Զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կատարվող «Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումներ», «Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում և հանրապետության հանրակրթական դպրոցների, ուսուցիչների վերապատրաստում», «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներ» ծրագրերի նկատմամբ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից 2016թ. իրականացված վերահսկողության ընթացիկ հաշվետվություններում նշված խախտումների հանգամանքները:
Ուսումնասիրությունների շրջանակներում գրություններ են ուղարկվել ՀՀ վերահսկիչ պալատ ու ՀՀ կրթության և գիտության նախարարություն, պահանջվել համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն:
Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազի գրությամբ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահից «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով պահանջվել է քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունները և ընթացիկ հաշվետվությունները այսուհետ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: