Ադամանդագործի ընտանիքին ճնշո՞ւմ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Oֆշորի գործով հայտնի գործարար, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի ընտանիքը լուրջ խնդիրներ ունի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սուքիասյանի հարազատները կանգնած են իրենց վերջին բնակարանը կորցնելու վտանգի առաջ: Ավելին՝ օդում կախված տեղեկությունների համաձայն՝ ադամանդագործի ընտանիքի անդամներին հետապնդում են:

Ինչպես հայտնի է՝ hetq.am-ը բացահայտել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը: Բանն այն էր, որ նշված ընկերությունն ուղղակի առնչություն ուներ գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:

Ըստ հրապարակման՝ Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչեւ 2011թ. հունիսի 15-ը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից մաս-մաս ստացել էր 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի վարկ, որի դիմաց, սակայն, բանկում գրավադրել էր գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները:
Ստանալով գումարը՝ Աշոտ Սուքիասյանը չէր կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, բայց սա չէր խանգարել, որ «Ամերիաբանկ»-ն անարգել շարունակի գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված մի քանի ընկերությունների բանկային հաշվեհամարներին: Արդյունքում գործարար Փայլակ Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, իսկ ավելի ուշ ճանաչվել տուժող: Վերը նշված վարկային պատմության մասով հարուցվել էր քրեական գործ:

Աշոտ Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ ձեռք բերելու, առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու հատկանիշներով: Գործը, ավելի քան մեկ տարի է, դատաքննության փուլում է: Երեկ էլ հերթական դատական նիստն էր, որը, ինչպես միշտ, ընթացավ լարված մթնոլորտում:

Այստեղ զարմանալին այն է, որ մինչ օրս հայտնի չէ՝ քննչական ինչ գործողությունների են մասնակցել հիմնական դերակատարները` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Համենայնդեպս, գոնե պաշտոնապես այս հարցի պատասխանը դեռեւս չի տրվել:
Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ օֆշորի գործով նոր բացահայտումներ եղան արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումից հետո:

Իսկ բացահայտումից հետո Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը հայտարարում էին, թե իրենք որեւէ կապ չունեն օֆշորում գրանցված ընկերության հետ: Գործարար Սուքիասյանն էլ hetq.am կայքի միջոցով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին նամակ էր գրել՝ հայտնելով, թե այդ կազմակերպության հիմնադիրն ինքն է. «Ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության:

Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»: Սակայն գործարարի այս հայտարարությանը հավատացողների գլխին սառը ջուր լցրեց Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը՝ հայտարարելով, թե Կիպրոսում հնարավոր չէ որեւէ մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել՝ առանց տվյալ անձի թույլտվության կամ նրա լիազորված անձի ներկայության:

Ինչեւէ, անդրադառնալով Աշոտ Սուքիասյանի ընտանիքի անդամների առջեւ ծառացած խնդիրներին՝ նշենք, որ նրանց մերձավոր շրջապատի մարդիկ մասնավոր զրույցներում ասում են, որ Սուքիասյանները արդեն տեւական ժամանակ է՝ կանգնած են անօթեւան մնալու վտանգի առաջ: Բանն այն է, որ կատարվածից հետո նրանց ողջ ունեցվածքը կալանքի տակ է դրվել: Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ավելի վաղ Ա. Սուքիասյանի որդին՝ Էդգար Սուքիասյանը, վստահեցրել էր, որ իր ընտանիքին ոչ ոք չի կարող ահաբեկել եւ «այս ամենը շառ է»:

Սուքիասյանների մերձավորների խոսքով, սակայն, Էդգար Սուքիասյանին որոշ ժամանակ առաջ ինչ-որ անհայտ անձինք ծեծի են ենթարկել: Օդում կախված խոսակցություններ կան այն մասին, որ երիտասարդին ծեծի ենթարկողները ինչ-որ թելերով կապված են սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանի հետ: Այս ամենը, սակայն, Է. Սուքիասյանը հերքել է՝ հայտարարելով, որ մարմնական վնասվածքները, որոնք ինքը ստացել է, վայր ընկնելու հետեւանքով են առաջացել, իսկ Փայլակ Հայրապետյանի հետ ինքը երբեւէ չի առնչվել:

Գուցե եւ ադամանդագործի որդին իսկապես որեւէ ճնշման եւ բռնության չի ենթարկվել, սակայն պետք չէ բացառել նաեւ, որ շատերի կարծիքով քավության նոխազ դարձած Աշոտ Սուքիասյանին «պատժելու» միջոցներից մեկն էլ լինի նրա ընտանիքի նկատմամբ ճնշումներ գործադրելու մեթոդը:
Ու թեեւ այս գործն արդեն իսկ դատարանում է, սակայն կան բազում հարցեր, որոնք այդպես էլ պատասխաններ չեն ստացել:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս