ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԵՎՐԱՔՆՆԱՐԿՈՒՄԸ՝ ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական անպատասխանատվությունը մեր երկրում դարձել է գերխնդիր: Այնպիսի տպավորություն է, որ հայաստանյան ամենատարբեր ոլորտներում գործունեություն ծավալող աշխատակիցները, լինեն բարձրաստիճան, թե շարքային, շատ հաճախ չեն գիտակցում իրենց արած աշխատանքի կարեւորությունը եւ թողած հետեւանքները: Ու այդպես դոմինոյի էֆեկտով վատ կառավարման դրսեւորումները փոխանցվում են հաջորդաբար: Օրինակ՝ հայաստանյան դատավորների գրած վճիռների հետեւանքները կրում են ՀՀ հարկատուները: Վերջին վճիռը կայացվեց հոկտեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից ընդդեմ ՀՀ կառավարության: Երեւանի Բուզանդի փողոցի բնակչի տունը քանդել էր Երեւանի քաղաքապետարանը, սակայն իրական արժեքի՝ 276 մլն դրամի փոխարեն փոխհատուցել էր 54 մլն դրամ՝ խախտելով նրա իրավունքները: Ու Հայաստանյան դատական եռաստիճան համակարգով անցնելիս՝ քաղաքացիները արդյունքի չէին հասել: Այս վիճակի պատասխանատուն մի շարք դատավորներ են՝ այդ թվում եւ այսօրվա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի պաշտոնը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնյաների պատասխանատվության հարցը արդեն սկսել է լրջորեն քննարկվել իշխանական շրջանակներում: Եւ անգամ պաշտոնական հաղորդագրություններում է այդ մասին հիշատակվել: Մասնավորապես հոկտեմբերի 19-ին Եվրադատարանում կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայայի հետ: Ըստ հաղորդագրության` Կոստանյանն ու Բուայան, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ պաշտոնատար անձանց, ներառյալ դատավորների պատասխանատվության, այդ թվում՝ նյութական պատասխանատվության հարցը: Պետք է ոստիկանները, քննիչները, դատախազները, քաղաքապետարանի, կադաստրի աշխատողները պատասխանատվություն կրեն իրենց կայացրած որոշումների համար:
Կհաջողվի՞ Կոստանյանին գոնե եվրոպացիների հետ համատեղ գործելով հասնել ամբարտավան պաշտոնյաների պատասխանատվությանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը:

 

 
Երեկվա պաշտոնական լրահոսի երկու տեղեկությունները համադրելիս՝ խիստ ուշագրավ պատկեր արձանագրվեց: Նախ ԼՂՀ ՊԲ-ն հայտնեց, որ հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի պահպանման «ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ արձակելով ավելի քան 2300 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում, դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ: Այսինքն՝ ապրիլյան 4-օրյա պատերազմական գործողություններից հետո Ադրբեջանը կրկին ռազմական ակտիվություն է փորձում սանձազերծել, իսկ միջազգային հանրությունը, կարծես թե, էլի չի նկատում: Ու այս ֆոնին երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր պաշտոնական այց կկատարի Ջակարտա, որտեղ կհանդիպի Ինդոնեզիայի գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ: Թե որքանո՞վ է հրատապ այս այցը, ԱԳՆ-ից պարզել չհաջողվեց. «Ժողովուրդ» օրաթերթին ասացին, թե պաշտոնապես կհայտնեն:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը 2012-2015 թվականների ընթացքում «Արդշինինվեստբանկ», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ների հետ կնքել է 5 վարկային պայմանագրեր: Առաջին երեք վարկերը համալսարանին տրամադրվել են ընթացիկ ծախսերի իրականացման եւ շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով, իսկ վերջին երկուսը՝ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարների հետ կապված ծախսերի իրականացման համար: Ուշագրավն այն է, որ ձեւակերպված վարկերի մարումները դեռ չիրականացված՝ ներգրավվել են հաջորդ վարկերը, եւ կատարվել են նախորդ վարկերի տոկոսների մարումներ՝ ընդհանուր 1 մլն 421 հազար 600 ԱՄՆ դոլարի չափով: Ասել է թե՝ բժշկական համալսարանը «տոկոսի տակ է», վնասով աշխատող հիմնարկություն: Ու այս վարկային պատմությունների հիմքը դրվել է ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի օրոք, որը բուռն շարունակություն է ունեցել ներկայիս ռեկտոր, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պրոտեժե Միքայել Նարիմանյանի օրոք:

 

 

 
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստթղթերից հայտնի դարձավ, որ այս տարվա սեպտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 66 մլն 630 հազար դոլար: Այսինքն՝ այսքան գումար են «դրսից», (հիմնականում ԱՄՆ-ից, ՌԴ-ից) ուղարկել Հայաստան, որը 39 մլն 888 հազար դոլարով պակաս է նախորդ տարվա համեմատ: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ սեպտեմբերին եւս տրանսֆերտները շարունակել են անցած տարվա համեմատ նվազել: Նշենք, որ այս տարվա 9 ամիսների արդյունքներով՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 496 մլն 140 հազար դոլար: Մինչդեռ 2015 թվականի 9 ամիսների արդյունքներով՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր 656 մլն 48 հազար դոլար: Իսկ 2014 թվականի 9 ամիսներին գրեթե կրկնակի ավել էր՝ 963 մլն 993 հազար դոլար: Ստացվում է, որ այս տարվա 9 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ տրանսֆերտների զուտ ներհոսքը նվազել է 159 մլն 908 հազար դոլարով: 2014 թվականի 9 ամիսների նկատմամբ նվազումը կազմել է 467 մլն 853 հազար դոլար:

 

 

 
ՕՐԻՆԱՉԱՓՈՐԵՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ կապված Երեւանի կենտրոնում՝ Հանրապետության թիվ 65 հասցեում Առաջին տպարանի շենքի պայթեցման հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին նախկին տպարանի շենքը պայթեցվել էր՝ հարուցելով երեւանցիների վրդովմունքը: Ու թեեւ պայթեցման աշխատանքները բավականին գրագետ էին իրագործվել, շենքի՝ ճարտարապետական արժեքի վերաբերյալ կարծիքներն էլ հակասական էին, այդուհանդերձ, ակնհայտորեն հանրային բավարար իրազեկում չէր արվել ո՛չ կառուցապատման նոր ծրագրի, ո՛չ էլ, որ էլ ավելի վտանգավոր էր, բուն պայթեցման գործընթացի մասին:
Եվ այս առումով, անշուշտ, միանգամայն տեղին էր Կարեն Կարապետյանի վրդովմունքը, որը նա հանրայնացրեց երեկվա խորհրդակցության ընթացքում. «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա, կարող է անել: Ինչպե՞ս են մարդիկ որոշել, որ պետք է պայթեցնել, ո՞ւմ պետք է տեղյակ պահեին, եւ ո՞վ պետք է բնակիչներին տեղեկացներ»- արդարացված հարցեր հնչեցրեց վարչապետը՝ հանձնարարելով բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ: «Առաջինը՝ շինարարը կամ սեփականատերը /տվյալ դեպքում՝ «Աստորիա-ինվեստ» ՓԲԸ-ն/ պետք է տեղեկացներ համայնքի համապատասխան ատյաններին, որ շենքն ապամոնտաժելու են ոչ թե այս կամ այն եղանակով, այլ պայթեցման: Այդ իսկ պատճառով պետք է հասկանալ, թե ինչ պատիժ է հասնում սեփականատիրոջը կամ շինարարին եւ նրա նկատմամբ կիրառել առավելագույն պատիժը: Երկրորդ՝ լիցենզավորված կառույցը, որը պայթեցրել է շենքը, պետք է իր լիցենզիային համապատասխան պաշտոնապես տեղեկացներ բնակչությանը: Չի տեղեկացրել, ուստի նրա նկատմամբ եւս պետք է կիրառել առավելագույն պատիժ»,- հանձնարարեց վարչապետը՝ այդ շարքում չմոռանալով նաեւ ԱԻ նախարար Արմեն Երիցյանին հրահանգել՝ պատասխանատվության ենթարկել նախարարության համապատասխան ծառայության ղեկավարին:
Կ. Կարապետյանի, թվում է, միանգամայն արդարացված այս արձագանքը, սակայն, ոչ միանշանակ գնահատականի արժանացավ սոցիալական ցանցերում: Շատերը վարչապետի ելույթում «պրիմիտիվ պոպուլիզմ» տեսան՝ ընդգծելով, որ նա, չգիտես ինչու, «առավելագույն պատիժ» չի պահանջում իր իսկ բնորոշած «պրիմիտիվ գողությամբ» զբաղվողների, եւ կամ՝ միլիոններով պետական միջոցները թալանած նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում: Կար արդյոք պոպուլիզմ վարչապետի երեկվա ելույթում. իր ոճով պատասխանելով ասենք՝ գուցե: Դա՞ էր արդյոք հիմնական շարժառիթը, չենք կարծում եւ չենք ուզում այդպես մտածել: Համենայն դեպս, Կ. Կարապետյանը առաջիկայում հնարավորություն ունի ցույց տալու, որ մեղավորներին խստորեն պատժելու իր կամքը լինելու է մնայուն եւ դրսեւորվելու է որպես օրինաչափություն՝ առանց բացառության եւ իրավիճակային թելադրանքի:




Լրահոս