Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 9-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:

Ողջունելով դեսպանին` նախարարը նշեց, որ բարձր է գնահատում Գերմանիայի հետ համագործակցությունը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում` ակնկալելով նոր գործակցության ծրագրեր:

Դեսպանը, շնորհավորելով նշանակման կապակցությամբ, կարևորեց նախարարի հետ հանդիպումը ՀՀ կառավարության նոր ծրագրի առանձին կետերի շուրջ քննարկումների համատեքստում:

Հաշվի առնելով, որ այդ ծրագրում մեծ կարևորություն է տրվում ՏՏ ոլորտին, Բերնհարդ Մաթիաս Քիեսլերը հայտնեց, որ Գերմանիա – Հայաստան համագործակցության մեծ հեռանկար է տեսնում այս բնագավառում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ՏՏ ոլորտում համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու հեռանկարները, «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման աշխատանքներին գերմանական կողմի աջակցության հնարավորությունները:

Վահան Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ Հայաստանի տրանսպորտային նոր համակարգի մշակման գործընթացին կմասնակցեն նաև գերմանացի մասնագետները` նկատի ունենալով Գերմանիայի զարգացած ուղևորափոխադրման համակարգն ու առկա փորձը:

Հանդիպման ավարտին դեսպանն ընդգծեց, որ բոլոր քննարկված ծրագրերի շուրջ առաջարկությունները կներկայացնի գերմանական կողմին և հույս հայտնեց, որ այս հանդիպումը հիմք կդառնա հետագա առավել արգասաբեր համագործակցության համար:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս