Չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը որևիցե նոր լարվածություն է առաջացնում. Վազգեն Մանուկյանը` Վարդան Ավետիսյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 7-ին «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն հանդես էր եկել հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով «մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը և համագործակցելով բանակի հրամանատարության հետ` այս օրերին ու հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման»:

«Մինչ մենք մեր ուշադրությունը բևեռել ենք նորանշանակ կառավարության գործունեության վրա, հակառակորդը մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի է բերում իր գրեթե ողջ բանակը և զուգահեռաբար գործարկելով տեղեկատվական պայքարի ողջ զինանոցը՝ հասկացնում է, որ փորձելու է հասնել ապրիլյան օրերին չիրականացած իր նպատակներին»,-ասել էր նա:

ArmLur.am-ը Վարդան Ավետիսյանի հայտարարության և, առհասարակ, սահմանին առկա իրավիճակի մասին զրուցեց ՀՀ Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի հետ:

-Պարո՛ն Մանուկյան ինչպե՞ս եք վերաբերվում պահեստազորի սպաների համահայկական միության նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության հասարակայնության պետ Վարդան Ավետիսյանի հայտարարությանը, ըստ որի կամավորական ուժերը պետք է համախմբվեն, որովհետեւ հակառակորդը լուրջ զորավարժություններ է անցկացնում:

-Ես լրիվ ինֆորմացիային չեմ տիրապետում, թե ինչ է տեղի ունենում այնտեղ: Ես չեմ կարծում, որ հիմա կարող են կտրուկ փոփոխություններ լինել, նամանավանդ, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են հիմա և դրա արդյունքներից շատ բան է կախված: Ես չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը հիմա, այս պահին որևիցե նոր լարվածություն է առաջացնում: Կարող է սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ մինչև Ամերիկայի նախագահական ընտրությունների վերջը, դժվար թե ինչ-որ բան փոխվի:

Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Վարդան Ավետիսյանի հայտարարությունը… 

-Այդ հարցերի համար գոյություն ունի Պաշտպանության նախարարություն, գոյություն ունի նախագահ, կառավարություն: Ես այդպիսի կարևոր հարցերում, որոնք կապված են պաշտպանության հետ, ինչքան էլ ես հարգեմ տարբեր ասոցիացիաների, միությունների սպաներին, անձերին ես չեմ կարող առաջնորդվել իրենց ասածներով: Այս բոլոր տեղեկությունները կուտակված և հավաքված են Պաշտպանության նախարարությունում: Բոլոր դեպքերում ես հրաժարվում եմ մեկնաբանել ուրիշի խոսքերը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս