ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում

Երեկ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Զորավար Անդրանիկ» կայարանում իսկական հեղեղ էր, պատճառը տեղացած առատ ձյան հալոցքից առաջացած ցեխաջուրն էր: Աշխատակիցները դույլերով ջուրը հավաքում էին եւ փորձում մաքրել մետրոյի կայարանի մուտքը:

 

 

 
ՀԱՐՑ. Ամեն տարի ես փետրվարին հիմնարկից տեղեկանք եմ ներկայացնում, որպեսզի վերահաշվարկ կատարեն: Ուզում եմ ստույգ իմանալ, թե որքան է կազմում իմ աշխատանքային ստաժը: Ցանկանում եմ իմ աշխատանքային ստաժի վերահաշվարկ կատարվի: Հնարավո՞ր է դա, թե՞ ոչ:

Ռուբիկ Եսայան (ք. Երեւան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը՝ նախորդ համարում) Կենսաթոշակի հաշվարկելու համար Ռ. Եսայանը 07.02.2014թ. դիմել է տարածքային բաժին՝ ներկայացելով 20.05.1983թ.-ից արխիվում աշխատելու վերաբերյալ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 06.02.2014թ. տրված թիվ 16 տեղեկանքը, որի հաշվառմամբ աշխատանքային ստաժը կազմել է 40 տարի 6 ամսի 5 օր (41 տարի):
Նշված հիման վրա Ռ. Եսայանի կենսաթոշակը վերահաշվարկվել է 41 տարվա աշխատանքյաին ստաժի հաշվառմամբ եւ 2014թ. մարտ ամսից կազմել է 41.654 դրամ:
Հաջորդ վերահաշվարկի համար Ռ. Եսայանը տարածքային բաժին է դիմել 04.02.2015թ.՝ ներկայացնելով 01.02.2014թ. մինչեւ 01.02.2015թ. (1 տարի) աշխատանքային ստաժ, որի հաշվառմամբ աշխատանքային ստաժը կազմել է 41 տարի 6 ամիս 5 օր (42 տարի):
Նշված հիման վրա Ռ. Եսայանի կենսաթոշակը վերահաշվարկվել է 42 տարվա աշխատանքային ստաժի հաշվառմամբ եւ 2015թ. մարտ ամսից կազմել է 48.160 դրամ:
Ռ. Եսայանը հաջորդ վերահաշվարկի համար տարածքային բաժին է դիմել 03.02.2016թ.՝ ներկայացնելով 11 ամիս 7 օր աշխատանքային ստաժ (01.02.2015թ. մինչեւ 08.01.2016թ.), որի հաշվառմամբ ընդհանուր աշխատանքային ստաժը կազմել է 42 տարի 5 ամիս 12 օր:
Վերը նշվածի Կանոնների համաձայն՝ Ռ. Եսայանի կենսաթոշակը շարունակվել է վճարվել 42 տարվա ստաժի դեպքում սահմանված կենսաթոշակի չափով՝ 48.160 դրամ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ Ռ. Եսայանի կենսաթոշակը Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ կարող է վերահաշվարկվել կենսաթոշակի վերջին վերահաշվարկից 12 ամսի հետո աշխատած լինելու մասին տեղեկանքը, դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին ներկայացնելու դեպքում՝ հաջորդ ամսվա 1-ից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության սոցիալական ապահովության
պետական ծառայության պետի տեղակալ Ա. Պարոնյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել հիմնական կենսաթոշակի եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի՝ նախկինում սահմանված չափերից:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս է որոշվում երեխայի քաղաքացիությունը:

Հրաչուհի Ջանոյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ է, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե`
– նա ծնվել է ՀՀ-ում, կամ
– ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ
– ծնողները մշտապես բնակվում են ՀՀ-ում:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2001թ. անցկացված մարդահամարի արդյունքներով, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի «մշտական բնակչության» թիվը եղել է 3 միլիոն 213 հազար 11 մարդ: Իսկ արդեն 2011թ. հոկտեմբերի 12-ից 21-ը անցկացված մարդահամարի արդյունքներով ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 միլիոն 18 հազար 854 մարդ: Ստացվում է, որ 2001թ. համեմատ մշտական բնակչության թիվը նվազել է 194 հազար 157 մարդով:




Լրահոս