«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն իր ծննդյան առիթով տարածած հայտարարության մեջ մի քանի ուշագրավ շեշտադրումներով, ըստ էության, բացահայտել է վանաձորյան առեղծվածը:
Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ավագանու ընտրություններից հետո, երբ հստակ ձեւավորվեց ավագանու կազմը, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը նրանց քվեարկության արդյունքում հոկտեմբերի 10-ին ընտրվեց Վանաձորի քաղաքապետ:
Նկատենք, որ քվեարկողների մեջ կային այնպիսիք, ովքեր ընդդիմադիր կոալիցիա էին կազմել և խոստացել, որ պետք է իրենց ձայնը տան ընդդիմադիր թեկնածու Քրիստ Մարուքյանին` ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբորը:
Սակայն քվեարկության ավարտը զարմանալիորեն այլ արդյունքներ գրանցեց: Պարզվեց, որ ըննդիմադիր ուժին սատարողների մեջ կային 4 դավաճաններ, ովքեր քվեարկեցին իշխանական թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտնին: Եւ այժմ Արթուր Բաղդասարյանի արած այս բացահայտումը, ըստ էության, ցույց է տալիս, որ այդ 4 դավաճանները կարող են լինել ՕԵԿ-ականներ:
«Այժմ Վանաձորի ավագանու չարչրկված նիստի մասին: «Հայկական վերածնունդը» հստակ պահել է իր պայմանավորվածություները հուշագրի ոգուն համապատասխան և քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: Չնայած դրան շանտաժով և քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամենրին՝ կեղծ լուրեր տարածելով, թե «Հայկական վերանծնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները: Եվ ըստ, որում սա արվում է համառ հետևողականությամբ: Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնել այն քաղաքական ուժը, որ կազմելով իշխանություն կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելոնվ մեր ստացած քվեներից: Հռետորական հարց է առաջանում՝ ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել և ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտակ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա և իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա` ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերևս արժե»,- անդրադառնալով վանաձորյան դեպքերին այս մասին նշել է Արթուր Բաղդասարյանը:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանում է, որ առաջիկայում «Հայկական վերածնունդ»-ը պատրաստվում է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ և իշխանական Մամիկոն Ասլանյանի հետ միասին կառավարել Վանաձորը:
Այս հանգամանքը լավ առիթ է եւս մեկ անգամ փաստելու, որ իրեն ընդդիմադիր հռչակած Արթուր Բաղդասարյանը շարունակում է ընդդիմություն խաղալ: