Դատական դեպարտամենտի ղեկավարը` նախկին պետի յուրացումների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, անդրադառնալով նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի յուրացումների գործին եւ վերջինիս քավության նոխազ դարձնելու մասին տեսակետներին, ասաց. «Ձեր հարցերի պատասխանը կարող եք գտնել այն դատական գործում, որը քննվել, եւ վերջնական դատական ակտ է կայացվել»:

-Ինչպես հայտնի է՝ ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը մեղադրվում է դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման փաստերով հարուցված քրեական գործի շրջանակում՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելու, ինչպես կաշառք ստանալու մեջ: Ինչ փոխվեց այս աղմկալի բացահայտումից հետո դատական դեպարտամենտի կյանքում:

-Ձեր մատնանշած աղմկալի դեպքից հետո կատարվել են բավականին ուսումնասիրություններ, կատարվել են բազմաթիվ վերլուծություններ եւ արվել են որոշ հետեւությունները:

-Կոնկրետ ի՞նչ հետեւությունների մասին է խոսքը:

-Զերծ կմնամ գնահատականներ տալուց իմ նախկին գործընկերներին, նամանավանդ, որ նրանցից ոմանք այս պահին հարցերի կիզակետում են, չեն աշխատում, փորձելու եմ ձեռնպահ մնալ: Բայց այսօր ինչ կատարվում է դատական համակարգում, բոլորն էլ տեսնում են, որովհետեւ վերահսկիչ պալատը իր ուսումնասիրությունները կատարեց նախորդ տարի, եւ նրանց կողմից կազմված հաշվետվությունը Դուք եւս տեսել եք: Այնտեղ չկա որեւէ այնպիսի խախտում, թերություն, որը հիմք կտա կարծել, թե համակարգում որեւէ բան չի փոխվել: Այդ փաստաթղթերում գրված են, որ խախտումներ չեն հայտնաբերվել դատական դեպարտամենտի վերջին երեք տարիների գործունեության մեջ: Համակարգը աշխատում է նոր ոգով, նոր թափով:

-Լինելով դատական դեպարտամենտի ղեկավար՝ խնդրում եմ ասեք՝ Ձեր կարծիքով, Միսակ Մարտիրոսյանը կարո՞ղ էր առանց վերեւների իմացության գնալ այդօրինակ յուրացումների: Ի վերջո, փորձը ցույց է տվել, որ մշտապես ցածր պաշտոնյաները կամ մանր ձկներն են հայտնվում ճաղերի հետեւում:

-Ես չեմ կարծում, որ Միսակ Մարտիրոսյանը՝ տվյալ դեպքում դատական դեպարտամենտի ղեկավարը, ցածրաստիճան պաշտոնյա է, ինչպես նշում եք Ձեր խոսքում:

Առանց իր ղեկավարների իմացության կարո՞ղ էր այդ քայլին գնալ:

-Չեմ կարող մեկնաբանություն տալ եւ կարծում եմ՝ Ձեր հարցերի պատասխանը կարող եք գտնել այն դատական գործում, որը քննվել, եւ վերջնական դատական ակտ է կայացվել:

-Ցավոք, դատական ակտում չկան մեզ հուզող հարցերի պատասխանները: Դուք ներկայացրիք, որ համակարգում երեք տարիների ընթացքում խախատումներ չեն հայտնաբերվել, սակայն «Ժողովուրդ»-ը Միսակ Մարտիրոսյանի կալանավորումից մեկ տարի անց եւս մեկ աղմկահարույց չարաշահման մասին բարձրաձայնեց: Խոսքը դատական գործերի թարգմանության համար նախատեսված ծախսերը արհեստական կերպով շատ ներկայացնելուն էր վերաբերում: Մեր հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեում նյութեր նախապատրաստվեցին, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ արհեստական գանձված գումարները հետ են վերադարձնում:

-Շնորհակալություն եմ ուզում հայտնել այն ուշադրության համար, որ Ձեր կողմից, ինչպես նաեւ լրատվամիջոցների կողմից ցուցաբերվեց այդ հարցին: Իրականում դա դատական դեպարտամենտի գործառույթների հետ կապված չէր, եւ այն, ինչ տարածվեց ԶԼՄ-ներով, որ պրաբելները եւս հաշվարկվում են եւ գումարներ են վճարվում, չի եղել նման բան եւ այսօր էլ չկա: Մենք տվեցինք համապատասխան պարզաբանում: Ավելին ասեմ, որ այն գումարները, որ պետք է վճարվեին թարգմանչական ծառայության դիմաց պայմանագրային կողմ հանդիսացող կազմակերպությանը, դեռ չէին վճարվել, եւ իմ հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, կատարվել են բոլոր ուսումնասիրությունները եւ իրականում կազմակերպությանը վճարվել են այն գումաները, որը մատուցվել է առանց որեւէ մեկ դրամ ավելորդության:

Մանրամասները` տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս