Դոնալդ Թրամփն արդեն հասցրել է զարմացնել. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ  է տարել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը: Քաղաքագետ Նարեկ Գալստյանի համար նրա հաղթանակն այնքան էլ անակնկալ չէր: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հատկապես վերջին վերլուծությունների արդյունքները վկայում էին այդպիսի արդյունք գրանցելու մասին:

«ԱՄՆ-ում ընդհանրապես այս վերջին նախագահական  ընտրությունների արդյունքները բավական հետաքրքիր էին և շուրջ մեկ տարի հետևում էինք, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում ամերիկյան ընտրական դաշտում: Ճիշտն ասած, այնքան էլ անակնկալի եկած չեմ: Հավանական էր, որ այսպիսի արդյունք լինի», – նշեց նա:

Հարցին`  ինչ կարող է փոխվել Հայաստանի համար, Գալստյանը ընդգծեց. «Ես չեմ կարծում, որ ինչ-որ էական փոփոխություն կարող է լինել: Թրամփն իր խառնվածքով և մոտեցումներով արդեն հասցրել է զարմացնել: Միայն ժամանակը ցույց կտա, թե նա ինչպիսին կլինի: Մենք գիտենք, որ վերջին շրջանում ամերիկյան արտաքին քաղաքականությունն երբևէ արմատական փոփոխությունների չի ենթարկվել` կախված նախագահների փոփոխությունից»:

Քաղաքագետն այս առումով հիշեցրեց նաև Օբամայի խոստումներն ընտրվելուց առաջ: «Օբաման, օրինակ, մինչ ընտրվելն ակտիվ պաշտպանում էր հայկական դատը, Ցեղասպանության ճանաչումը, բայց ընտրվելուց հետո անգամ բառը չարտասանեց», եզրափակեց նա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս