ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Ինդոնեզիա: Նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները Ինդոնեզիայի գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ: Մայրաքաղաք Ջակարտայում Է. Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Իհարկե, եթե մենք ապրեինք այնպիսի երկրում, որտեղ տնտեսական ու ռազմաքաղաքական կայունություն լիներ, Ինդոնեզիա այցը ուշարգավ չէր ընկալվի: Բայց վերջին օրերին ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը նորից փորձում է սահմանին իրավիճակը ապակայունացնել: Ու դիվանագիտական աշխատանքի կարեւորության մասին բարձրաձայնվում է ավելի հաճախ:
Հոկտեմբերի 26-ին ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը: Իսկ հոկտեմբերի 20-ին Արցախի շփման գծի արեւելյան եւ հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր, ապա նաեւ ականազերծման փորձեր: Եւ այս իրավիճակում, երբ սահմանից ստացվող լուրերը ադրբեջանական վայրագ քաղաքականության հերթական դրսեւորումների մասին են գուժում, իսկ միջազգային հանրությունն էլ անողնաշար դիրքորոշում է հայտնում, մենք ավելի քան զգում ենք դիվանագետների կարիքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաեւան Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուից հետաքրքրվեց, թե ի՞նչ է անելու Թուրքիան ղարաբաղյան խնդրի լուծման կապակցությամբ: Ի պատասխան հարցման՝ Չավուշօղլուն հայտարարեց. «Մենք անկեղծ ջանքեր ենք գործադրել ղարաբաղյան խնդրի լուծման համար։ Մինսկի խումբը՝ «Մինսկ-3-ը» եւ Ռուսաստանն այսօր որոշ կառուցողական առաջարկություններ ունեն: Ադրբեջանի առնվազն հինգ օկուպացված շրջաններից Հայաստանի դուրս գալը քննարկման օրակարգում է: Դա մի բան է, որը մենք շարունակում ենք քննարկել։ Եվ մենք գտնում ենք, որ եթե նման քայլեր ձեռնարկվեն, մենք պատրաստ կլինենք աջակցել ցանկացած որոշման, որին կողմ կլինի Ադրբեջանը»: Թուրքիայի վարչապետի հայտարարությունը դեռ ինչ-որ տեղ կանխատեսելի էր, բայց ուշագրավ էր ՌԴ ԱԳՆ-ի պատասխան հայտարարության բովանդակությունը, որը հնչեց հենց Երեւանից, քանի որ այդ օրերին Լավրովը Պուտինի հետ ՀԱՊԿ Խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում Երեւանում էր: «Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում, այնպիսի կարեւոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում: …Մեր տպավորություններով ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացն առանցքային նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»,- հայտարարեց Լավրովը: Ռուսաստանի այսպիսի ռեվերանսը Թուրքիային ԼՂՀ հարցի կարգավորման մասով, միեւնույն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ամեն պատեհ առիթին հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների նկատմամբ միջազգային հանրության լռությունը եւս մեր ԱԳՆ-ի թերացման արդյունքն է:
Եւ այս ֆոնին մեր երկրի դիվանագիտական թիվ մեկ կառույցի ղեկավարը՝ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ճամփորդում է: Այո՛, ճամփորդում է, քանի որ Ինդոնեզիայի հետ հարաբերությունները այսօր մեզ համար առաջնայինը չեն կարող համարվել:
Ի վերջո, ինչ կտա մեզ այս այցը թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական տեսանկյունից: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ քաղաքագետ, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանից: «Գիտեք, ԱԳՆ-ն ինքը պիտի հստակ ասի, թե հեռավոր Ասիայում հարաբերությունների զարգացումը ինչ ձեւով է Հայաստանի անվտանգության ռեսուրսները փոխլրացնում, որովհետեւ հասկանալի չէ՝ դրանք ուղղակի առեւտրատնտեսական գործընկերության շրջանակներում են դիտում, թե՞ կարեւոր է նաեւ ռազմաքաղաքական անվտանգության առումներով: Երբ մենք հստակ իմանանք, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում Ջակարտայում Հայաստանի եւ նրանց միջեւ, այդժամ գուցե կկարողանանք գնահատական տալ»:
Թե ինչ օրակարգով է տեղի ունենալու այցը, ստորագրվելո՞ւ է որեւէ փաստաթուղթ եւ որքա՞ն գումար է հատկացվել այցի համար, փորձեցինք պարզել ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից: Ի պատասխան մեր հարցադրումների` Բալայանը պատասխանեց. «Այցը դեռ չի մեկնարկել: Հանդիպումների օրակարգի եւ բովանդակության մասին կլինեն հաղորդագրություններ: Ֆինանսական կողմը հրապարակվում է կառավարության կայքում»:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարների կողմից Ջակարտա այց է կատարվել 2 անգամ` 2005թ. հոկտեմբեր՝ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան, 2012թ. օգոստոս՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան: Պարզվում է` սա ՀՀ երրորդ այցն է: Իսկ թե ինչպիսին են առեւտրատնտեսական հարաբերությունները, եւ ո՞ր երկրի համար է ավելի շահադիտական երկկողմ հարաբերությունների կարգավորումը, դատեք ինքներդ ՀՀ-ի եւ ԻՀ-ի միջեւ ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ սյունակից (տե՛ս նկարը): Ավելի շատ ապրանքներ են ներկրվել Հայաստան այդ երկրից, քան արտահանվել: Իսկ Ինդոնեզիայից ներկրումով երկիր են պահո՞ւմ:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ԽՈՇՈՐՆԵՐՈՎ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Ըստ այդմ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցրել է ցանկի առաջին հորիզոնականը՝ պետբյուջե վճարելով 29 մլրդ 830 մլն 848 հազար դրամ հարկ: Ցանկի երկրորդ տեղում է հայ կանադական «Գրանդ Տոբակո» ձեռնարկությունը՝ ավելի քան 16 մլրդ 545 մլն 34 հազար 200 դրամ վճարած հարկով: «Որոտանի ՀԷԿ»-ը այս տարվա 9 ամիսներին վճարել է ավելի քան 15.5 մլրդ դրամ հարկ եւ ցանկում զբաղեցրել 3-րդ տեղը: Իսկ, ահա, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում վճարելով 14 մլրդ 50 մլն դրամ հարկ՝ գտնվել է 4-րդ տեղում:
«Ալեքս գրիգ» ընկերությունը հայտնվել է ցանկի 5-րդ տեղը՝ վճարելով մոտ 11.1 մլրդ դրամ: Ցանկի 6-րդ տեղում է «Թեղուտ» ընկերությունը, որը վճարել է ավելի քան 10 մլրդ 782 մլն 283 հազար 500 դրամ հարկ, 7-րդ տեղում է «Ղ Տելեկոմ» ընկերությունը՝ 10 մլրդ 743 մլն 357 հազար 200 դրամ պետբյուջե վճարած հարկով:
Իսկ «Սի Փի Էս օիլ քորփորեյշն» ընկերությունը զբաղեցրել է 8-րդ տեղը՝ վճարելով 9 մլրդ 910 մլն 486 հազար 900 դրամ, 9-րդ տեղում է «Ֆլեշ» ընկերությունը՝ 9 մլրդ 213 մլն 340 հազար դրամ վճարած հարկով: ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկի 10-րդ տեղը զբաղեցնում է «Արմենիա Տելեֆոն կոմպանի» ընկերությունը, որը վճարել է 9 մլրդ 125 մլն 25 հազար 800 դրամ հարկ եւ տուրք:

 

 

ՀԱՐՈՒՍՏ  ՉԻՆՈՎՆԻԿԸ
ՀՀ ֆինանսների նորանշանակ ՀՀԿ-ական փոխնախարար Կարեն Թամազյանը հայտարարագրել է, որ ունի մեկական բնակարան եւ մեկական «Volkswagen Golf 1.8» մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 14 մլն դրամ, 28 հազար դոլար եւ 24 հազար եվրո: Բացի այս, նորանշանակ փոխնախարարի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 35 հազար եվրո եւ 25 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ վերջինս հայտարարագրել է իր աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 10 մլն 329 հազար 469 դրամ: Նշենք, որ Թամազյանը 2013-2014թթ զբաղեցրել է ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի, իսկ 2014-2016թթ. հոկտեմբերին աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ստացվում է, որ Թամազյանը զբաղեցնելով նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը՝ ամսական ստացել է ավելի քան 1 մլն դրամ աշխատավարձ: Հետաքրքիր է, թե որքան կկազմի նրա աշխատավարձը արդեն որպես փոխնախարար:

 

 
ՆՇԱՆԱԿՈՒՄ
Սերժ Սարգսյանի հրամանագրով` Լեւոն Գալստյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով։

 

 

ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո, անդրադառնալով հավաքականի երկրպագուներին, ասել է. «Մեր երկրպագուները թույլ չեն տալիս, որ մարզիչները աշխատեն: Վարուժան Սուքիասյանը խաղադաշտ չմտած՝ արդեն գոռում են՝ Սուքիասյա՛ն, հեռացի՛ր, այլ մարզչի անուն են գոռում: Դա շատ վատ է: Այսպես հավաքականի գլխավոր մարզիչ ոչ ոքի չի ուզենա աշխատել, ինչպես Վարդան Մինասյանը չի ուզում: Ոչ ոք չի տեսնում, թե հավաքականը ինչու է վատ խաղում: 5-6 ֆուտբոլիստ վնասվածք ունեն, մարզիչը ձախողվել է, բայց խաղը չսկսված գոռում են՝ Սուքիասյա՛ն, հեռացի՛ր, ինչի՞ համար: Ցանկալի է, իհարկե, որ Հայաստանի հավաքականը բոլորին հաղթի, բայց դա հնարավոր չի: Մեր երկրպագուները դարձել են փորձանք հավաքականի գլխին»:

 

 

ՁՄԵՌԸ ՉԵԿԱԾ
Նոյեմբերի 1-2-ին հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն եւ մերկասառույց: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի եւ Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռներում ու Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ:

 

 

ՆՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նախօրեին կուսակցության վարչության նախագահ է ընտրել Սասուն Միքայելյանին: Իսկ ՔՊ վարչության նոր կազմում ընգրկվել են Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Գարիկ Սարգսյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Սուրեն Պապիկյանը, Լենա Նազարյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, Վահագն Հովակիմյանը, Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը եւ Հովիկ Աղազարյանը:

 

 

ՉԻ ԱՎԵԼԱՆԱ
ԱԺ մշտական հանձնաժողովներում պետբյուջեի քննարկումների շրջանակներում երեկ փակ ռեժիմով քննարկվել է նաեւ պաշտպանության ոլորտին հատկացվող գումարների հարցը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ այս տարի ոլորտի բյուջեի ավելացում չի սպասվում: «Կարող եմ ասել, որ բյուջեի մեծ ավելացում այս տարի չի սպասում: Այն, ինչ նախատեսվում է, բնականոն աճի շրջանակներում է, բայց մենք ունենք ներքին լուրջ վերաբաշխումներ՝ կապված խնայողությունների հաշվին մարտական պատրաստվածության եւ սպառազինության հետ, ինչպես նաեւ ներսում սպառազինության վրա գումարների ավելացման առումով»,- նշել է նախարարը:




Լրահոս