Հայ դպրոցականը նամակագրության միջազգային շարադրությունների մրցույթում արժանացել է հատուկ հավաստագրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) կողմից անցկացվող նամակագրության միջազգային շարադրությունների մրցույթում, որին մասնակցել են ՀՓՄ անդամ 192 երկրների 9-15 տարեկան աշակերտներ, Հայաստանի «Հայ կրթություն» կրթահամալիրի 9-րդ դասարանի աշակերտ Զավեն Անտոնյանն արժանացել է հատուկ հավաստագրի։

Շնորհավորելով Զավենին հեղինակավոր մրցույթում նման մրցանակի արժանանալու առթիվ` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարիներին Հայաստանից մրցույթի մասնակցած շարադրությունները կարժանանան գլխավոր՝ առաջին մրցանակի։

«Մենք ունենք տաղանդավոր սերունդ, մեծ ցանկություն և ներուժ դրան հասնելու համար»,- ընդգծեց Գ. Թադևոսյանը։

«Հայփոստ» ընկերության կենտրոնական գրասենյակում նոյեմբերի 10-ին «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը Զավեն Անտոնյանին հանձնեց միջազգային ժյուրիի կողմից ուղարկված հավաստագիրն ու նվերները։

Իսկ Գ. Թադևոսյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կողմից Զավենին նվիրեց «Աշխարհի հրաշալիքները» գիրքը։

Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) կողմից այս տարի անցկացված շարադրությունների մրցույթը, որի թեման էր «Գրի´ր նամակ ինքդ քեզ 45 տարեկան հասակում», նվիրված էր Նամակագրության միջազգային մրցույթի 45- ամյակին:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս