բարին տարածելու, համերաշխություն ձևավորելու, ինչպես նշեցի՝ սև ու սպիտակը եռագույնով փոխարինելու, փողոցը վանքով փոխարինելու մասին է»,- ասաց Հարությունյանը։

Հովհաննես Հարությունյանն ընդգծեց, որ վարչապետ Փաշինյանը վախենում է հանրության համախմբվելուց և զրույցը ավարտելով ասաց․

«Վստահ եմ, որ նույն ուժային կառույցները արդեն նախնական զեկույցներ ունեն իշխանություններին, թե ինչ մթնոլորտ է տիրում հանրությունում։ Փողոցով քայլելուց էլ յուրաքանչյուրս նկատում ենք, թե ինչպիսին է մթնոլորտը փոխվել։ Երեկ տեսանք Աբովյան քաղաքում ինչպես դիմավորեցին Սրբազանին, այսինքն՝ էականորեն շրջադարձային փոփոխություն կա հանրության մեջ և միանշանակ դա վախեր է առանձնացնում, ընդ որում՝ ոչ միայն գործող իշխանությունների մոտ, այլև գործող իշխանությունների առաջին շահառուների՝ Թուրքիայի և Ադրբեջանի մոտ։ Երեկ տեսանք Էրդողանի հայտարարությունը կապված նրա հետ, որ պետք է խաղաղության պայմանագիրը արագացվի, այսինքն՝ այնտեղ նույնպես որոշակի գործող իշխանությունների տապալման հոտ է զգացվում»։

Աննա Սրապիոնյան




Լրահոս