Վեցերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերոջ առաքելությունը։ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի երկարաժամկետ աջակցության շնորհիվ նվագախումբը զգալի ձեռքբերումներ է ունեցել դասական երաժշտության գլուխգործոցները հանրությանը ներկայացնելու գործում։
Գյումրիում մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ևս մեկ կարևոր նախաձեռնություն, որն ուղղված է Հայաստանի մարզերում երաժշտական կրթության զարգացմանը։ Մարզային այցելությունների ընթացքում կանցկացվեն հանդիպում-վարպետության դասեր «Անկախության սերունդ» համահայաստանյան երիտասարդական նվագախմբի երաժիշտների հետ։ Երևանից ժամանած մասնագետների մոտ վարպետության դասեր կանցնի Շիրակի և Տավուշի մարզի՝ համահայաստանյան այս նախագծին մասնակցած 12-18 տարեկան 22 երաժիշտ։
«Հայաստանը մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող երկիր է։ Մեր նպատակն է պահպանել ու զարգացնել այդ ավանդույթները։ Այդ նպատակներին շատ ավելի դյուրին է հասնել, երբ կողքիդ ունես ՎիվաՍել-ՄՏՍ-ի նման գործընկեր ու համախոհ։ Ընկերությունը և նրա գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անգնահատելի ներդրում ունեն դասական երաժշտության հանրայնացման, տարածման գործում»,-ասել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
«ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում և խրախուսում է երաժշտական նվագախմբին՝ իր օգտաշահ ու բարի առաքելությունն իրականացնելու գործում: Ողջունելի է նվագախմբի ձգտումը՝ կանգ չառնել ձեռքբերածով և շարունակել երաժշտարվեստի տարածումը հանրության, և հատկապես՝ երիտասարդության շրջանում: Այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներից հատկապես կարևորվում է մարզերում բնակվող երիտասարդ երաժիշտներին իրենց ոլորտներում կատարելագործվելու հնարավորության ընձեռումը: Այսօրինակ ծրագրերը նպաստում են երաժշտարվեստի ոլորտի սերնդափոխությանը՝ խթանելով նվագարանների գեղարվեստական առանձնահատկություններում ազգային ինքնության տարրերի հետագա զարգացումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ գործընկերության շնորհիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որպես մշակութային դեսպան, հնարավորություն է ունեցել ոչ միայն համագործակցելու ժամանակակից երաժշտարվեստի մեծ վարպետների հետ, այլև` հայկական մշակույթը և հայ կատարողական դպրոցի ձեռքբերումները ներկայացնելու արտասահմանյան բեմերում:
Երիտասարդական նվագախումբը նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ իրականություն է դարձրել Հայաստանում աննախադեպ ծրագիր՝ դասական համերգների առցանց հեռարձակում, ինչը հնարավորություն է տալիս ավելի ու ավելի մեծ լսարանների հասանելի դարձնել դասական երաժշտությունը ոչ միայն Հայաստանում, այլև՝ նրա սահմաններից դուրս։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերն օգնում են փոխանցել մեր մշակութային ավանդույթները հասարակության լայն զանգվածներին և նպաստում են երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակությանը:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես: