Վալերի Պերմյակովի կողմից ՀՀ սահմանն հատելու գործով դատական նիստը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի կողմից ՀՀ սահմանի հատման փորձի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:

Պաշտպանը հայտնեց, որ այսօրվա դատական նիստին Պերմյակովը չէր ներկայացել, իսկ ինքը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի ապահովվի Պերմյակովի ներկայությունը դատական նիստին. «Նիստի հետաձգման պատճառ էր նաև այն, որ դատարանը դեռևս պետք է պարզի արդյոք Վալերի Պերմյակովը համաձա՞յն է, որ իր պաշտպանը զբաղվի իր շահերի ներկայացմամբ նաև Վերաքննիչ դատարանում: Տեսականորեն հնարավոր է, որ հրաժարվի, քանի որ պաշտպանի բողոքը ետ է վերցրել»:

Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովը ՀՀ ՔՕ-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի համար ազատազրկվել է 2 տարի ժամկետով, վերաքննիչ բողոքը ներկայացվել է այդ մասով:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամին սպանելու համար ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Լիլիթ Շաբոյան

 




Լրահոս