80-ականներին ԱՄՆ-ում ստեղծված TED (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design- տեխնոլոգիա, ժամանց և դիզայն) կոչվող ամենամյա կոնֆերանսը նոյեմբերի 6-ին հյուրընկալվել էր Երևանի պետական բժշկական համալսարանում։ Առաջին անգամ Հայաստանում անցկացվել է համալսարանական ֆորմատով TEDxYSMU համաժողովը՝ լիցենզավորված համաշխարհային ճանաչում ունեցող TED-ի կողմից։
«Թեդեքս» համալսարանական համաժողովն անցկացվել է «Մեր նամակը տիեզերքին» խորագրով։
TED-ն ունի հստակ ձևաչափ։ Զեկուցողները, հաշված րոպեների ընթացքում ներկայացնում են իրենց նորարարական ու առաջադիմական մտքերը, բացահայտում են նոր իրողություններ ու ստիպում մարդկանց մի փոքր այլ կերպ նայել աշխարհին:
TEDxYSMU-ի միջոցով աշխարհին գաղափարներ տարածողների թվում էին ինը խոսնակներ՝ Թենի Ավագյանը, Արման Խաչատրյանը, Նատալյա Օրթիզ Նազարյանը, Դավիթ Ղարիբյանը, Կարինե Վանը, Վիլյամ Մեհրվարզը, Արտեմ Գրիգորյանը, Շաունթ Թչակմակը, Արշավիր Մինասարյանը։
Թենի Ավագյանը ներկայացրել է «Ունիվերսալ ձայներ» (Universeral Saunds) խորագրով ելույթը։ Թենին խոսել է այն մասին, թե ինչպես են տարբեր ազգության, կուլտուրաների մարդիկ ընկալում նույն ձայները, յուրաքանչյուրը՝ յուրովի։ Ըստ Թենիի՝ եթե մենք կարողանայինք ունենալ ունիվերսալ ձայնային համակարգ, գուցե աշխարհն ավելի հանդուրժող լիներ տարբեր մշակույթների նկատմամբ։
Համալսարանական TEDxYSMU-ի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նկատում է, որ TED-ը նորարարական գաղափարներ գեներացնող աշխարհում հայտնի ձևաչափ է։ Ըստ պարոն Ավագյանի՝ ողջունելի է, որ Հայաստանի ուսանողները նույնպես մաս են կազմում համաշխարհային TED-ի։ «Նման նախագծերի ներգրավվելով՝ մեր երիտասարդներն ավելի մոտ են լինում նորարարություններին։ Երիտասարդական հիմնադրամը չէր կարող իր մասնակցությունը չունենալ ուսանողների նորարար գաղափարները խրախուսող այս ծրագրին, ուստի արժանացրել է ֆինանսավորման։ Ու պատահական չէ, որ հենց Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանն է հանդես գալիս նման նախաձեռնությամբ, քանի որ այն մեր երկրի ամենակայացած ուսանողական կառույցներից մեկն է»,- ասում է Կարեն Ավագյանը։
Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Ալեքսան Հովհաննիսյանը նկատում է, որ համալսարանական TEDx անցկացնելու գաղափարը ծագել է ուսանողական կառույցի անդամների մոտ։ Մոտ 6 ամսվա աշխատանքների արդյունքում ձեռք է բերվել արտոնագիր, և 40 հոգանոց աշխատանքային թիմը կազմակերպվել է համաժողովը։ TEDxYSMU-ին ներկա էին ավելի քան 100 մասնակիցներ՝ տարբեր բուհերի ուսանողներ, երիտասարդներ։
Համաժողովում խոսնակների հնչեցրած ելույթների տեսագրություններն առաջիկայում կտեղադրվեն համացանցում` TED-ի կայքում, որտեղ դրանք միլիոնավոր դիտումներ են ունենում՝ դառնալով համաշխարհային TED-ի մաս։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն